Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՆԱՑՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Նոյեմբեր 17,2007 00:00

Կարո՞ղ էր Տեր-Պետրոսյանը չվերադառնալ

«Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվի նախագահական ընտրություններում, ուրեմն ես քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում»,- ասել էր Հրանտ Խաչատրյանը հոկտեմբերի սկզբներին:

Խաչատրյանի տարակուսած ինքնախոստովանությունից մինչեւ Տեր-Պետրոսյանի առաջադրման հայտարարումը՝ անցավ ընդամենը երկու-երեք տասնօրյակ: Ժամանակային այդ ակնթարթում Հայաստանի էքսնախագահը ոչ միայն երկրի քաղաքական կյանքը վերարթնացրեց 2003-ին հաջորդած 5-ամյա շիրմաքարային անշարժությունից, այլեւ իր շուրջ կենտրոնացրեց իրադրությունն ու հնարավոր զարգացումները:

Տեր-Պետրոսյանը առաջադրվեց եւ նա կվերադառնա Բաղրամյան 26: Դա չգիտակցելու համար պետք է կամ, ինչպես Խաչատրյանն է ասել, քաղաքականություն չհասկանալ, կամ «Հայաստանում ռեւանշ չի լինի, ռեւանշ չի լինի, չի լինի» մանտրան կրկնել այնքան, որ հաջողվի 98-ին Կարեն Սերոբիչի տրիումֆային վերադարձի պատկերը մոռանալ:

Իսկ ովքեր մեդիտացիայի կարիք չունեն, փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը վերադառնում եւ կարո՞ղ էր արդյոք չվերադառնալ:

Մեր թվարկությունից առաջ, մեր թվարկությունից հետո

Սեպտեմբերի վերջերին էր, Տեր-Պետրոսյանի համակիրներից մեկի հետ էի զրուցում, ասացի, որ չեմ պատկերացնում, թե էքսնախագահը վերադառնար ներքին իրավիճակի պատճառով՝ ասենք, կոռուպցիա, դատական համակարգ… Ընդհատեց. «Ի՞նչ է, կոռուպցիան խնդիր չի՞…»: «Այո,- պատասխանեցի,- խնդիր է, բայց Տեր-Պետրոսյանի ժամանակ կոռուպցիա չի՞ եղել»: «Եղել է, սակայն դա չի եղել համակարգ, չի գործել այդպիսի մեխանիզմ, որ կաշառքը իշխանական բուրգի աստիճաններով հասցվեր վեր, ինչպես հիմա»:

Չեմ կարծում, շարքային քաղաքացու համար նշանակություն ունի, թե իրենից վերցված կաշառքը ուր է հասցվում՝ էականը, որ չվերցվի: Մյուս կողմից էլ, չի կարելի չընդունել, որ մասշտաբների ագրեսիվ աճը նոր որակ է ստեղծել… Բայց միեւնույն է, շուրջբոլորը հնչող անպտուղ խոսակցությունները՝ ինչ էր մեր թվարկությունից առաջ եւ ինչ է դրանից հետո, չեն բացատրում Տեր-Պետրոսյանի վերադարձը: Նրանք, ովքեր Տեր-Պետրոսյանի վերադարձը չեն հասկանում, սայթաքում են հենց այստեղ:

Տեր-Պետրոսյանը չի կարող վերադարձած լինել ներքաղաքական խնդիրների պատճառով, թեկուզ որովհետեւ այդ դեպքում ո՞րն է բացատրությունը. ինչո՞ւ նա չվերադարձավ 2003-ին: Այդ ո՞ր անհանդուրժելի երեւույթն է, որ 2003-ին առկա չէր կամ արդեն այսօրվա հետ համեմատելի չափերի չէր հասել: Մարդասպանություննե՞րը չէին կատարվել (հանրապետության դատախազից մինչեւ «Հոկտեմբերի 27» ու «Առագաստ» սրճարան), ընտրություննե՞ր չէին կեղծվել, Ղարաբաղյան կարգավորո՞ւմը հետընթաց չէր ապրել, իշխանական համակարգում տառաճանաչնե՞ր չէին լցվել, կոռուպցիա՞ն ներկա մակարդակին չէր հասել, հեռուստաընկերություննե՞ր չէին փակվել, խեղկատակային դատավարություննե՞րը չէին ընթացել…

Այդուհանդերձ Տեր-Պետրոսյանը 2003-ին չվերադարձավ: Եվ դա չի կարող չունենալ բացատրություն: Կարծում եմ, բացատրությունն այն է, որ երբ խնդիրները, ճգնաժամերը վերաբերում են Հայաստանի ներքին կյանքին, ապա լույսն ու ստվերը այնքան ակնբախ են տարանջատված, որ բավական է ասպարեզ իջնի գործիչ, ում կենսագրությունն ու բարոյական կերպարը վստահություն ներշնչեն հանրությանը, եւ նա կամք արտահայտի իրադրությունը փոխելու, որպեսզի թե քվեներ ստանա եւ թե նույնիսկ ֆուրոր անի: Ի հաստատումն ասվածի, բավական է միայն 2003-ի Ստեփան Դեմիրճյանի երեւույթը՝ եւ տոնակատարությունների վերածված նրա ընտրարշավը, ու ընտրություններին հետեւած հարյուր հազարանոց հանրահավաքները, եւ հատկապես Քոչարյանի պաշտոնամուտը՝ զրահատեխնիկայի, ոստիկանների ու փշալարերի ետեւում: (Ի դեպ, 1996-ի Վազգեն Մանուկյանի հաջողությունն էլ թվում է նույն բացատրությունն ուներ):

Հետեւաբար՝ հազիվ թե ներքին իրավիճակը Տեր-Պետրոսյանի վերադարձի հարցում որոշիչ դեր կատարեր: Այլ հարց, որ 98-ի զարգացումներին անտեղյակ կամ մոռացած մարդու համար Տեր-Պետրոսյանի՝ «Արմենիա-Մարիոթում» սեպտեմբերի 21-ին ասված խոսքը, այնուհետեւ ելույթը հոկտեմբերի 26-ի հանրահավաքում կարող են նման տպավորություն ստեղծել: Մինչդեռ, եթե հետահայաց վերականգնենք 98-ի հեղաշրջման անցքերը, ակներեւ է, որ սեպտեմբերի 21-ի էքսնախագահի խոսքը առաջին մղումով, իսկ հոկտեմբերի 26-ին արդեն գիտական խորությամբ արված արդյունքների ամփոփումն էր՝ Քոչարյանի հետ ունեցած հայեցակարգային վեճի:

Քոչարյանը 98-ին հեղաշրջում էր կազմակերպել խորին համոզմամբ, թե առանց Ղարաբաղի հարցը լուծելու եւ Հայաստանը շրջափակումից հանելու՝ ինքը Հայաստան է զարգացնելու (հետո էլ, թերեւս, այդ հզորացած Հայաստանի դիրքերից՝ Ղարաբաղի հարց լուծելու): Զարգացնելու է տնտեսապես, քաղաքական կառույցներով, իրավական դաշտում, կադրային առումով, պետական ինստիտուցիոնալ համակարգով, տարածաշրջանային հեղինակությամբ, չգիտես էլ ինչ… Միով բանիվ, այդ հախուռն զարգացման ճանապարհին միակ խոչընդոտ կարող էր լինել Քոչարյանի լեզվական տկարությունը, ասենք, ոլորտի անունը չիմանար կամ բառապաշարը չբավարարեր խնդիր ձեւակերպելու: Եթե ոլորտը այս երկու փորձությունն անցնում էր, այլեւս զարգացման մայրուղու վրա էր:

Կոնֆուցիոսն ասում է. «Խոսքն արժե ասել նրան, ով մի անկյուն մատնացույց անելիս մյուս երեքը կռահում է»: Այդուհանդերձ բազմաթիվ մարդիկ հավատացնում են, որ էքսնախագահը մի քանի անգամ Քոչարյանին բացատրել է, որ մինչեւ Հայաստանի սահմանները չբացվեն եւ Հայաստանը չունենա երաշխավորված ու անխաթար հաղորդակցություն աշխարհի հետ, երկիրը զարգանալ չի կարող: Լավագույն դեպքում կլինի զարգացման իմիտացիա, որովհետեւ աշխարհից մեկուսացած երկրում ոչ ներդրումներ է հնարավոր ներգրավել, ոչ արտադրանք արտահանել, ոչ կաշառակերություն արմատախիլ անել, ոչ ուղեղների արտահոսք կանխել, ոչ մշակույթ գռեհկացումից փրկել, ոչ քաղաքական դաշտի ռեգրես կանխել եւ այլն, եւ այլն…

Սակայն ու՞մ ես ասում… Քոչարյանը հեղաշրջումը իրականացրեց, 98-ից ի վեր դիակներ շաղ տալով ու ընտրություններ կեղծելով տեղապահեց մինչեւ այսօր, եւ բնականաբար սեպտեմբերի 21-ին էքսնախագահից լսեց, որ 10-ամյա իր տեղապահության շրջանը եղել է դատարկաբանություն: Եկե՞լ էր Քոչարյանը երկու խնդիր լուծելու, լուծե՞լ է որեւէ մեկը: Ոչ, եւ դա էլ ասվեց սեպտեմբերի 21-ին:

Իսկ քոչարյանական ռեժիմի, կարելի է ասել արդեն գիտական վերլուծությունը՝ եւ խորության, եւ փաստարկվածության, եւ ամբողջականության առումով, հնչեց հոկտեմբերի 26-ին: Միանգամայն հատկանշական է, որ մինչ այսօր այդ ելույթին ոչ համարժեք, ոչ համեմատելի, ոչ նույնիսկ բաղդատության եզր ունեցող պատասխան չի տրվել: Կամ փաստարկների բացակայության խնդիր է, կամ մտավոր ունակությունների:

ԼՂՀ-ի շուրջ սպեկուլյացիաները

ԼՂՀ-ի հարցի կարգավորումը դարձավ Տեր-Պետրոսյանի վերադարձի առնչությամբ քննարկվող երկրորդ թեման՝ երկրի ներքին իրադրությունից հետո: Սակայն Տեր-Պետրոսյանի վերադարձի բացատրությունը այստեղ փնտրելը նույնպես սայթաքում է: Ինչո՞ւ:

Կա մի անեկդոտ, որ շատ եմ սիրում, առաջինը, որովհետեւ դա ներկա Հայաստանում իրենց քաղաքական գործիչ կոչողների 99 %-ի ինտելեկտի բնութագիրն է: Հանրապետության դատախազը թող ների, անեկդոտի հերոսը իր հայրենակիցն է, որ նստած բարձրաձայն մտորում է. «Այ մարդ, էդ ռակետ, սամալյոտ, բան, էդ սաղ գիտենք, հասկացանք, ես մենակ չեմ կարա հասկանամ էս մակարոնը ոնց ըտենց կսարքեն, որ մեջը դատարկ լինի…»:

Բայց անեկդոտը մեջբերեցի մեկ այլ զուգահեռի համար: Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի խնդրին նույնիսկ 97-ին մոտեցել է այնպես, ինչպես միջազգային զարգացման միտումներ պատկերացնողը կմոտենար, իսկ նրա ընդդիմախոսները անգամ 2007-ին, երբ ինքնաթիռների հռնդյունը արդեն գլխավերեւում է, դեռ մակարոնի գլուխկոտրուկ են լուծում:

Մինչդեռ, եթե մեր մակարոնասերները գիտակցեին, որ 2003-2007-ին եվրոպական մայրցամաքում իրադարձությունները զարգացել են գրեթե նույն վերերկրային արագությամբ եւ դարակազմիկ հետեւանքներով, ինչ 1989-ի Բեռլինի պատի փլուզումից մինչեւ 1992-ի Գերմանիաների միացում, արդեն կուրություն թոթափած կլինեին: Եթե նաեւ նկատի առնեին, որ Հայաստանը Լուսնի վրա չէ, Սողոմոնյան կղզիներում էլ չէ, այլ եվրոպական զարգացումների թատերաբեմերից մեկը դարձած, չասելու համար առաջնաբեմ դարձած Հարավային Կովկասում (դեռ մի կողմ թողած իրադարձությունները Հայաստանից հարավ), արդեն իրականության զգացողություն ձեռք կբերեին:

Իսկ եթե մի քանիսն էլ իրենց նեղություն պատճառեին եւ մի փոքր էլ խորանային այն խնդրում, թե ինչ ասել է «հայկական հարց» միջազգային դիվանագիտության համար (դա հայկական միջավայրում շրջանառվող պահանջատիրության հասկացությունը չէ), արդեն գոնե ինտուիտիվ կկռահեին, թե ինչ մարտահրավեր է Հայաստանի առջեւ կանգնել միջազգային քաղաքական հարթությունում, որի համեմատությամբ իրենց համակ զբաղեցնող Ղարաբաղի հարցը, թող ներվի ասել, լոկալ խժդժություն է:

Մինչդեռ մեր մակարոնասերները ի՜նչ միջազգային քաղաքականություն, ի՜նչ միջազգային քաղաքականության օրակարգում հայտնվել, իրենք «էդ սամալյոտ, ռակետ, բան, սաղ գիտեն…», հրճված են նրանից, որ Տեր-Պետրոսյանն ասել է, թե ինքը չի պատկերացնում ղարաբաղյան հարցում այժմ ինչ է հնարավոր անել: Կարճամիտները Տեր-Պետրոսյանի համեստությունից են թյուրիմացության մեջ ընկել… դեռ չեն գիտակցում, որ այդտեղ այլեւս ոչ ոք ոչինչ չի կարող անել: Ցանկացած հարց ժամանակի մեջ լուծվում է: Ամբողջ խնդիրն այն է, որ կամ հասցնես լուծես ինքդ, կամ գոնե լուծվի քո մասնակցությամբ, այլապես ժամանակը եւ այլք դա կլուծեն քո փոխարեն: 1994-ին Հայաստանն ու Ադրբեջանը եթե կարգավորեին ղարաբաղյան հարցը, կարգավորելու էին ինքնուրույն, 1997-ին հարցը կարող էր կարգավորվել Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցությամբ, իսկ այսօր արդեն այդ հարցը լուծում են ժամանակն ու գլոբալ գործընթացները՝ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարեն:

Թե որ պետության կազմում կլինի ԼՂՀ-ն, կամ անգամ անկախ կլինի, արդեն երկրորդական է, որովհետեւ աներկբա է՝ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ իրենք են նույն վերպետական կառույցի կազմում լինելու: Եթե Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ ընդգրկված են Եվրամիության Նոր Հարեւանության Քաղաքականության ծրագրում եւ գնում են դեպի եվրոինտեգրում, գործընթացի անշրջելիությունն էլ ապահովում է ամերիկյան օրըստօրե ընդլայնվող ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, ապա ղարաբաղյան հարցում ըստ էության ի՞նչն է մնում չլուծված: Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանը դառնալու է ԵՄ ներքին սահման՝ անձանց, իրերի, ծառայությունների ազատ տեղաշարժով եւ կարգավիճակից բխող մյուս ստանդարտ կարգավորումներով՝ ապա ինչի՞ շուրջ է վեճը:

Թերեւս ներկա դրությամբ ԼՂՀ-ի շուրջ շատ ավելի հասարակությունների անիրազեկություն եւ տարածաշրջանային օգտագործման քաղաքական սպեկուլյացիաներ են առկա, քան ապագայի վրա անդրադարձող վեճ: Եվ ամեն դեպքում, միջազգային քաղաքականության հարթությունից՝ ղարաբաղյան հարցի ցանկացած լուծում «գումարելիների տեղափոխությունից գումարը չփոխվելու» բանաձեւի մեջ է: Հետեւաբար, դժվար թե Տեր-Պետրոսյանը վերադառնար ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ՝ արդեն ուղեգծված կուրսով մասնակցության համար: Պարզապես այն անձը չէ, ում ինքնասիրությունը շոյվի PR էֆեկտներից:

Տեր-Պետրոսյանը կվերադառնար, թերեւս, եթե նոր մարտահրավեր ծագեր երկրի առջեւ՝ ինչ-որ ճակատագրական հետեւանքներ կրող: Իսկ Հայաստանի կարգի փոքր պետությունների համար ճակատագրական հետեւանքներ ունենում են միայն աշխարհաքաղաքական տեղաշարժերը: Մնացյալ ժամանակ այսպիսի երկրները հաստատված սահմանների ու դասավորության մեջ ապրում են ներքին խնդիրներով: Ընդսմին, մեզ առնչվող աշխարհաքաղաքական տեղաշարժերը արդեն մի քանի դար անփոփոխ մասնակիցներ, տեղավայր ու ռեպերտուար ունեն՝ դիմակայություն եվրոպական մայրցամաքում՝ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ:

Ռուսաստանը Եվրոպա չէ

Նրանց համար, ովքեր Եվրոպան ճանաչում են ռուսերենով միջնորդավորված եւ կարծում են, թե Ռուսաստանը մաս է կազմում եվրոպական քաղաքակրթությանը, մարկիզ Աստոլֆ դե Կուստյինից արժե մեջբերում կատարել: Մարկիզի՝ 1839-ին Ռուսաստան կատարած ճանապարհորդության արդյունքում գրված նոթագրությունը այդ երկիրը ճանաչելու եվրոպական մանիֆեստն է: Մարկիզ դե Կուստյինը ասում է. “I don\’t reproach the Russians for being what they are; what I blame them for is their desire to appear to be what we [Europeans] are… They are much less interested in being civilized then in making us believe them so… Russia\’s aristocracy had “just enough of the gloss of European civilization to be \’spoiled as savages,\’ but not enough to become cultivated men…” (Ես չեմ կշտամբում ռուսներին նրա համար, որ նրանք այնպիսին են, ինչպիսին կան. այն, ինչի համար ես մեղադրում եմ ռուսներին, դա նրանց ձգտումն է երեւալ այնպիսին, ինչպիսին մենք ենք (եվրոպացիներս)… Նրանց ավելի քիչ է հետաքրքրում քաղաքակիրթ լինելը, քան մեզ համոզելը, թե այդպիսին են… Ռուսական ազնվականությունը եվրոպական քաղաքակրթության փայլը վերցրել է միայն այնքան, որ «դադարի բարբարոս լինելուց», բայց ոչ բավարար, որ վերածվի քաղաքակիրթ մարդու…):

Ռուս-եվրոպական դիմակայությունը Պյոտր Մեծի բացած պատուհանի ժամանակներից առ այսօր եղել է եւ մնում է էության մեջ քաղաքակրթության ու բարբարոսության բախում:

(Շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել