Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԿՆԻՔ ԴՆԵԼԸ ԽԱԽՏՈ՞ՒՄ Է

Նոյեմբեր 16,2007 00:00

ԱԺ-ն երեկ երեկոյան սկսեց քննարկել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները եւ լրացումները: Ինչպես արդեն նշել էինք՝ ՀՅԴ խմբակցության առաջարկով ամրագրվել է ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ անձնագրի վերջին էջը դրոշմակնքելու պահանջը: Եվ քվեարկությանը կրկնակի մասնակցելը կանխելու նպատակով՝ մինչ քվեատուփի մեջ ծրարը գցելը ստուգվելու է այդ դրոշմակնիքի առկայությունը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ հայտարարեց, որ այսպիսով խախտվում է քաղաքացիական ազատությունների սկզբունքը եւ, ըստ էության, ընտրական իրավունքը պարտականության վերածելու նման մի բան է տեղի ունենում:

Քվեարկության գաղտնիությունը ապահովելու նպատակով՝ ընդունվել է «Օրինաց երկիր» խմբակցության առաջարկությունը, ըստ որի, քվեախցիկները տեղամասային կենտրոնում տեղադրվում են սեղանների վրա այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս գտնվի հանձնաժողովին դեմքով եւ թիկունքով՝ դեպի պատը: Իսկ դրա անհնարինության դեպքում՝ խցիկներն ամրացվում են պատին:

Չի ընդունվել ՕԵԿ խմբակցության անդամներ Հովհաննես Մարգարյանի եւ Արտաշես Ավոյանի առաջարկը՝ սահմանել, որ վճարովի եթերաժամի րոպեավճարի գինը չի կարող գերազանցել տվյալ հեռուստաընկերության առեւտրային գովազդի 1 րոպեի համար սահմանված՝ տարեկան միջին սակագնի կրկնապատիկը: Ընդունված եւ մերժված այլ առաջարկներին հանգամանալից կանդրադառնանք վաղվա համարում:

«Ընտրական օրենսգրքի» քննարկումից առաջ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ վկայակոչելով ահազանգը ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական կազմակերպության ղեկավար Նարեկ Գալստյանի նկատմամբ կատարված ահաբեկչության մասին, խմբակցության անունից հայտարարեց. «Ի նշան բողոքի՝ այսօր չենք մասնակցելու աշխատանքներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել