Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թռչունիչը կպաշտպանի Պուտինին

Նոյեմբեր 16,2007 00:00

Եվ դրանով կատարելու է պապի պատգամը

Կոմունիստ Խորեն Սարգսյանի հետ մեր զրույցը սկսվեց հումորից. «Մարտունեցուն հարցնում են՝ նախագահական ընտրություններում ո՞ւմ ես ընտրելու, ասում է՝ Պուտինին»: «Մարտունու բնակչության 90 տոկոսն այսօր ապրում է Ռուսաստանում աշխատողներից եկած գումարներով: Ես, իբրեւ մարտունեցի, բարոյական իրավունք չունեմ դեմ գնալու այդ իրողությանը»,- պարզաբանում է մեր զրուցակիցը: Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձին նա նորմալ է վերաբերվում: Ավելին՝ «Տեր-Պետրոսյանին գնահատական տվողը ես չեմ, այլ ժողովուրդն է՝ իր քվեով»,- ասում է Խորեն Սարգսյանը՝ նկատի ունենալով, իհարկե, ոչ թե «նկարովի», այլ իրական քվեն: Մեր զրուցակիցը բազում հանդիպումներ է ունեցել քաղաքական դաշտի տարբեր բեւեռների ներկայացուցիչների հետ: Արդյունքում՝ «Լավ կլիներ, եթե կոմկուսից լիներ թեկնածու: Ցավոք, եղածների մեջ ես Ալեքսանդր Մյասնիկյան չեմ տեսնում, որ սրտաբաց գնամ ու նրա կողքը կանգնեմ: Եղածներից ոչ մեկը սոցիալիզմ կառուցող չի: Եթե դա էլ չկա՝ Խորեն Թռչունիչին մնում է մի գիծ՝ առաջադրվողներից ով ինչ արտաքին քաղաքականություն կվարի: Ծրագրերը կնայենք՝ կտեսնենք, թե ովքե՞ր են ռուսամետ ուժերը, ովքե՞ր են ՌԴ-ի հետ ավելի սերտ կապերի տանելու. այդ ժամանակ էլ ես իմ խոսքը կասեմ: Ես պապ եմ ունեցել, ով մահացավ 96 տարեկանում, եւ նրա վերջին խոսքը եղել է՝ ինչ որ կլինի՝ ձեր ձեռքը ռուսի փեշից բաց մի թողեք: Ես պարտավոր եմ իմ պապի պատգամը կատարել»: Իսկ Հայաստան-Ռուսաստան ներկայիս հարաբերությունների մասով նկատում է. «Ստրուկի տեղ պահում են էն մարդուն, ով ուզում է: Քո եղածը հանել ես վաճառքի: Ռուսը չառներ՝ ուրիշը կառներ: Գերմանիային ու Անգլիային էլ ենք ծախել՝ նրանց էլ գիտենք: Իմ երեխան Հայաստանում ապագա ունի միայն մեկ դեպքում՝ եթե Հայաստանն ու Ռուսաստանն ունենան միասնական պաշտպանական համակարգ»:

Պատմական էքսկուրս կատարելով՝ մեր զրուցակիցը փաստերով է ապացուցում իր պապի պատգամի ճշմարտացիությունը եւ եզրակացնում. «Այսօր արեւմտյան պետություններին պետք է մի քաղաքական գործիչ, որ կգա նախագահ եւ կվերադարձնի իրականում ազատագրված, իսկ իրենց պատկերացումներով՝ գրավված տարածքները»: Խոսքը այն անվտանգության գոտու ստեղծման մասին է, որը պետք է վերահսկեն ՆԱՏՕ-ի զորքերը: «Իսկ ՆԱՏՕ-ի զորքերը որ մտան այստեղ, մենք ինքնըստինքյան ներքաշվում ենք պատերազմի մեջ: ՆԱՏՕ-ի զորքն ԱՄՆ-ի զորքն է, իսկ այդ երկիրն Իրանի նկատմամբ թշնամաբար է տրամադրված. ստացվում է, որ մենք ինքնըստինքյան պատերազմը կանչում ենք մեր տուն: Մենք սրան չպետք է գնանք: Ով ԼՂՀ պատերազմի ժամանակ երեխա է կորցրել՝ նա գիտի ինչ է պատերազմը: Ավելորդ զոհեր տալու իրավունք չունենք»,- ասում է Խ. Սարգսյանը: Խորեն Թռչունիչը համաձայն է, որ ԼՂՀ հարցը դիվանագիտական լուծում պետք է ստանա, բայց՝ «դա պետք է անի ԼՂՀ-ն»:

Անդրադառնալով այս ընտրապայքարի հիմնական ֆավորիտների փոխադարձ որակումներին՝ մեր զրուցակիցն ասում է. «Ժողովուրդը Լեւոնին էլ է ճանաչում, Սերժին էլ: Երկուսի եւ դրական, եւ բացասական կողմերն էլ գիտի: Այնպես որ, լավ կլիներ քաղաքական պայքար տանեին, ոչ թե իրար վրա ցեխ շպրտեին»: Կոմկուսից տարբեր ժամանակներում առանձնացած կոմունիստները հերթով հայտարարում են Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին: Պատկերացնո՞ւմ է Խորեն Սարգսյանն Իլյիչի կողքին Սերժ Սարգսյանին: «Ես չգիտեմ այսօր քաղաքական գործիչներն ինչպես են մտածում: Գուցե նրա՞նք են ճիշտ: Դա իրենց խնդիրն է»,- ասում է մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել