Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարող էր ավելի վատ լինել

Նոյեմբեր 17,2007 00:00

Ավելի վատը կարող էին լինել այն փոփոխությունները, որոնք երեկ, բարեբախտաբար, չկատարվեցին «Ընտրական օրենսգրքում»:

Ակնհայտ էր շտապողականությունը, որով ԱԺ-ն ձեռնամուխ եղավ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին: Այդ նպատակով երեկ արտահերթ նիստ էր գումարվել: Բացի այդ՝ նախատեսվում է, որ այս օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: Նպատակը պարզ է՝ նոյեմբերի 21-ին սկսվում է նախագահի թեկնածուների առաջադրումը: Արդյոք միտումն այն չէ՞, որ մինչեւ նոյեմբերի 21-ն արդեն իսկ ուժի մեջ մտնեն այն փոփոխությունները, ըստ որոնց՝ թեկնածուներն այլեւս հնարավորություն չեն ունենա առաջադրվել կուսակցությունների դաշինքի կողմից կամ քաղաքացիական նախաձեռնությամբ, այլ միայն կուսակցությունների կողմից կամ ինքնաառաջադրմամբ: Մեր այս հարցին նախագծի հիմնական զեկուցող Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Սկսվում է առաջադրման գործընթացը, բայց մենք այդ դրույթների մեջ արդեն փոփոխություններ ենք իրականացրել: Եվ հիմա, քանի որ ֆորմալ առումով գործում է հին օրենքը՝ հանկարծ կարող է ստացվի, որ եթե ուշացնենք՝ մեկը կարող է նոյեմբերի 21-22-ին առաջադրվել հին օրենքով, իսկ մյուսը, որը վերջում կառաջադրվի՝ նրա վրա կտարածվեն նոր փոփոխությունները: Ասենք, ընտրագրավի նոր չափը եւ այլն»:

Ընտրագրավի չափը ներկայիս 5 մլն դրամի փոխարեն սահմանվեց 8 մլն դրամ (նախապես ներկայացվել էր 10 մլն դրամ): Օրինագծի հեղինակները հանել էին ընտրական հանձնաժողովների ֆինանսական խրախուսման վերաբերյալ նախօրոք ամրագրված դրույթը: ՀՅԴ առաջարկով՝ հրաժարվել էին նաեւ այն դրույթից, որ 15%-ից ավելի ձայներ ստացած կուսակցությունների քարոզչական ծախսերի 50%-ը հետո պիտի փոխհատուցի կառավարությունը:

ՀՅԴ-ի առաջարկն էր, որին հետո միացել էր նաեւ ՕԵԿ-ը՝ ընտրողի անձնագրում դրոշմակնիք դնելը: Ու թեեւ առաջարկն ընդունվել էր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նախօրեին առաջարկել էր հանել այդ դրույթը: Պատրվակն այն էր, թե նման կնիք դնելը ընտրության գաղտնիության խախտում է: Մինչդեռ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, թե սա որոշ չափով է միայն խախտում, բայց դրան գերակա է այն արդյունքը, որը կստանան կնիք դնելով. «Նախ, լրացուցիչ հնարավորություն է ընձեռվում խուսափել կրկնակի քվեարկություններից: Իսկ երկրորդը, որը համարում եմ հատկապես կարեւոր՝ սա ավելի շատ վստահության մթնոլորտ է ստեղծում հասարակությունում, քանի որ գիտակցում են, թե քայլ ձեռնարկվեց, որ խուսափեն այնպիսի մի ընտրախախտումից, որը բավականին տարածված է»:

Կանխորոշված էր թվում, թե այնուամենայնիվ՝ այս նախաձեռնությունից հրաժարվելու են՝ հաշվի առնելով, որ կոալիցիայի քարոզչական խումբն արդեն գործի էր անցել: «Չե՞ք տեսնում վտանգ, երբ որ մի գործարար վաղը-մյուս օրը, ընտրություններից հետո, կհավաքի իր կոլեկտիվից անձնագրերը եւ կտեսնի, թե իրականում ո՛վ է գնացել ընտրության ըստ խոստացածի, ո՛վ չի գնացել: Եվ հետո, եթե գործից հեռացվող բանվորները դիմեն դատարան՝ ԱԺ-ն պատասխան տալո՞ւ է, որ մեր ընդունած օրենքի պատճառով իրենք զրկվեցին աշխատանքից»,- Արմեն Աշոտյանի այս հարցադրմանը Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Շատ տխուր սցենար նկարագրեցիք: Ճիշտն ասած, շատ հուզիչ էր իհարկե», եւ նկատեց, թե մեր հասարակությունում դեռեւս նման վտանգ չկա:

Իսկ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե դրոշմակնիքներն իրեն հիշեցնում են «այն մուլտը, որ ասում է՝ ի տեբյա սոսչիտալի»: Նա անձնագրում կնիք դնելը հռչակեց մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգություն: Ու թերեւս կշարունակվեին նման ելույթները, սակայն Գալուստ Սահակյանը մի քանի րոպե նստեց ՀՅԴ խմբակցության շարքում, իսկ հետո հրաժարվեց իր առաջարկից՝ հայտարարելով, թե հարգում է 3 խմբակցությունների կարծիքը: Թեեւ մնաց այն համոզման, որ իր առաջարկը ճիշտ էր. «Իբրեւ թե դրանով փակելո՞ւ ենք այն ճանապարհը, որ կրկնակի անգամ չընտրեն: Մինչեւ քաղաքական կամք չլինի՝ ինչը որ մարդը մտածում է, հակառակն անմիջապես կարելի է մտածել, եւ մի քանի տարբերակներով: Բայց որովհետեւ կրակը ես եմ վառել` հիմա ուզում եմ ասել: Ընդամենն իմ առաջարկությունն այն էր, որ հաջորդ փոփոխությունների ժամանակ հանկարծ չասեին, որ ընտրողի ձեռքի մեջ արդեն պիտի խազ քաշեն, որ 2-րդ անգամ ընտրություններին չմասնակցի»:

«Կրակի» առիթ դարձավ նաեւ Արմեն Աշոտյանի այն առաջարկը, թե նախընտրական հիմնադրամի 140 մլն դրամ միջոցներից թեկնածուն կարող է հեռուստառադիոընկերություններով քարոզչության վրա ծախսել ոչ ավելի, քան 50 մլն դրամի չափով: Առաջարկը նախապես ընդունվել էր: Եվ սա զայրացրեց ՕԵԿ-ին: «Ինչո՞ւ եք կրճատում, որ մարդիկ քիչ խոսեն, հա՞: Թող մարդիկ ինչքան հնարավորություն ունեն խոսելու՝ խոսեն, որքան փող ունեն՝ թող այդքան ծախսեն,- գոռում էր Հեղինե Բիշարյանը:- Եթե վստահ եք ձեր ուժերի վրա, եթե ուժեղ եք՝ ինչո՞ւ եք գնում այսպիսի բաների»: Իսկ Մհեր Շահգելդյանը հիշեցրեց, որ հեռուստաընկերություններն այսօր էլ անընդհատ ներկայացնում են իշխանության թեկնածուին. «Եվ դուք այս մոտեցումներով ստեղծում եք բացարձա՛կ անհավասար պայմաններ»:

Ի վերջո, անփոփոխ թողնվեց նաեւ այս դրույթը՝ հիմնադրամից ծախսերի վերաբերյալ: Եվ ՕԵԿ-ից 2 հոգի՝ Սերյոժա Աբրահամյանն ու Խաչիկ Պետրոսյանը, իրենց ձայներով միացան 86 «կողմ»-ին: Իսկ Արմեն Աշոտյանը եւ Նաիրա Զոհրաբյանը «ձեռնպահ» քվեարկությամբ փաստորեն հակադրվեցին իրենց խմբակցությունների դիրքորոշմանը եւ քվեարկեցին այնպես, ինչպես «Ժառանգությունը» եւ ՕԵԿ մնացած անդամները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել