Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք փառամո՞լ են

Նոյեմբեր 16,2007 00:00

Հոգեբանը գտնում է, որ կանայք ուզում են պաշտոն զբաղեցնել ոչ թե աշխատելու, այլ փառքի հասնելու համար:

Որքան էլ ՀՀ իշխանությունները ջանում են միջազգային կազմակերպությունների առաջ ցույց տալ, թե Հայաստանն ազատ, ժողովրդավարական երկիր է, սակայն, այնուամենայնիվ, մեր երկրում պատասխանատու պաշտոնները զբաղեցնում են տղամարդիկ: Քաղաքական պաշտոններում էլ կանանց ներգրավվածությունը շատ քիչ տոկոս է կազմում:

Այս գումարման Ազգային ժողովում ոչ մի կին մեծամասնականով պատգամավոր չի դարձել: Եվ միայն վերջերս, ԱԺ պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանի նախագահի տեղակալ ընտրվեց կին՝ ԲՀԿ-ական Արեւիկ Պետրոսյանը: Այսօր կանանց դեֆիցիտ է նաեւ ՀՀ կառավարությունում: ՀՀ 16 նախարարներից միայն մեկն է կին՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, իսկ 926 համայնքապետերից՝ ընդամենը 16-ն է կին:

«Առավոտի» հետ զրույցում Հասմիկ Պողոսյանը քաղաքականության մեջ կանանց պակասը պայմանավորեց ազգային մենտալիտետով եւ ավանդույթներով. «Կինն ավելի շատ իրեն պատկերացնում է ընտանիքում, քան քաղաքականության մեջ: Սա իրականում դժվար հաղթահարվող խնդիր է եւ նույնիսկ նրանք, ովքեր քաղաքական գործընթացների մեջ են, միեւնույն է, ավանդույթի ուժն իրեն զգացնել է տալիս: Ճիշտ է, ես քաղաքականության մեջ եմ, բայց մտովի միշտ տանն եմ»:

Նախարարը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ կանայք իրենց զգացմունքայնության պատճառով վատ ղեկավարներ են. «Զգացմունքայնությունը ոչ մի բանում ավելորդ չէ, այս օրերին եւ ընդհանրապես գտնում եմ, որ ընդհակառակը, զգացմունքների պակաս ունենք: Զգացմունքային մարդն ավելի խորությամբ ու լրջությամբ է խնդիրներին մոտենում»: «Առավոտի» այն հարցին, թե գործադիրում լինելով միակ կին նախարարը, տղամարդ նախարարների համեմատությամբ կառավարությունում որոշակի առավելություններ ունի՞, տիկին Պողոսյանը նշեց. «Կնոջը շատ ավելի ներվում է համարձակությունը, քանի որ կին է, որպես կնոջ՝ ճանապարհ են տալիս ու առաջինն եմ անցնում, իսկ մեր գործում ոչ ոք հաշվի չի առնում՝ տղամարդ ես, թե կին՝ պիտի հավասար պատասխան տաս»: Ի տարբերություն տիկին Պողոսյանի, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ կինը՝ ինչպես տանը, այնպես էլ քաղաքականության մեջ կարող է իրեն լավ դրսեւորել. «Ուժային պետություններում կանայք քաղաքականության մեջ ավելի քիչ են, Հայաստանն այդ երկրների թվում է, տղամարդիկ իշխանության գայթակղությանը չեն կարողանում դիմանալ եւ ամեն կերպ փորձում են իրենք դրան հասնել»:

Թե ինչու կանայք քաղաքականությամբ չեն զբաղվում՝ դրա համար, ըստ տիկին Ալավերդյանի, կա մի քանի պատճառ. «Առաջինը ծանր սոցիալ-տնտեսական պայմաններն են, որը կանանց զրկեց քաղաքականությունից, տղամարդիկ աշխատանք փնտրելու նպատակով հեռացան երկրից, ընտանիքի հոգսն ու ծանրությունը թողնելով կնոջ վրա, դաշտը մնաց ազատ եւ դրանից օգտվեցին ճարպիկներն ու ուժեղները: Իմ փորձով ու քաղաքականությամբ զբաղվող կանանց խոսքերից ելնելով՝ կարող եմ ասել, որ այս հարցում տղամարդու աջակցությունը շատ պետք է, օրինակ, եթե չլիներ իմ ամուսնու ակտիվ օժանդակությունը, ապա ես այսքան ակտիվ դիրքերից հանդես չէի գա»:

Այս առնչությամբ, «Շիրակացի» կրթահամալիրի հոգեբան Արմեն Կարախանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մտածելիս տղամարդը միանգամից է հասկանում, իսկ կինը խնդիրը վերածում է բաղադրամասերի, առանձին-առանձին է մտածում՝ նոր միայն դրա հանրագումարով եզրակացնում: Այն, որ կանայք քաղաքականության մեջ քիչ են՝ դա էվոլյուցիայի արդյունքն է, այդ գործերը միշտ տղամարդն է արել ու դրանում հմտացել է, այնպես, ինչպես կինն է հմտացել ավել անելով ու տուն մաքրելով: Կանանց դեպքում մի քանի սերունդ է պետք, որպեսզի քաղաքականության մեջ կարողանան իրենց գտնել»:

Պարոն Կարախանյանը համաձայն չէ Հ. Պողոսյանի այն մտքին, որ զգացմունքայնությունը քաղաքականությանը չի խանգարում. «Աշխատելու համար պետք է գործի դնել միայն գլուխը, ոչ թե հուզականությունը, եթե կանայք ցանկանում են ներգրավվել այդ ասպարեզ, պետք է միայն գլխով աշխատեն, այլապես դա իրենց համար կմնա միայն երազանք, բացի դա, կանայք ավելի ագրեսիվ են, էմոցիայի ազդեցության տակ կարող են որեւէ բան անել ու հետո փոշմանել»: Հոգեբանը կարծում է, որ կանայք չեն ուզում աշխատել, պարզապես ուզում են փառքի հասնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել