Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ԲԱՑՎԵՑ

Նոյեմբեր 17,2007 00:00

\"\"Թամանյանի եւ Երեւանի քաղաքապետերի երազանքն այլեւս իրականություն է \"\"

Հնաբնակ երեւանցի Կառլեն Բաբայանին հաճելի է տեսնել, թե օր օրի ինչպես է շենանում եւ գեղեցկանում Երեւանը: Նա հույս ունի, որ այս զարգացումները կհասնեն նաեւ ծայրամասեր ու երեւանցիներն ու հյուրերը կհիանան ոչ միայն Երեւանի կենտրոնով: Երեւանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանն էլ ասում է, որ Հյուսիսային պողոտան կառուցելը եղել է Երեւանի նախկին քաղաքապետերի, այդ թվում եւ՝ իր երազանքը. «Այսօր մեծ տոն է, որովհետեւ իրականացավ Ալեքսանդր Թամանյանի երազանքը: Երվանդ Զախարյանի քրտնաջան աշխատանքը զուր չի անցել»: Երեկ Երեւանում այսպիսի գնահատականներով բացվեց վերջին տարիների ամենամեծ շինարարական նախագիծը՝ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնը Հանրապետության հրապարակին կապող Հյուսիսային պողոտան: Բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Երեւանի մի շարք համայնքապետեր, ՀՀ կառավարության բազմաթիվ անդամներ, հյուրեր, Հյուսիսային պողոտայում ներդրումներ արած գործարարներ: Ըստ նախագահ Ռոբերտ Քոչարյանի էլ, այսօրվա ամենաերջանիկ մարդը հենց Երվանդ Զախարյանն է: Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ Երեւանն այժմ ունի երկու այցեքարտ՝ Հանրապետության հրապարակը եւ Հյուսիսային պողոտան:

Օրվա հիմնական բանախոսի՝ քաղաքապետ Երվանդ Զախարյանի ելույթը ոչ միայն շնորհավորական էր, այլ նաեւ հաշվետվություն: «Այսօր շահագործման ենք հանձնում անկախության շրջանում իրականացրած մեր մայրաքաղաքի քաղաքաշինական ամենանշանակալից ծավալուն նախագծերից մեկը՝ Հյուսիսային պողոտան: 1999 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից կայացվեց կարեւոր եւ համարձակ մի որոշում՝ կյանքի կոչել Հյուսիսային պողոտայի նախագիծը: Ստեղծված աշխատանքային խմբի հետեւողական, նպատակասլաց աշխատանքի արդյունքում երկար սպասված այս նախագիծն իրականություն դարձավ հինգ տարում: Պողոտան առաջինն է, որ կառուցապատվեց ամբողջությամբ քաղաքաշինական ժամանակակից չափանիշներով: Հյուսիսային պողոտայի շինարարությունը հնարավորություն տվեց ժամանակակից քաղաքակիրթ վիճակի բերել մայրաքաղաքի կենտրոնական այս կարեւոր հատվածը, որտեղ նախկինում հին, անկանոն, ինքնակամ կցակառույցներով պատված, բնակության համար ոչ պիտանի, խարխուլ, քաղաքաշինական եւ կենցաղային որեւէ չափանիշի չհամապատասխանող հյուղակներ էին: Հյուսիսային պողոտայի կառուցումը պետական նպատակային եւ հետեւողական քաղաքականության արդյունք է»,- հայտարարեց Երվանդ Զախարյանը, հավելելով, որ ծրագրի ողջ ընթացքում զգացվել է հանրապետության նախագահի խստապահանջ վերաբերմունքը, իսկ կառավարության կողմից միշտ եղել են պետական լուրջ հատկացումներ: Երվանդ Զախարյանը հայտարարեց նաեւ, որ Հյուսիսային պողոտան կառուցելու ընթացքում ձեռք բերվեց անհրաժեշտ փորձառություն եւ՝ «իրացման գոտիներում այլեւս բացառվում է որեւէ մեկի բնակարանի իրացումն առանց այդ տարածքում նրան բնակմակերես առաջարկելու»:

Հինգ տարում կառուցված Հյուսիսային պողոտան 2000 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկանգառների, 320 հազար քմ մակերեսի (բնակելի, հասարակական, գործարար հատվածներ) ամբողջություն է՝ որ կյանքի է կոչվել ընդհանուր 101 միլիարդ դրամի ներդրումներով: Սա նկատի ունենալով, նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ այստեղ մշտական եւ կայուն աշխատանք է ունենալու ավելի քան 1000 մարդ. «Հնարավոր չէ կենտրոնում աշխատանք ունենալ ցածր աշխատավարձով»: «Այսօր Հյուսիսային պողոտան ամբողջությամբ բաց է հասարակության համար եւ խոստանում է դառնալ մեր քաղաքի ամենասիրված ու աշխույժ վայրերից մեկը: Ես համոզված եմ, որ երեւանցին հպարտությամբ է քայլելու Հյուսիսային պողտայով»,- ասում է Երեւանի քաղաքապետը՝ արձանագրելով, որ իրականացավ նաեւ Թամանյանի նվիրական մտահղացումներից մեկը: Նա վստահ է նաեւ, որ այս շքեղ պողոտան եւ նրան շրջապատող նորակառույցները արագորեն կապացուցեն ու կհաստատեն այն արժեքները, որ ներմուծվեցին մեր մայրաքաղաք՝ նոր, ամբողջական, ժամանակակից քաղաքային միջավայր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել