Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երաժշտությունն է իմ անձնական կյանքը»

Նոյեմբեր 15,2007 00:00

Գերմանացի ջութակահարուհի Լատիցա Հոնդա-Ռոզենբերգի համոզմամբ, այն լցնում է իր կյանքը

Հայ երաժիշտների, մասնավորապես՝ ջութակահարների շրջանում աժիոտաժ է սկսվել Գերմանիայից առաջին անգամ Հայաստան ժամանած երիտասարդ ճանաչված ջութակահարուհի Լատիցա Հոնդա-Ռոզենբերգի այցի առիթով: Ոմանք ասում են, թե նա գերմանուհի է, ոմանք էլ հերքում՝ վկայակոչելով նրա ճապոնական արտաքինը: Կա նաեւ այսպիսի կարծիք՝ եթե ջութակահարուհին 1998-ին չդառնար Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր, նրա առջեւ չէին բացվի Արեւմուտքի լավագույն սրահներն ու հրավերներ չէր ունենա այնպիսի նվագախմբերի կողմից, ինչպիսիք են, օրինակ՝ Բեռլինի, Ռուսաստանի, Չեխիայի եւ մյուս ճանաչված կոլեկտիվները:

Տեղեկացնենք, որ ջութակահարուհին «Ա. Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 16-ին, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ կներկայացնի ջութակի համար գրված հանրահայտ ստեղծագործություններից մեկը՝ Լալոյի «Իսպանական սիմֆոնիան ջութակի եւ նվագախմբի համար»:

«Առավոտի» հետ զրույցում Լ. Հոնդա-Ռոզենբերգը հայտնեց, որ ինքը ծնվել է Գերմանիայում, ազգությամբ խորվաթ թավջութակահարի եւ ճապոնուհի երգչուհու ընտանիքում. «Չգիտես ինչու, օրինակ, Ճապոնիայում ինձ համարում են եվրոպացի, անգամ՝ հարավամերիկուհի, իսկ իմ ծննդավայրում՝ ճապոնուհի: Ինձ համար էլ դժվար է որոշել, թե ինչ ազգից եմ: Ունեմ խորվաթի, հրեայի, ճապոնացու եւ մի փոքր էլ հայի արյուն»:

Խնդրեցինք մանրամասնել ասածը «հայի մասով». «12 տարեկան էի, երբ կորցրի հորս: Այդժամ մայրիկիս օգնության հասավ հայազգի Սիրանոսյան ընտանիքը (նկատի ունի ֆրանսահայ ճանաչված դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանին- Ս. Դ.): Այնպես որ, այն, ինչ կապված է հայերի ու ձեր երկրի հետ, տեսականորեն լավ գիտեմ»:

Հայ երաժիշտների շրջանում տարածված այն կարծիքին, թե ջութակահարուհին Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր դառնալուց հետո է ճանաչվել ու սկսել իր լայնածավալ համերգային գործունեությունը, Լատիցան համակարծիք չեղավ, ասելով. «Թեեւ Չայկովսկու անվան մրցույթը հայտնի է աշխարհում, սակայն ինձ վրա այն լուրջ տպավորություն չթողեց: Մրցույթի առաջին փուլից հետո ես արդեն գիտեի դափնեկիրների անունները…»:

Ծանոթանալով ջութակահարուհու երկացանկին, այնտեղ չգտանք Արամ Խաչատրյանի՝ աշխարհահռչակ ջութակի կոնցերտը, որը «մշտական» ունի Հայաստան ժամանած ջութակահարների ծրագրում: Փոխարենը նշված էին հայտնի դասականների ստեղծագործությունները: Լատիցան չցանկացավ հայտնել, թե ինչու չի անդրադառնում Խաչատրյանին, միայն նշեց, որ այդ կոնցերտը ինքը պարապում է իր ուսանողների հետ (ջութակահարուհին Ֆրայբուրգի Musikhochschule-ի պրոֆեսոր է): Ասածին հավելեց, որ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունների թվում մեկ-մեկ անդրադառնում է նաեւ ժամանակակիցների երկերին. «Դասականներին հնչեցնելիս հաստատուն եմ զգում ինձ: Գիտակցում եմ նաեւ, որ այսօրվա հեղինակների ստեղծագործություններին պարտավոր ենք անդրադառնալ. չէ՞ որ նրանցից շատերը, օրինակ՝ 50 տարի հետո, գուցե կհամարվեն դասականներ»:

Ջութակահարուհուց հետաքրքրվեցինք՝ այդչափ զբաղված լինելը չի՞ խանգարում անձնական կյանքին: «Երաժշտությունն է իմ անձնական կյանքը»,- հնչեց պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել