Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎԵՐԱԴԱՐՁ ԼՐՋՈՒԹՅԱՆԸ»

Նոյեմբեր 17,2007 00:00

\"\"Այսպես ձեւակերպեց ՀՀ առաջին նախագահի վերադարձը քաղաքականություն գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հրավիրած երեկվա մի քանի տասնյակ հազարանոց հանրահավաքը բացեց Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ վերջին ամիսները Հայաստանի ժողովրդի համար դարձան ապաքինման եւ հանրային, քաղաքացիական, ժողովրդական, ապագայի նոր զարթոնքի արթնացման շրջան, իբրեւ դրա կրողների՝ մատնանշեց այն մարդկանց անունները, որոնք եւս, նրա ձեւակերպմամբ, «անձնական զրկանքների գնով, հանուն հանրային շահի գնում են որոշակի ռիսկերի»՝ դատավոր Պարգեւ Օհանյան, «Սիլ» կոնցեռնի պատվավոր նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչիկ Սուքիասյան, «Ռոյալ Արմենիա»-ի սեփականատեր Գագիկ Հակոբյան, Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյան: Նրա համոզմամբ, այդ մարդիկ «ապացուցում են, որ ՀՀ-ում արդարության համար դեռ պայքարողներ կան, որ արդարության համար պայքարն անիմաստ չէ եւ որ Սերժ Սարգսյանը լավ չի ճանաչում մեր ժողովրդին եւ գաղափար չունի նրա մենթալիտետից»:

Ինչպես եւ ակնկալվում էր, երեկվա հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջիկա ընտրություններում սատարելու մասին իրենց ելույթներում հայտարարեցին ՀԺԿ, «Հանրապետություն», ՀՀՇ, ՀԱԱԿ, ՍԴՀԿ, «Ժողովրդավարական Հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների ղեկավարները: Հայտարարվեց նաեւ, որ հիշյալ կուսակցություններին արդեն միացել են եւս մի քանի կուսակցություններ, այդ թվում՝ «Հայրենիք ու պատիվը»՝ Գառնիկ Մարգարյանի գլխավորությամբ, նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատությունը»:

ՀԺԿ նախագահ Ստ. Դեմիրճյանն իր ելույթում անդրադարձավ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանի նկատմամբ կիրառված բռնարարքի փաստին՝ ասելով, որ իշխանությունները «քրեական տարրերի միջոցով փորձում են կոտրել ընդդիմադիր շարժումը, երկրում հաստատել վախի մթնոլորտ: Ակնհայտ է, որ հասնելու են հակառակ արդյունքի: Իշխանությունը պահելու համար նրանք, ինչպես միշտ, դիմում են իրենց հոգեհարազատ բիրտ ուժին»: Նրա ասելով, առաջիկա նախագահական ընտրություններում, որոնք բախտորոշ են, որոշվելու է ընդամենը մեկ հարց՝ մենք ապրելու ենք այս արատավոր համակարգի պայմաններո՞ւմ, թե՞ այդ ընտրություններով երկրում դնելու ենք որակական փոփոխությունների հիմքը: «Ոմանք զարմանում են, թե ոնց են տարբեր գաղափարախոսություններ ունեցող կուսակցություններ միավորվում: Եթե ոմանց միավորում է ցինիզմը, իշխանական բարիքներից օգտվելու անզուսպ ցանկությունը, ապա ոչ միայն այստեղ կանգնած քաղաքական ուժերին, այլեւ մեզ բոլորիս համախմբում է մեր երկրում արժանապատիվ կյանքով ապրելու ձգտումը»,- հայտարարեց ՀԺԿ նախագահը: Հակադարձելով այն տեսակետին, թե Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը՝ վերադարձ է անցյալ, Ստ. Դեմիրճյանն ասաց, որ ՀՀ առաջին նախագահի կենսափորձը, նրա կողմից անցած տարիների վերաիմաստավորումը լուրջ նախադրյալներ են ստեղծում հուսալի ապագայի համար:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ա. Սարգսյանը երեկ հատուկ շնորհակալություն հայտնեց այն հեռուստա եւ ռադիոընկերություններին, որոնք հակառակ առկա ճնշումներին, համարձակվել էին հեռարձակել երեկվա հանրահավաքի մասին հայտարարությունը՝ Գյումրիի «ԳԱԼԱ», «Ցայգ», Տավուշի «Քամուտ» հեռուստաընկերություններ, FM105.5, Համահայաստանյան եւ արբանյակային հեռարձակման «Ռադիո հայ» ռադիոընկերություններ: Հանրահավաքի մասնակիցները առանձին-առանձին ծափողջույններով շնորհակալություն հայտնեցին այդ ընկերությունների ղեկավարներին: Հանրահավաքի սկզբնամասում Ն. Փաշինյանը ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ ասել էր, թե նրա քայլը՝ կանգնել ընդդիմության կողքին, քաղաքացիական դիրքորոշման արձանագրում էր, որով նա կամովին հրաժարվեց արտոնյալ լինելու հնարավորությունից եւ պատրաստակամություն հայտնեց լինել յուրաքանչյուր քաղաքացու չափ պաշտպանված եւ յուրաքանչյուր քաղաքացու չափ խոցելի: Խ. Սուքիասյանը, որին ներկաները, մինչեւ նրա՝ ամբիոնին մոտենալը, երկարատեւ ծափողջույններով ընդունեցին, իր ելույթում ասաց. «Ազատորեն քաղաքական հայացքներ արտահայտելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է։ Սակայն այսօր իշխանական որոշ օղակներ փորձում են յուրացնել բոլորիս պատկանող այդ արժեքը։ Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, կարծում եմ, ունենք բավարար ուժ եւ վճռականություն՝ պաշտպանելու համար այն արժեքները, որ դրված են մեր պետականության հիմքում։

Ցավալիորեն, այսօր պաշտպանության կարիք է զգում նաեւ մեր պատմությունը, որովհետեւ ուրացվում է անգամ այն, որ պատմության մեջ շատ դժվար է գտնել մի պետություն, որը միեւնույն՝ շատ կարճ ժամանակահատվածում, միանգամից բախվել է բնական աղետի, կայսրության փլուզման, պատերազմի, փախստականներ ընդունելու, շրջափակման, ռուբլու համակարգի փլուզման, քաղաքական եւ տնտեսական ֆորմացիաների փոփոխության արդյունքում առաջացած ճգնաժամերի հետ, ու չի կործանվել։ Այսօր շատերը մոռացել են, որ շրջափակված մեր Հայրենիքը ապրում էր թիկունքային կյանքով»։ Բանախոսի մատուցմամբ՝ «ռազմական գործողությունների մեկ օրում այնքան վառելիք էր ծախսվում, որ բավարար կլիներ Հայաստանում գարնանացան իրականացնելու համար»։ Գործարարի գնահատմամբ, Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն նշանակում է՝ լայնախոհության, իրատեսության եւ լրջության վերադարձ։ «Որպես մարդ ես հպարտ եմ, որ այսօր կանգնած եմ մեր երկրի հիմնադիր նախագահի կողքին։ Որպես քաղաքացի հասկանում եմ, որ Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը ՀՀ նախագահի նստավայր բխում է մեր երկրի շահերից։ Նաեւ գիտեմ, որ այսպես մտածում են մեր երկրի բազմաթիվ մանր, միջին եւ խոշոր տասնյակ գործարարներ։ Գործարարներից շատ-շատերը, ինչպես եւ ես, համոզված են, որ մեր պետության զարգացման գրավականներից է բիզնեսի եւ իշխանության հավասար ու արժանապատիվ գործընկերությունը, ոչ թե տիրոջ եւ ծառայի միջեւ քաղաքակիրթ աշխարհի կողմից վաղուց մերժված հարաբերությունները»,- հայտարարեց Խ. Սուքիասյանն ու կոչ արեց իր գործընկեր ձեռներեցներին հանել իրենց միջից վախը, հարմարվողականությունը, անտարբերությունը, գնահատել իրենց ուժը, գիտակցել գործարարի սոցիալական պատասխանատվությունը ժողովրդի առջեւ: Հակառակ դեպքում, ըստ նրա՝ «խաչ կքաշենք մեր բոլոր զարգացումների վրա»:

Երեկվա հանրահավաքը, ինչպես նախորդ անգամ, եզրափակեց ՀՀ հիմնադիր նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել