Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ որոշ մարդկանց մուրազը փորը մնաց

Նոյեմբեր 17,2007 00:00

Համաշխարհային բանկից 40 մլն դոլար ստանալու՝ ՀՀ իշխանավորների երազանքը գրվեց սառույցին:

Այս տարվա հունվարի 1-ից սկսած՝ ոստիկանական համակարգում մեծ փոփոխություններ եղան: Այդ փոփոխությունները սկսվեցին, մասնավորապես, պետավտոտեսչության անցակետերի փակումից: Ոստիկանությունը նախատեսում էր համակարգի այս բոլոր «բարեփոխումներն» իրականացնել մինչեւ 2007-ի ավարտը, բայց արդեն տարեվերջն է, եւ, կարելի է ասել, ըստ էության, ոչինչ չի փոխվել. պարզապես ավելացել է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտողների թիվը: Քաղաքի հենց կենտրոնում բազմաթիվ վարորդներ երթեւեկում են առանց պետհամարանիշների, կարմիր լույսի տակ չեն կանգնում, սահմանված արագությունը չեն պահպանում եւ, ընդհանրապես, երթեւեկում են՝ ինչպես ուզում են: Հաշվի առնելով նաեւ մայրաքաղաքում տեղի ունեցող շինարարական աշխատանքները՝ ընդհանուր առմամբ երթեւեկությունն առանց պետավտոտեսուչների այս օրերին վերածվել է մի իսկական քաոսի: Այդ քաոսը որքան հնարավոր է շուտ կվերջանար, եթե ոստիկանական համակարգի «բարեփոխումներ» կոչվածի համար մեր բյուջեում համապատասխան չափով փող լիներ: Իրականում այդ փողը չկա, որովհետեւ իշխանություններն այն ճարելու հետ կապված այլ պլաններ ունեին:

Բանն այն է, որ դեռեւս անցյալ տարվանից, երբ պետավտոտեսուչները դեռ չէին դարձել ճանապարհային ոստիկաններ, ոստիկանության մի շարք պաշտոնյաներ տարբեր թերթերին տված հարցազրույցներում հայտարարում էին, թե «Համաշխարհային բանկն արդեն տվել է իր սկզբունքային համաձայնությունը, շուրջ 40 մլն դոլարի ֆինանսավորում տրամադրելու պետավտոտեսչության ոլորտի բարեփոխումներին»: Ընդամենը մի քանի օր առաջ էլ, երբ պետք է արդեն փողոցներում բոլոր խոստացված տեսախցիկներն ու սարքավորումները տեղադրված լինեին, լուրեր տարածվեցին, թե բանկը հանկարծակի մերժել է ոստիկանությանը, ծախսերը հիմնավորված չի համարել, նախագիծն էլ՝ աննպատակահարմար, ուստի որոշել է 40 միլիոնը չտալ: Այս ամենի առնչությամբ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Իշխան Իշխանյանը լրագրողներին ասել էր, որ բանկի մերժման պատճառով ոստիկանությունը զրկվել է բարեփոխումների անցկացման համար անհրաժեշտ միջոցներից եւ ստիպված է դա անել իր հաշվին: Մինչդեռ իրականում Համաշխարհային բանկը պնդում է, որ ոչ ոք երբեւէ պետավտոտեսչության համար գումար տալ չի խոստացել, առավել եւս՝ նման մեծ գումար՝ 40 մլն դոլար: Դա ընդամենը որոշ պաշտոնյաների բարի ցանկությունն է եղել, որը, ցավոք, ի կատար չի ածվել: Երեկ Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի մամուլի քարտուղար Վիգեն Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ ոստիկանության եւ իրենց բանկի միջեւ 40 մլն-ը տալ-չտալու հետ կապված նույնիսկ բանակցություն չի ընթացել: Տարեսկզբին ոստիկանական համակարգից մարդիկ են գնացել՝ պարեկային ուղղաթիռներ, մեքենաներ գնելու եւ մնացած տեխնիկայի համար գումար են խնդրել, բայց քանի որ ոստիկանները նույնիսկ նորմալ մշակված ծրագիր չեն ունեցել՝ բանկն այդ հարցը չի էլ քննարկել: Վ. Սարգսյանի խոսքերով՝ «Մենք ՀՀ կառավարության հետ ներկայումս միայն երթեւեկության կարգավորման ծրագրի շուրջ ենք բանակցություններ վարում, որը նախապատրաստական փուլում է: Խոսքը մոտ 10 մլն դոլարի մասին է, իսկ պետավտոտեսչությանը գումար տրամադրելու ոչ մի պլան չունենք»:

Նկատենք, որ այս ամբողջ պատմության մեջ մի հարց, այնուամենայնիվ, մութ է մնում. ինչո՞ւ կառավարությունը որոշեց հենց այս տարվա հունվարի 1-ից ոստիկանությունում բարեփոխումներ անել, մանավանդ որ, դրա համար փող չուներ: Այդ հապշտապ որոշումը կապվում է առաջիկա ընտրությունների հետ: Իշխանություններն իսկապես մեծ հույսեր ունեին ՀԲ-ից ստանալ այդ 40 մլն դոլարը եւ այն, մեծ մասամբ, ծառայեցնել հենց քարոզարշավը կազմակերպելու համար: Հայտնի է, որ ընտրություններին մեծ գումարներ են պետք, ուստի պետավտոտեսուչների կոռուպցիայի դեմ պայքարելը պարզապես հարմար առիթ էր՝ այլընտրանքային աղբյուրից փող պոկելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել