Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՍԱՀՈՐԴՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎՎՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ

Նոյեմբեր 16,2007 00:00

Գեղասահորդների համար մրցաշրջանն սկսվել է դեռեւս օգոստոսի վերջերից՝ պատանիների եւ մեծահասակների աշխարհի գավաթի առաջնության փուլային մրցումներով, յուրաքանչյուր տարիքային խմբում 6-ական փուլով:

Գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն «Առավոտին» պատմելով մեր գեղասահորդների առջեւ դրված ծրագրերի մասին, ասաց. «Աշխարհի գավաթի պատանիների առաջնության փուլերից մեկում, որն անցկացվել է Մեծ Բրիտանիայում, արդեն հանդես է եկել մենասահորդուհի Արմինե Ստամբոլցյանը, որի մասնակցությունն անհաջող էր եւ մեզ չի գոհացնում, քանի որ եզրափակիչ մտնելու հույսերն արդեն կորսվել են: Նա 31 հոգու մեջ գրավել է 20-րդ տեղը: (Եթե պարոն Խաչատրյանը նկատի ուներ հոկտեմբերի 18-21-ը Շեֆիլդում կայացածը, ապա ISU-ի պաշտոնական կայքում Արմինեն, 35 մասնակիցների մեջ, 58,12 միավորով եզրափակում է ցուցակը- Ա. Հ.): Մեր մյուս մենասահորդը՝ Հովհաննես Մկրտչյանը, որն այսօր աշխարհի բոլոր լավագույն մասնագետների ուշադրության կենտրոնում է, վնասվածք ունի եւ մոտ 2-3 ամիս չի կարողանալու մասնակցել մրցումների: Նա ներկայումս բուժվում է Կիեւում:

Ինչ վերաբերում է մեծահասակներին՝ Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգին, նրանք դեռ ամռանից շատ լավ պայմաններում մարզվում են Մոսկվայում՝ ճանաչված մարզիչ Ալեքսանդր Ժուլինի եւ բեմադրող պարուսույց Յուլիա Վլասովայի ղեկավարությամբ: Նրանք արդեն մեկնել են Ֆրանսիա եւ Փարիզում հանդես են գալու «Գրան պրի» մրցաշարում: Քանի որ գեղասահքում մրցաշրջանն սկսվում է տարվա երկրորդ կեսին եւ ավարտվում հաջորդ տարվա սկզբներին, նրանց համար գլխավոր մեկնարկներն են Խորվաթիայում հունվարի 14-24-ը կայանալիք Եվրոպայի եւ դրան հաջորդող՝ մարտի 18-28-ը Շվեդիայում անցկացվող աշխարհի առաջնությունները: Այդ ընթացքում Նաստյան եւ Վազգենը պլանավորել են Վիեննայում մասնակցել նաեւ Կարոլ Շաֆերի հուշամրցաշարին, որտեղ անցած տարի նրանք գրավել են 1-ին տեղը: Իսկ պատանիները հանդես կգան Իտալիայում եւ Ֆրանսիայում անցկացվելիք մեկ-երկու միջազգային խոշոր մրցաշարերում, որին հաջորդելու է փետրվարի 24-ից մարտի 2-ը Սոֆիայում կայանալիք այդ տարիքային խմբի աշխարհի առաջնությունը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս մրցաշրջանից սկսած, ի դեմս Իրինա Ապսալյամովայի, Հայաստանը միջազգային մրցումներում կունենա իր մրցավարը: Նա նույնիսկ օլիմպիական խաղեր սպասարկելու որակավորում ունի: Այս խնդրի կարգավորման ուղղությամբ մեր ֆեդերացիան շուրջ երկու տարի աշխատել է: Վերջապես կառավարությունը Իրինային Հայաստանի քաղաքացիություն շնորհեց ու նա այսուհետեւ կներկայացնի Հայաստանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել