Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խախտումներ լավագույն տնօրենի դպրոցո՞ւմ

Նոյեմբեր 16,2007 00:00

Գյումրիի քաղաքապետի կուսակցի դպրոցն էլ են ստուգել

ՀՀ ԿԳՆ տեսչության մոտ երեսուն հոգանոց հանձնաժողովը օրերս ավարտեց իր ուսումնասիրությունները Գյումրիի բոլոր հանրակրթական ու արհեստագործական հաստատություններում (թվով 50): Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց հանձնախումբը ղեկավարող կրթության տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը, Գյումրի կատարած այցելության նպատակը ստուգելն էր, թե աշակերտների ընդունումը, փոխադրումը, ավարտելն ու այլ դպրոցներ տեղափոխվելը որքանով են համապատասխանում գործող կարգերին: Մեր այն հարցին, թե տեսչությունը խախտումներ հայտնաբերե՞լ է ու հատկապես որտե՞ղ, պարոն Մուրադյանը պատասխանեց. «Բնական է, որ խախտումներ պետք է լինեին», սակայն խոստացավ այս մասին խոսել մեկ շաբաթից՝ հանձնախմբի վերլուծությունների վերջնական պատրաստ լինելուց հետո:

Մինչ պաշտոնական պարզաբանումներ ստանալը, տեղեկացնենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ամենաակնառու խախտումները գրանցվել են Գյումրիի թիվ 1 կրթահամալիրում: Այստեղ, օրինակ, աշակերտների ֆիքսված թիվը չի համապատասխանել իրականությանը, որն էլ ֆինանսական որոշակի վնասներ է հասցրել պետությանը: Չմոռանանք, որ ուսուցիչը վարձատրվում է աշակերտների թվով եւ, ըստ փորձագետների, եթե աշակերտը տեղափոխվում է այլ դպրոց, սակայն նախկին կրթական հաստատությունը նրան պաշտոնապես դուրս չի գրում՝ շարունակելով նրա հաշվին փող ստանալ պետությունից, ապա պարզ է, որ պետությունը տուժում է՝ կրկնակի գումար վճարելով նույն աշակերտի համար: Որոշ փորձագետների հաշվարկներով, մեկ այդպիսի աշակերտի պատճառած վնասը մոտ 58000 դրամ է:

Հավելենք, որ, բացի վերոնշյալ խախտումը, Գյումրիի թիվ 1 կրթահամալիրի տնօրենը իրավունք չուներ ռուսական թեքումով դասարաններ պահել, սակայն ակտիվորեն «զարկ է տվել» ռուսերենի «բարգավաճմանը»:

Մեզ նաեւ տեղեկություններ են հասել այն մասին, որ վերոհիշյալ կրթական հաստատությունում այլ խնդիրներ էլ են ծագել՝ ավարտական դասարանների աշակերտների թվի հետ կապված:

Փաստենք, որ այս կրթահամալիրի տնօրեն Ջեմմա Ամիրխանյանը ուղիղ մեկ ամիս առաջ՝ Գյումրիի տոնակատարության օրը, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից ճանաչվել է քաղաքի լավագույն տնօրենը՝ արժանանալով հատուկ մեծարանքի: Եթե նկատի ունենանք, որ վերոհիշյալ տիկինը վերջերս դարձել է թունդ հանրապետական, իսկ նրա ղեկավարած հաստատությունն էլ գտնվում է քաղաքապետի թաղում՝ Սլաբոդկայում, ուրեմն զարմանալի չպիտի թվա, որ հանրապետական քաղաքագլուխն այդ ժեստով փորձել է ոչ միայն իր թաղեցիների սիրտը շահել, այլեւ ընկերական կարգով աջակցել կուսակցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել