Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվս մեկ «անտուն» թատրոն

Նոյեմբեր 16,2007 00:00

\"\"Խորեոգրաֆիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մաքսիմ Մարտիրոսյանը հույսն արդեն կորցրել է

«Առավոտը» 2004թ. հունվարի 21-ին անդրադարձել էր Խորեոգրաֆիայի պետական թատրոնի ներկայացրած «Հավերժություն» ներկայացմանը՝ ըստ Ա. Խաչատրյանի ջութակի եւ նվագախմբի համար գրված կոնցերտի, որը բեմադրել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Մարտիրոսյանը: Հիշեցնենք նաեւ, որ 1987թ. հիմնված անօթեւան թատրոնի ներկայացումը կայացել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում: Խորեոգրաֆիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը մեզ տված հարցազրույցում նշել էր. «Երեւի ես չտեսնեմ, որ Խորեոգրաֆիայի պետական թատրոնը երբեւէ կունենա իր տունը…»:

Հանդիպեցինք Մ. Մարտիրոսյանի հետ: Պարզվեց, որ թատրոնը, որն ունի 26 բալետի արտիստ, իր խաղացանկում ունի նաեւ մշտական բեմադրություններ, այդ թվում՝ Ս. Պրոկոֆեւի «Մոխրոտը», Պ. Չայկովսկու «Տարվա եղանակները», Ժ. Օֆենբախի «Բարբին», Լ. Ճգնավորյանի եւ Մ. Մավիսակալյանի «Սուրբ Հռիփսիմե եւ Տրդատը», Ա. Վիվալդիի «Տարվա եղանակները» եւ այլն: Իրենց «անտուն» թատրոնի կապակցությամբ պարոն Մարտիրոսյանն ասաց, որ շենքի հետ կապված ոչ մի քննարկում չի էլ եղել մշակույթի նախարարությունում. «Ես արդեն տարիքս առած մարդ եմ, սրտի ծանր վիրահատությունից նոր եմ ապաքինվել: Կգա նոր, երիտասարդ գեղարվեստական ղեկավար, թող ինքն էլ զբաղվի այդ հարցով… Տարվա ընթացքում 3-4 անգամ ներկայացումներով հանդես ենք գալիս Պարարվեստի ուսումնարանի 260 տեղանոց թատրոնում՝ նախօրոք վաճառելով 700 դրամ արժողությամբ տոմսեր: Երբեք չենք գովազդել, որովհետեւ մեր հանդիսատեսը ուսումնարանի սաներն են»:

Ճանաչված բալետմայստերն ու բեմադրիչը տեղեկացրեց, որ ինքը 2006թ. նախարարություն ներկայացրած Էդ. Սադոյանի «Նարեկացի, ձայն առ Աստված» բեմադրության նախահաշվին կցել է նաեւ հետեւյալ գրությունը. «Ցավոք, պետք է փաստեմ, որ Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը, որն ունի ստեղծագործական աշխատանքների համար բոլոր պայմանները՝ մշտական բալետային խումբ, փորձասրահներ, նվագախումբ, բեմ, ու չնայած այս բոլորին, թատրոնը վերջին 30 տարիներին չի բեմադրել ոչ մի բալետային ներկայացում»:

Այն դիտարկմանը, որ, ըստ մասնագետների, Հայաստանում բալետային բեմադրիչ ընդամենը երկուսն են՝ Մաքսիմ Մարտիրոսյանն ու Վիլեն Գալստյանը, եւ այսօր հայկական բալետի տխուր վիճակի համար մեղավոր են նաեւ նրանք, պրն Մարտիրոսյանն ասաց. «Մեր մեղքը գուցե մեկ տոկոս է: Ինչո՞վ ներկայացում բեմադրենք: Օրինակ, Մոսկվայի Մեծ թատրոնում «Սպարտակի» վերջին ներկայացման համար հատկացվել է $100.000, իսկ մեր պետությունը, պարզ է, որ իրեն չի կարող թույլ տալ նման ճոխություն: Երկրորդ՝ ինչո՞ւ դրսից չեն հրավիրում երիտասարդ բեմադրիչների, օրինակ, երբ 1957թ. Հայաստան հրավիրվեցին աշխարհահռչակ բեմադրիչներ Եվգենի Չանգան եւ Վլադիմիր Վարկովիցկին, մի քանի տարվա ընթացքում մեր թատրոնն ուներ արդեն 37 բալետային ներկայացում: Ցավոք, այսօր ոչ մեկը չի անհանգստանում, թե ինչո՞ւ է Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը դարձել սպորտային միջոցառումների վայր, չհաշված շոուները…»:

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի անտուն կարգավիճակի մասին՝ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Նառա Եղիազարյանն «Առավոտին» հայտնեց. «Կան մի քանի ՊՈԱԿ-ներ՝ Մնջախաղի թատրոն, Պարի պետական, երգի-պարի անսամբլներ եւ այլն, որոնք տարածք չունեն: Նաիրի Զարյան 24 հասցեում հիմնովին վերանորոգվում է շենք, որը մոտ ապագայում կհատկացվի որոշ կոլեկտիվների, այդ թվում՝ Խորեոգրաֆիայի թատրոնին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել