Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Նոյեմբեր 17,2007 00:00

որեւէ հանցանք կատարած լինեին ու քրեական հետապնդումներից վախենալու բան ունենային, ապա ինչո՞ւ պիտի այդպես հեշտուհանգիստ հրաժարվեին պաշտոններից՝ հաստատապես գիտենալով, որ թշնամանքով ու քինախնդրությամբ լցված ներկա գավառամիտ իշխանությունները ոչ մի ջանք չեն խնայելու իրենց չգործած հանցանքները բացահայտելու համար:

Եվ իսկապես էլ ջանք չխնայեցին: Մի քանի տարի շարունակ ստուգումներ կատարեցին վերը նշված բոլոր պաշտոնյաների, այդ թվում՝ անձամբ իմ գործունեության ոլորտում: Դավիթ Վարդանյանին հատուկ նշանակեցին Նախագահի վերահսկողական ծառայության պետ, որպեսզի բացահայտի իմ «մաֆիոզ» կերպարը: Ստեղծեցին մի քանի խորհրդարանական հանձնաժողովներ՝ հետաքննելու համար իմ, Հրանտ Բագրատյանի եւ ուրիշների «չարաշահումները»: Ցանկացած գործով դատախազությունում ընթացող քննությունների ժամանակ փորձեցին տարբեր մարդկանցից վկայություններ կորզել իմ, Բագրատյանի, Սիրադեղյանի եւ նույնիսկ հանգուցյալ եղբորս՝ 1985-ից «Հրազդանմեքենա» միավորման գլխավոր տնօրեն Թելման Տեր-Պետրոսյանի դեմ: Ոչինչ չստացվեց՝ հարյուր դոլարի յուրացում անգամ չհայտնաբերվեց: Պատկերացրեք, եթե ունենային որեւէ կոնկրետ փաստ, մեզ բոլորիս ի՞նչ կանեին. ուղղակի կբզկտեին, կոչնչացնեին, հենց այս հարթակում կախաղան կհանեին:

Այս հարցում առանձին խոսակցության նյութ է Սերժ Սարգսյանի յուրահատուկ պարագան: Վերջինս 1993-1995 թվականներին զբաղեցրել է պաշտպանության, 1995-1996-ին՝ անվտանգության, իսկ 1996-1999-ին ներքին գործերի եւ անվտանգության նախարարի պաշտոնը: Առաջին հերթին հենց նրա պարտականությունն էր բացահայտել իշխանության մարմիններում առկա արատավոր երեւույթները, անհրաժեշտության դեպքում քրեական գործեր հարուցել եւ դրանք ներկայացնել դատախազությանն ու դատական մարմիններին կամ, առնվազն, նկատված օրինազանցությունների մասին ահազանգել նախագահին կամ վարչապետին, ինչը նրա կողմից չի արվել: Դա կարող է ունենալ հետեւյալ չորս բացատրություններից մեկը. ա) կա՛մ նա մասնակից է եղել կատարված հանցագործություններին, բ) կա՛մ հանցավոր անփութությամբ թերացել է կատարել իր պարտականությունները, գ) կա՛մ պրոֆեսիոնալ պատրաստվածությամբ չի համապատասխանել զբաղեցրած պաշտոնին, դ) կա՛մ էլ՝ նախկին իշխանությունների գործողություններում հանցանք չգտնելով, քաջություն եւ ազնվություն չի ունեցել պաշտոնապես հերքելու իր գործընկերների հասցեին ուղղված մեղադրանքները: Համաձայնենք, որ նշված գնահատականներից յուրաքանչյուրն առանձին վերցրած կամ բոլորը միասին Հայաստանի Հանրապետության ապագա նախագահի բարոյական կերպարին անհարիր հատկանիշներ են: Ավելին, այսպիսի խաթարված բարոյական հատկանիշներ ունեցող անձնավորությունը, կարծում եմ, ընդհանրապես իրավունք չունի նախագահական ընտրություններում առաջադրելու իր թեկնածությունը:

Քոչարյանի ժառանգած ավերված երկիրը

Ձեզ չհոգնեցնելու համար կանդրադառնամ միայն մեզ ներկայացված եւս մեկ մեղադրանքի՝ դրանով ամփոփելով սույն ելույթում նմանատիպ հարցերի համար նախատեսված սեղմ շրջանակը: Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, թե իբր ինքը նախկին իշխանություններից ժառանգել է ավերված երկիր, որը տասը տարվա ընթացքում վերածել է ծաղկուն դրախտավայրի: Թեեւ կարող է տարօրինակ թվալ, սակայն ես չեմ պատրաստվում պատասխանել այս անհեթեթ մեղադրանքին, որովհետեւ դրան սպառիչ կերպով ժամանակին պատասխանել է ոչ այլ ոք, եթե ոչ ինքը՝ մեր հարգարժան նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այն էլ պատասխանել է ոչ թե սովորական հայտարարությամբ կամ հարցազրույցով, այլ կառավարության որոշմամբ եւ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով: Խոսքը վերաբերում է «ՀՀ կառավարության գործունեության ծրագրի մասին» օրենքին, որը 1999 թ. նոյեմբերի 30-ին իր ստորագրությամբ վավերացրել է Քոչարյանը: Այդ պատմական վավերագրում նախկին իշխանությունների օրոք Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակի մասին ասված է բառացիորեն հետեւյալը.

«Անկախություն ձեռք բերելուց հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ունի մի շարք կարեւոր ձեռքբերումներ՝

ա) բազմաթիվ փորձություններ անցած ֆինանսական կայունությունը, հետեւողականորեն իրականացվող կոշտ դրամավարկային քաղաքականությունը, վերահսկվող ու ցածր մակարդակ ունեցող սղաճը եւ բաց տնտեսության արտաքին տնտեսական քաղաքականությունը.

բ) ոչ պետական հատվածի ձեւավորումը՝ շնորհիվ զանգվածային մասնավորեցման, եւ դրա գերակշիռ դերը երկրի համախառն ներքին արդյունքի ձեւավորման գործում.

գ) տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը, դրա զարգացման համար նախադրյալների ստեղծումը.

դ) միջազգային, այդ թվում՝ ֆինանսական կառույցներին անդամակցությունը, այդ կազմակերպություններից արտոնյալ վարկեր ստանալու լայն հնարավորություններն ու այդ կազմակերպություններում Հայաստանի դրական համբավը.

ե) տարբեր պետություններից 1992 թվականից ի վեր ստացվող նշանակալի օգնությունը, որը նույնպես վկայում է Հայաստանին աշխարհում վստահելի գործընկեր ճանաչելու մասին.

զ) էներգետիկ ճգնաժամի հաղթահարումն ու Հայաստանն էներգոդեֆիցիտ երկրից էներգիայի պոտենցիալ արտահանող դարձնելը.

է) 1994 թվականից մինչեւ այժմ շարունակվող, իհարկե ոչ բավարար տնտեսական աճը.

ը) մարտունակ բանակի կայացումը, հաղթանակը Ղարաբաղում եւ 1994 թվականից պահպանվող զինադադարը.

թ) ժողովրդավարական պետության եւ շուկայական տնտեսության համար անհրաժեշտ հիմնական կառույցների առկայությունն ու կանոնակարգված աշխատանքը.

ժ) Սահմանադրության ընդունումը եւ դրանում ամրագրված համակարգերի աստիճանական ձեւավորումը.

ժա) խոսքի եւ մամուլի ազատությունը.

ժբ) այլակարծության վրա խարսխված բազմակուսակցական քաղաքական համակարգը.

ժգ) բոլոր մակարդակների ընտրությունների ավելի ու ավելի ժողովրդավարական բնույթը, պետության կառավարման գործընթացներում բնակչության պատասխանատու մասնակից դարձնելը.

ժդ) Հայաստանը ներգրավված է եւ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում միջազգային, եւրոպական, ԱՊՀ եւ տարածաշրջանային կառույցներին: Էական դրական տեղաշարժեր են արձանագրված երկկողմ եւ բազմակողմ միջպետական հարաբերությունների ոլորտում, որի արդյունքում ձեւավորվել են Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, եւրոպական, Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների, ինչպես նաեւ բազմաթիվ այլ պետությունների հետ բարեկամական փոխշահավետ հարաբերություններ: Հայաստանը կարեւորել է տարածաշրջանային համագործակցության զուգակցումը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներին: Մենք հետեւողական ենք մեր հարեւանների հետ խաղաղ, տնտեսական փոխշահավետ միջպետական կապերի ձեւավորման գործում»:

Ինչպես տեսնում ենք՝ ոչ մի խոսք ավերված երկրի կամ նախկին իշխանությունների օրոք դրսեւորված որեւէ արատավոր երեւույթի մասին: Հետո ասում են, թե ներկա իշխանությունները չեն տվել նախկինների քաղաքական գնահատականը: Սրանից ավելի լավ քաղաքական գնահատական չէր կարող երազել ոչ մի նախկին իշխանություն: Քոչարյանին մնում է մեկ բան՝ անիծել շումերներին, փյունիկեցիներին ու Մեսրոպ Մաշտոցին, որ գիր են ստեղծել եւ իրեն դրել այսպիսի անհարմար վիճակի մեջ: Գիրն, ի դժբախտություն Քոչարյանի, արձան է՝ հավերժական ու անջնջելի: Պատահական չէ, որ միջնադարյան հայ գրիչների ամենասիրած պատգամը հետեւյալն էր.

Ձեռս գնայ, դառնայ ի հող,

Գիրս մնայ յիշատակող:

Իսկ այժմ՝ մի քանի խոսք այսօրվա խնդիրների մասին:

Նախագահական ընտրությունների գործընթացի մասին

Թեեւ ոչ ֆորմալ առումով՝ նախագահական ընտրությունների գործընթացն արդեն սկսվել է: Սերժ Սարգսյանն իր քարոզարշավն, ըստ էության, սկսել է սույն թվականի մայիսի 12-ից, այսինքն՝ վերջին խորհրդարանական ընտրությունների օրվանից, իսկ ես՝ այս տարվա սեպտեմբերի 21-ից: Մյուս հավանական թեկնածուներն առայժմ բավարարվել են իրենց առաջադրվելու մասին արված ոչ պաշտոնական հայտարարություններով: Քանի որ, այսպիսով, ընտրական գործընթացն սկսված է, անհրաժեշտ եմ համարում ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի հրատապ հարցերի վրա:

1995 թվականից այսկողմ Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունները, մեղմ ասած, վիճելի եւ աղմկոտ են եղել: Բացի սուբյեկտիվ պահերից՝ իշխանությունների կամայականություններից, ընտրակեղծիքներից եւ այլն, դա ունի նաեւ մի օբյեկտիվ պատճառ, որը չհաղթահարելու դեպքում մեր երկրում երբեւէ անաղմուկ եւ վստահություն ներշնչող ընտրություններ չեն լինի: Խոսքը վերաբերում է ընտրական հանձնաժողովների ձեւավորման սկզբունքին: Թեեւ արտաքուստ թվում է, թե բազմակուսակցական հանձնաժողովները համապատասխանում են ժողովրդավարության պահանջներին, բայց իրականում դրանք չեն նպաստում ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը: Պարտված կուսակցությունները ներկայացնող հանձնաժողովի անդամները, սովորաբար, չեն ընդունում ընտրությունների արդյունքները եւ չեն ստորագրում ամփոփիչ արձանագրությունները: Չլինելով պետական պաշտոնյաներ, ընտրական հանձնաժողովների անդամները փաստորեն որեւէ պատասխանատվություն չեն կրում՝ ընտրությունների ընթացքում եւ ձայների հաշվառման փուլում թույլ տված օրինախախտումների համար:

Մինչդեռ աշխարհի համարյա բոլոր քաղաքակիրթ երկրներում ընտրություններն անցկացնում է պետությունը՝ իհարկե, ապահովելով դրանց լիակատար վերահսկողությունը թեկնածուների վստահված անձանց, կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների կողմից: Շատ երկրներում ընտրական գործառույթը սովորաբար դրվում է ներքին գործերի նախարարության վրա: Այսինքն՝ առկա է հստակ հասցեատեր, որին, ընտրախախտումների դեպքում, կարելի է պատասխանատվության կանչել: Թեկուզ աշխատանքը կորցնելու վախից՝ պետական պաշտոնյաները, որպես կանոն, ընտրական հանձնաժողովներում ավելի ազնիվ եւ բարեխիղճ են աշխատում, քան ընտրությունների արդյունքների հարցում բնական շահախնդրություն ունեցող կուսակցական ներկայացուցիչները (փաստ՝ 1990 թվականի խորհրդարանական ընտրությունները): Հետեւաբար, եթե նույնիսկ առաջիկա նախագահական ընտրություններն անցկացնի Հայկ Հարությունյանի գլխավորած համակարգը, ապա այդ ընտրություններն ավելի մաքուր եւ օրինական կլինեն, քան բազմակուսակցական հանձնաժողովների պարագայում:

Մեր իշխանության օրոք ես նման առաջարկ չէի կարող անել, որովհետեւ դա սվիններով կընդունվեր իմ ընդդիմախոսների կողմից: Հարցը ժամանակին քննարկվել է մեր կողմնակիցների շրջանակում, եւ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին Դավիթ Շահնազարյանը «Հանրապետություն» խմբակցության անունից այն հնչեցրել է Ազգային ժողովում: Ի դեպ, ՀՅԴ ղեկավարության հետ իմ ունեցած վերջին հանդիպման ընթացքում պարզվեց, որ Դաշնակցությունը նույնպես կիսում է այս տեսակետը: Այս ամենը նշելով հանդերձ, հասկանալի է, որ մինչեւ առաջիկա նախագահական ընտրությունները տվյալ փոփոխությունը հնարավոր չէ իրականացնել, ուստի առայժմ այն մնում է որպես տեսական հարցադրում, որին, իմ խորին համոզմամբ, վաղ թե ուշ անդրադառնալու են մեր օրենսդիրները:

Սակայն կան հարցեր, որոնք պահանջում են հրատապ լուծում: Թեեւ անցած խորհրդարանական ընտրությունները բարձր գնահատվեցին միջազգային հանրության կողմից, բայց դրանք, թերեւս, Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններն էին, քանի որ ընտրակեղծիքները քողարկված էին այնպիսի ճարտարությամբ, որ ոչ մի դիտորդ չէր կարող նկատել դրանք: Ընտրությունների ընթացքում իշխանությունների կողմից կիրառվել են, մասնավորապես, հետեւյալ երկու հնարքները.

Առաջին. տպագրվել է շուրջ կես միլիոն հավելյալ քվեաթերթիկ, որոնք բաժանվել են համայնքապետարանների աշխատակիցներին, հավատարիմ գործարարներին, թաղային հեղինակություններին եւ նույնիսկ քրեական տարրերին: Ընտրությունների օրը վերջիններս ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով քաղաքացիներին բերել են ընտրատեղամաս, ավտոբուսում բաժանել արդեն քվեարկած թերթիկները եւ ձեւական քվեարկությունից ու տեղամասում տրված դատարկ քվեաթերթիկները ստանալուց հետո միայն վճարել նրանց:

Երկրորդ. տասնյակ հազարավոր մարդկանց իշխանությունները տրամադրել են կեղծ անձնագրեր կամ համապատասխան կնիքներով վավերացված գրանցման տեղեկանքներ, որոնց շնորհիվ նրանք հնարավորություն են ստացել մի քանի անգամ քվեարկել տարբեր տեղամասերում:

Նշված հանճարեղ ընտրակեղծիքները, որոնք արժանի են տեղ գրավելու արդի քաղաքագիտության դասագրքերում, ինչպես ասացի, չէին կարող նկատվել դիտորդների կամ վստահված անձանց կողմից: Սակայն, որքան էլ հանճարեղ, գոյություն ունեն չափազանց պարզ մեխանիզմներ, որոնցով կարելի է իսպառ վերացնել այդ տիպի կեղծիքները: Ձեր թույլտվությամբ, այս հանրահավաքի անունից, ես պատրաստվում եմ պաշտոնապես դիմել միջազգային դիտորդական կազմակերպություններին՝ «Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակին» (ODIHR), «Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովին» (PACE), «Ազգային դեմոկրատական ինստիտուտին» (NDI), ինչպես նաեւ Եվրոխորհրդի գլխավոր քարտուղարին՝ հետեւյալ խնդրանքով կամ առաջարկով.

Հորդորել կամ պարտադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին՝ կարճ ժամկետներում մեր երկրի «Ընտրական օրենքում» կատարել երկու փոփոխություն.

ա) Առաջիկա նախագահական եւ ապագա բոլոր ընտրությունների քվեաթերթիկները, միջազգային կազմակերպությունների վերահսկողությամբ, տպագրել արտասահմանում՝ բացառելու համար հավելյալ քվեաթերթիկների տպագրման հնարավորությունը.

բ) Քվեարկության ընթացքում կիրառել շատ երկրներում ընդունված՝ ցուցամատի թանաքոտման կարգը, ինչը միակ միջոցն է միեւնույն ընտրողի կողմից կրկնակի կամ բազմակի քվեարկություն թույլ չտալու:

Բացի այդ, իմ կարծիքով, դիտորդական կազմակերպությունները պարտավոր են ընտրությունների որակն ու արդյունքները գնահատել ոչ թե քվեարկությանը նախորդող մեկ շաբաթվա եւ քվեարկության օրվա դիտարկման հիման վրա, այլ ընտրական գործընթացի շուրջ եռամսյա կտրվածքով՝ արձանագրելով եւ դատապարտելով այդ ընթացքում նկատված բոլոր խախտումները:

Եթե այս ամենը չի արվելու, ապա միջազգային դիտորդական կազմակերպությունների առաքելությունը Հայաստանում անիմաստ է դառնում, եւ նույնիսկ ավելին՝ դա նպաստում է աղաղակող կեղծիքներով ու խախտումներով անցկացված ընտրությունների լեգիտիմացմանը: Եթե նախագահի մյուս թեկնածուներն ու կուսակցությունները միանան այս առաջարկին, ապա ես պատրաստ եմ վերոհիշյալ կազմակերպություններին դիմել համատեղ հայտարարությամբ:

Իսկ մինչ այդ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք արդեն իսկ ստեղծել ենք ընտրական գործընթացի վերահսկման եւ օրինախախտումների գրանցման մեր մեխանիզմները: Մենք այսուհետեւ թողարկելու ենք շաբաթական տեղեկանքներ՝ մեր կողմնակիցների նկատմամբ կիրառված վարչական, ոստիկանական եւ տնտեսական բռնությունների, խոսքի ազատության սահմանափակումների, իշխանությունների կողմից նոր ձեւավորվող շարժման ակտիվիստներին ահաբեկելու փորձերի մասին: Բացի այդ, արդեն իսկ առանձին տեղեկանքներ են պատրաստված մի քանի աղաղակող գործերի՝ մասնավորապես սույն թվականի հոկտեմբերի 23-ի պրովոկացիայի, Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ ձեռնարկված տնտեսական տեռորի եւ Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կազմալուծման փորձի վերաբերյալ: Այդ տեղեկանքները մենք սիստեմատիկաբար ներկայացնելու ենք Հայաստանում գործող բոլոր դեսպանատներին եւ միջազգային ներկայացուցչություններին, ինչպես նաեւ՝ վերը նշված դիտորդական կազմակերպություններին:

Ուստի, դիմելով ձեզ, խնդրում ենք՝ այս տիպի բոլոր բռնարարքների, ահաբեկումների, վարչական, տնտեսական եւ հարկային ճնշումների մասին կազմել մանրամասն գրություններ եւ ուղարկել կա՛մ «Արմատ» կենտրոն (Երեւան, Բյուզանդի 26), կա՛մ էլ՝ «Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակ» (Երեւան, Եկմալյան 16): Կրկնում եմ նախորդ ելույթում արած իմ զգուշացումը՝ թող ժողովրդի կամքի վրա բռնացող ոչ մի ոստիկան, հարկային տեսուչ, համայնքապետարանի աշխատակից կամ թաղային հեղինակություն չկարծի, որ չորս ամիս հետո խուսափելու է դատական պատասխանատվությունից: Նախորդ հանրահավաքում ես հրապարակեցի այդպիսի պաշտոնյաների մի փոքրիկ ցուցակ, որում առայժմ հարկ եմ համարում ավելացնել Հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի, Անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի անունները, ինչպես նաեւ հիշեցման կարգով կրկնել Ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանի անունը, որը ոչ միայն դաս չի քաղել առաջին զգուշացումից, այլեւ դրանից հետո նույնիսկ ֆիզիկական ուժ է կիրառել թռուցիկ բաժանող երիտասարդների վրա: Եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հենց այսօր այդ ժանդարմին չհեռացնեն աշխատանքից, նշանակում է՝ իրենք են կանգնած այդ բռնության ետեւում:

Իսկ այժմ՝ եւս մի կարեւոր հարցի մասին, եւ վերջ:

Նախկին իշխանությունների ռեւանշիզմի մասին

Վերջերս մեր ընդդիմախոսների, ընդհուպ մինչեւ հանրապետության նախագահի եւ վարչապետի կողմից շրջանառվում է այն թեզը, թե իմ առաջադրումը պայմանավորված է նախկին իշխանությունների, մասնավորապես ՀՀՇ-ի ռեւանշիստական նկրտումներով: Այս քաղաքական աբսուրդը կարող էր ծագել միայն Հայաստանի գործող վարչախմբի անդամների կամ նվիրյալների ուղեղներում: Աշխարհի բոլոր նորմալ, ժողովրդավարական պետություններում ոչ մեկի մտքով չէր անցնի պարտված քաղաքական ուժի իշխանության ձգտումը ռեւանշիզմ անվանել: Եթե որեւէ մեկն այսօր ռեւանշիստ հայտարարի, ասենք, ամերիկյան դեմոկրատներին, անգլիական պահպանողականներին կամ ֆրանսիական ու գերմանական սոցիալիստներին, ապա նա կա՛մ կկանգնի դատարանի առաջ, կա՛մ էլ հրաժեշտ կտա քաղաքական կարիերային:

Քոչարյանա-սերժական քարոզչության այս թեզը պարունակում է նաեւ մի այլ աբսուրդ: Քարոզչամեքենան իրեն դնում է ծիծաղելի վիճակում՝ չգիտակցելով, որ նախկին իշխանական համակարգին հասցեագրված որեւէ մեղադրանք ուղղակիորեն վերաբերում է նաեւ Սերժ Սարգսյանին, քանի որ վերջինս նրա առանցքային պատասխանատուներից մեկն էր: Այս առումով ավելի քան տարօրինակ են Հանրապետական կուսակցության վերջին համագումարում նախկին իշխանությունների եւ անձամբ իմ հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած մեղադրանքները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ զրպարտություն կամ ինքնախոստովանություն, առավել եւս, եթե նկատի ունենանք, որ մինչեւ 1998-ի իշխանափոխությունը նրա շուրթերից ոչ ոք իմ դեմ ուղղված որեւէ քննադատական ակնարկ կամ, ինչպես ասում են, «թթու խոսք» անգամ չի լսել: Թե ինչպիսի բարոյական նկարագրի տեր մարդ է հավակնում Հայաստանի նախագահի աթոռին, թողնում եմ ձեր դատողությանը: Քանի գնում, ես ավելի ու ավելի համոզվում եմ, որ իսկապես ապաշխարության եւ մեղքերի թողության խնդիր ունեմ: Ուստի, թեեւ ուշացած, ամենայն անկեղծությամբ ձեզանից ներողություն եմ խնդրում՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու եւ ձեր վզին փաթաթելու համար: Եթե կադրային քաղաքականության հարցում ես սխալներ գործել եմ, ապա խոստովանում եմ՝ սա իմ ամենամեծ սխալն է: Ավելին, սա սխալ էլ չէ, այլ փորձանք, որ բերել եմ մեր ժողովրդի գլխին: Ուրեմն՝ թույլ տվեք, օգնեք ինձ՝ ձեզ ազատելու այդ փորձանքից:

Այս ամենն արձանագրելով հանդերձ՝ վերջնականապես հանգստացնելու համար մեր վերադարձից կամ ռեւանշիզմից սարսափողներին, այս բարձր ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ.

Հայոց Համազգային Շարժման հայտնի դեմքերից ոչ մեկը իշխանության մեջ տեղ զբաղեցնելու եւ պետական պաշտոնների տիրելու հավակնություն չունի: Ես առաջադրվելու եմ ոչ թե որպես ՀՀՇ-ի կամ մի այլ կուսակցության թեկնածու, այլ քաղաքացիական նախաձեռնության հիմունքով: Իմ եւ ինձ սատարող բոլոր քաղաքական ուժերի նպատակը ոչ թե բարձր աթոռների բազմելն է, այլ միայնումիայն Հայաստանի ներկա հանցավոր վարչախմբի վերարտադրության խափանումը: Մեր ուզածն ընդամենը նորմալ, քաղաքակիրթ, իրավական պետություն ունենալն է, մեր ժողովրդի, մեր երեխաների ու թոռների անվտանգության, ազատության եւ բարօրության ապահովումը:

Ուստի, որպեսզի այլեւս ոչ մի կասկած չմնա, որ մենք հետապնդում ենք այլ նպատակներ, պաշտոնապես հայտարարում եմ նաեւ հետեւյալը. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից՝ ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել: Ընդ որում՝ այդ ընտրություններին ես չեմ միջամտելու, դրանք անցկացնելու է Ազգային ժողովի նախագահը: Երեք տարին ինձ անհրաժեշտ է՝ Ավգյան ախոռները մաքրելու եւ պետությունը նորմալ հիմքերի վրա դնելու համար: Իսկ պետությունը նորմալ հիմքերի վրա դնելը ես հասկանում եմ որպես միջոցառումների մի լայն ծրագիր, որը ձեզ կներկայացնեմ իմ հետագա ելույթներում եւ հրապարակումներում:

Ինչպես ասում են, ես խաղում եմ բաց քարտերով՝ առանց կոնսպիրացիայի եւ գաղտնի պայմանավորվածությունների: Քաղաքական ուժերի հետ իմ ունեցած բոլոր հանդիպումներում ես որեւէ սակարկության չեմ գնացել: Պարզապես շարադրել եմ իմ տեսակետները՝ ներկա իրավիճակից դուրս գալու անհրաժեշտության եւ քոչարյանական ռեժիմի վերարտադրման վտանգը կանխելու մասին: Թե՛ Ստեփան Դեմիրճյանի, թե՛ Հրանտ Մարգարյանի, Վազգեն Մանուկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի, Լյուդմիլա Սարգսյանի հետ հանդիպումներում ես նշել եմ, որ առաջիկա ընտրարշավում իմ միակ թիրախը լինելու է ներկա իշխանությունների ներկայացուցիչը: Մյուս թեկնածուների հետ ես բանավեճի մեջ չեմ մտնելու, չեմ պատասխանելու նրանց քննադատություններին եւ հարձակումներին:

Իսկ այժմ, անվանապես դիմելով վերը թվարկված քաղաքական գործիչներին (բացի Ստեփան Դեմիրճյանից եւ Լյուդմիլա Սարգսյանից, որոնք արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը), դիմելով նաեւ նախագահի մնացյալ բոլոր հնարավոր թեկնածուներին, այս հանրահավաքի անունից կոչ եմ անում միանալ քոչարյանա-սերժական ավազակապետության դեմ ձեւավորվող համաժողովրդական շարժմանը: Մենք, այսինքն՝ անձամբ ես եւ իմ կողմնակիցները, մեզ ամբողջովին դնում ենք ձեր տրամադրության տակ: Մեզ պարզապես օգտագործեք որպես գործիք՝ հանցավոր վարչախմբից ազատվելու եւ իշխանության ձգտման ձեր օրինական իրավունքն իրացնելու նպատակով, ինչի համար ձեզանից ընդամենը պահանջվում է համբերել երեք տարի, գուցե եւ ավելի քիչ:

Եթե այս կոչն էլ մնա «ձայն բարբառոյ յանապատի», եւ եթե ընդդիմությունն ընտրություններին մասնակցի տրոհված շարքերով, ապա դա կծառայի միայն Սերժ Սարգսյանի շահերին: Կոչին չարձագանքելու պարագայում ձեր տված ոչ մի հիմնավորում ու բացատրություն երբեւէ հասկացողություն չի գտնի ժողովրդի սրտերում: Այդ պարագայում, բնականաբար, չեղյալ կհայտարարվի նաեւ վերը նշված իմ առաջարկի եռամյա պայմանաժամկետը: Իմ հաստատակամությունն ամենեւին կախված չէ ձեր դրական կամ բացասական պատասխանից: Ես արդեն մտել եմ ջուրը եւ թրջվելուց չեմ վախենում, արդեն նետել եմ ձեռնոցը, եւ առանց աջուձախ նայելու, գնալու եմ մինչեւ վերջ: Ուստի՝ Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ:

Իսկ այժմ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանին եւ հանրահավաքի անցկացման ժամանակ ոստիկանության ներկայացուցիչ նշանակված, Երեւանի փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանին՝ իր պարտականությունները բարեխիղճ կերպով կատարելու համար:

Բարի գիշեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել