Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ

Նոյեմբեր 16,2007 00:00

\"\"Իշխանությունն իր ուժը փորձեց
20-ամյա երիտասարդի վրա

Երեկ առավոտյան, ժամը 11:00-ի սահմաններում, դաժան ծեծի է ենթարկվել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ 20-ամյա Նարեկ Գալստյանը: Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող իր տնից «Մուստանգ» տաքսի ծառայության մեքենայով իջնելիս՝ Նորքի ճանապարհի վրա, Նարեկին տեղափոխող տաքսին կանգնեցրել են մթնեցված ապակիներով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի երեք՝ սպորտային գլխարկներ կրած ուղեւորներ: Նրանք տաքսու վարորդից խլել են մեքենայի բանալին, մեքենայից իջեցրել են Ն. Գալստյանին եւ ծեծել՝ հարվածներ հասցնելով հիմնականում գլխին: Դաժան ծեծն ուղեկցվել է սպառնալիք-նախազգուշացումներով՝ եթե դու շարունակես հարցազրույցներ, տեղեկություններ տալ մամուլին, ապա հաջորդ անգամ կսպանենք: Նրանցից մեկի դեմքը Նարեկին ծանոթ է եղել: Նրան Ն. Գալստյանը, իր ասելով, տեսել էր նախորդ գիշեր՝ «Զվարթնոց» օդակայանի VIP սրահում, երբ դիմավորելիս է եղել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին: Ենթադրվում է, որ նրան նախորդ օրն էլ են հետեւած եղել: Անօգնական թողնելով Նարեկին՝ հանցագործները հեռացել են, չեն վերադարձրել նաեւ տաքսու վարորդի բանալիները: Մեր տեղեկություններով, Նարեկին հիվանդանոց է տեղափոխել Նորքի ճանապարհով պատահաբար անցնող ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը: Ն. Գալստյանին նա նախ տարել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրան առաջին օգնություն է ցուցաբերվել, ապա Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ Կենտրոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում, սկսվել է նախաքննություն, կասկածյալներ չկան:

ՍԴՀԿ ատենապետ Լ. Սարգսյանը, ինչպես նաեւ Նարեկի հարազատներն ու ընկերները հարձակումն ուղղակիորեն կապում են երկու օր առաջ տեղի ունեցածի հետ, երբ Ն. Գալստյանին եւ «Սարգիս Տխրունի» միության եւս մեկ անդամի ձերբակալել եւ տարել էին ոստիկանության Կենտրոնի բաժին՝ ընդդիմադիր բովանդակությամբ թռուցիկներ փակցնելու համար: Հիշեցնենք, որ այդ օրը Ն. Գալստյանին շուրջ երեք ժամ ոստիկանությունում պահելուց հետո ազատ էին արձակել՝ «խորհուրդ» տալով այլեւս նման թռուցիկներ չտարածել եւ իր հետ կատարվածի մասին ԶԼՄ-ներին ոչինչ չասել, հակառակ դեպքում իր հետ հաշվեհարդար կտեսնեն: Ի դեպ, ոստիկանությունում եւս Նարեկը բռնության էր ենթարկվել. ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանը, որն այդ պահին ոչ սթափ վիճակում էր եղել, հարվածել էր նրա դեմքին ու վնասել շրթունքը:

ՍԴՀԿ ատենապետ Լ. Սարգսյանը երեկ մեկնաբանելով կատարվածը՝ «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Ծեծը թուլության նշան է: Ուժեղ իշխանությունը նման բռնարարքների չի գնա: Սա թույլ իշխանության կողմից ուժի ցուցադրություն է եւ նշանակում է, որ իրենց ոչինչ չի մնում անելու, քան 20 տարեկան երիտասարդին ահաբեկելը: Մեզ ահաբեկելն այդքան հեշտ չի, եւ մենք գիտակցաբար ենք մտել այդ պայքարի մեջ, եւ այս հարձակումը եւս ապացուցում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք մինչեւ վերջ գնալու ենք: Թող չմոռանան, որ ՍԴՀԿ-ն հարյուրամյա հեղափոխական գործունեության փորձ ունի, մեզ վախեցնել չի հաջողվի»: Ընդդիմադիր այլ գործիչներ, ովքեր եւս երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց էին եկել՝ հայտարարեցին, որ այս բռնարարքը վկայում է, որ գործող իշխանությունը խուճապի մեջ է հատկապես այն բանից, որ հասարակությանն ու ընդդիմության ներկայացուցիչներին վախեցնելու մարտավարությունն իրեն չի արդարացնում, իսկ ընդդիմության «բանակը» գնալով համալրվում է, եւ որ ներքաղաքական զարգացումները դուրս են գալիս իշխանության գծած սցենարի շրջանակներից:

Հ. Գ. Երեկ երեկոյան «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները հանդես եկան հայտարարությամբ, որում խստիվ դատապարտում է Նարեկ Գալստյանի վրա հարձակումը: Տեղի ունեցածը դատապարտել է նաեւ «Իրավունքի եւ ազատության» կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել