Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԿԱՏԵԼԻ Է ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 17,2007 00:00

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր եւ լրագրողների հարցերին նրա պատասխանները բացառապես տնտեսությանն էին առնչվում:

Քանի որ պարոն Բոստանջյանը խոսում է խիստ մասնագիտական լեզվով, հարմար գտանք ներկայացնել «Առավոտի» հարցերին տրված պատգամավորի պատասխանները: Հայտնի է, որ կոալիցիոն հուշագրի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ խորհրդարանական խմբակցությունը նախագահական ընտրություններում պետք է պաշտպանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին: «Առավոտը» հետաքրքրվեց՝ եթե հարկ լինի, որ Վարդան Բոստանջյանը գովազդի նախագահի ՀՀԿ-ական թեկնածուին, ինչպե՞ս է այդ բանն անելու: Վարդան Բոստանջյանը նախ հայտարարեց, որ բազմաթիվ հատկանիշներ կան, որոնց համար արժե գովել Սերժ Սարգսյանին, եւ որպես օրինակ նշեց մի քանիսը. «Իմ կարծիքով, այդ հատկանիշները շատ են, մասնավորապես, որ նա, ես հասկանում եմ, մինչեւ ժամը 12-ը չի քնում, դա կարեւոր բան է, գիտե՞ք: Փաստորեն, մեր աչքի առաջ է, ուզում եք, թե չեք ուզում, էականորեն հանրապետության մեջ նկատվում է գործարար աշխուժացումը եւ այդ գործարար աշխուժացումով պայմանավորված՝ զբաղվածության մակարդակի բարձրացումը, եկամուտների բարձրացումը եւ էլի շատ ու շատ նման բաներ»:

Նաեւ ուզեցինք հստակեցնել. ըստ տնտեսագիտության պրոֆեսոր պատգամավորի, քաղաքական գործընթացները ինչպիսի՞ ազդեցություն են ունենում երկրի տնտեսական զարգացման վրա: Վարդան Բոստանջյանն ասաց, որ քաղաքականությունը տնտեսության վրա «ունենում է այնպիսի ազդեցություն, որով պայմանավորված է մեր ամբողջ տնտեսական համակարգը, դաշտը պետք է օբյեկտիվորեն գտնվի երկունքի մեջ, դա ավելի հնարավոր է մեղմելու, ավելի ուղղորդելու, վեկտորը ցցունացնելու վիճակում եւ այդ առումով, այդ վեկտորների կոորդինացումը, համաձայնեցումը գտնվում է, տվյալ պարագայում, տվյալ պահին ավելի բարձր մակարդակի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել