Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՄԱՄՈՒԼՆ ԱՐԺԱՆԻ Է ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»

Նոյեմբեր 15,2007 00:00

\"\"«ԶԼՄ-ների հանրային պատասխանատվությունը ընտրությունների ընթացքում» կոնֆերանսին հայտարարեց ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը:

«Ես էլ եմ եղել պաշտոնյա, գիտեմ, որ վերջիններս միշտ էլ խոչընդոտելու են, որ մամուլը լինի օբյեկտիվ: Մյուս կողմից էլ պաշտոնյաներին գուցե ինչ-որ տեղ ավելի ներելի է խաբելը, քան ժուռնալիստներին, քանի որ, եթե պաշտոնյան խաբի, լրագրողները կարող են վեր հանել այդ սուտը, իսկ եթե լրագրողն է խաբում՝ նա թունավորում է հասարակությունը»,- «ԶԼՄ-ների հանրային պատասխանատվությունը ընտրությունների ընթացքում» թեմայով կոնֆերանսին երեկ հայտարարեց Չեխիայի պառլամենտի նախկին անդամ, ԵԽԽՎ մամուլի հարցերով ենթահանձնաժողովի նախկին նախագահ, Պալասկի համալսարանի դասախոս Ժոզեֆ Ժարաբը: Նա հիշեց նաեւ իրենց երկրում գործող լրագրողներից մեկի կարծիքը մամուլի դերի վերաբերյալ. «Ոչ թե պաշտոնյաներից պետք է հարցնել, թե որն է մամուլի դերը, այլ լրագրողներն իրենք պիտի որոշեն, թե ինչ դերում հանդես գան»: Իր խոսքը չեխ փորձագետն ավարտեց՝ թվարկելով այն սկզբունքները, որոնցով լրագրողը պիտի առաջնորդվի ոչ միայն ընտրական գործընթացները լուսաբանելիս, այլ ցանկացած պարագայում. «Լրագրողը պետք է բազում տեղեկությունների տիրապետի, որպեսզի հասարակությունը սպասի նրան: Նա պիտի անկախ լինի այն մարդկանցից, որոնցից տեղեկատվություն է ստանում: Անհրաժեշտ է, որ նա իր նյութը կառուցի հստակ, պարզ, հասկանալի, տարանջատի փաստերն ու մեկնաբանությունները»:

Երեկվա կոնֆերանսին ներկա էին հայ լրագրողներ ու հայ պաշտոնյաներ: Նրանք խոսեցին այն մասին, թե արդյո՞ք հայաստանյան մամուլն ընտրությունների շեմին կարողանում է կատարել իր հանրային պատասխանատվությունները, արդյո՞ք լուսաբանումը հավասարակշռված է եւ համապատասխանում է քաղաքացիների կարիքներին:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ հանրային պատասխանատվության հիմքում ընկած է մամուլի լուսաբանումների օբյեկտիվությունը, հասարակության առջեւ պատասխանատվությունը եւ էթիկան. «Չեմ պատկերացնում, որ որեւէ լրագրող կարողանա բացարձակ օբյեկտիվ լինել: Նույնիսկ երբ նա կատարում է նյութի ընտրությունը, դա արդեն սուբյեկտիվիզմի դրսեւորում է: Մյուս կողմից էլ պետք է կարողանանք ձեւավորել սկզբունքներ, որոնք հնարավորություն կտան ձեւակերպել այդ օբյեկտիվությունը: Հուզականության երանգը, որը գերիշխում է մամուլի հրապարակումներում, եւս խոչընդոտում է օբյեկտիվ լինել»: Նա նաեւ շեշտեց, որ մեր երկրում ընտրությունների ժամանակ հանրային պատասխանատվության կարգավորումը հեռու է կատարյալ լինելուց: «Այն երկրներում, որտեղ ինքնակարգավորման մեխանիզմները բավարար չեն, ընտրությունների լուսաբանման ժամանակ գոյություն ունեն օրենսդրական սահմանափակումներ, որոնցով որոշվում է արգելքների եւ սահմանափակումների չափը»,- նշեց պրն Հարությունյանը:

ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանն էլ նշեց. «Չարժե ընդարձակվել, ընդհանուր երեւույթների եւ գործընթացների մասին խոսել, եկե՛ք կենտրոնանանք մեր խնդիրների վրա: Քանի որ մեր հասարակությունն այսօր հեռու է եվրոպական չափանիշներից, լրատվամիջոցները եւս հեռու են: Դրանք Հայաստանում այն դերը չեն կատարում, ինչ ԶԼՄ-ները Արեւմտյան կամ Արեւելյան Եվրոպայի երկրներում: Մեր լրատվամիջոցները աճել են պրոֆեսիոնալ առումով, ազատ լինելու ցանկության մասով՝ ոչ: Մեր մամուլն արժանի է մեր հասարակությանը»:

Խոսելով Հայաստանում մամուլի դերի եւ դրա գործունեության մասին՝ պրն Հարությունյանը հիշեց 4-5 տարեկան երեխայի մասին պատմությունը. «Այդ տարիքում երեխան չի կարողանում խոսել, ու ծնողներն անհանգստանում են: Եվ հանկարծ մի օր, սեղանի շուրջ նստած, փոքրիկը սկսում է գլխով անհանգիստ շարժումներ անել եւ ասում է. «Աղը մոռացել եք սեղանին դնել»: Ծնողները ուրախանում են, իսկ նա ասում է, որ ինքը վաղուց կարող էր խոսել, ուղղակի չէր խոսում, քանի որ ամեն ինչ չյոտկի էր: Պիտի գա այն պահը, երբ մենք վերջապես սկսենք խոսել, ոչ թե իրար նկատմամբ մեղադրանքներ հայտնելով, այլ փորձելով հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել