Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԸ

Նոյեմբեր 16,2007 00:00

\"\"Օգոստոսի 17-ին Ժաննա Խեմչյանի, Ռիտա Սարգսյանի, Առաքել Կիրակոսյանի, Մարուս Փաշինյանի, Հերիքնազ Ենգիբարյանի եւ Ա. Հ.-ի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը
հարուցել էր քրգործ:

Ժաննա Խեմչյանը մեղադրվում էր մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2004 եւ 2006 թվականներին իր նորածիններին վաճառելու փաստի առթիվ:

Մեղադրական եզրակացությունը կազմվել էր օրեր առաջ՝ նոյեմբերի 1-ին: Նախաքննությամբ պարզվել էր, որ Իջեւանում ժամանակավորապես բնակվող Ժաննա Խեմչյանը, իր երեք անչափահաս երեխաներին բախտի քմահաճույքին թողած, զբաղվել է մարմնավաճառությամբ: 2004թ. անհայտ անձից հղիացել է: Այդ մասին պատմել է հեռավոր ազգական Մարուս Փաշինյանին: Վերջինիս որդու ընտանիքը երկար տարիներ երեխա չի ունեցել եւ Մ. Փաշինյանը Ժ. Խեմչյանին առաջարկել է «ապագա երեխային վաճառել իրեն»: Նախաքննության ժամանակ պարզվել էր նաեւ, որ Խեմչյանը հրավիրել է «գնորդին» Իջեւանի նախկին հյուրանոցում գտնվող ժամանակավոր կացարան՝ բանակցելու: Մ. Փաշինյանն այցելել է Ժ. Խեմչյանին: Վերջինս նորածնի համար պահանջել է $1000: «Գին գցելու» արդյունքում մայրը համաձայնել է իր երեխային վաճառել $800-ով:

Երեխան, ըստ «Առավոտի» նախնական տեղեկատվության, ՔԿԱԳ Վանաձորի տարածքային բաժնից ստանում է Դավիթ Արտուշի Փաշինյան անվամբ ծննդյան վկայական: 2005թ. հունվարին երեխա գնելու դեպքի մասին Մ. Փաշինյանը պատմում է ազգականին՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի անչափահասների գործերով ավագ օպերլիազոր Առաքել Կիրակոսյանին: Վերջինս թաքցրել է հանցագործության դեպքը:

2006թ. սկզբներին արտամուսնական կապերից կրկին հղիացած Ժ. Խեմչյանը դարձյալ որոշում է վաճառել իր երեխային: Նոյեմբերի 10-ին իր համաքաղաքացի Ռիտա Սարգսյանից վարձակալած փայտե տնակում ծննդաբերում է տղա երեխա: Նորածնին վաճառելու ցանկության մասին հայտնում է Ռ. Սարգսյանին: Երկու օր անց Ռ. Սարգսյանը Իջեւանի բնակիչ Հերիքնազ Ենգիբարյանի օժանդակությամբ գտնում է երեխա փնտրող Ա. Հ.-ին ու առաջարկում 1000 դոլարով գնել հիշյալ երեխային: Նա համաձայնում է: «Գնորդները» գնում են Ռ. Սարգսյանի բակ՝ երեխային տեսնելու, ապա՝ գնելու: Այդ մասին Ռ. Սարգսյանը տեղեկացնում է Ժ. Խեմչյանին, սակայն նրանից թաքցնելով «միջնորդական» գումարի չափը, հայտնում է, թե իբր երեխայի համար կարող են վճարել 700 դոլար: Ժ. Խեմչյանը չի առարկում: Իր տան բակում Ռ. Սարգսյանը երեխային վաճառում է Ա. Հ.-ին, ստանում գումարը, նույն պահին փայտե տնակում 700 դոլարը հանձնում է Ժ. Խեմչյանին: Նախնական պայմանավորվածության համաձայն, Իջեւանի եկեղեցու բակում Ռ. Սարգսյանը Հերիքնազ Ենգիբարյանից եւ Ա. Հ.-ից ստանում է մնացորդ 300 դոլարը: Ժ. Խեմչյանը իրեն մեղավոր է ճանաչել լիովին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել