Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Նոյեմբեր 15,2007 00:00

\"\"Բաց նամակ Ժիրայր Սեֆիլյանին

Սիրելի Ժիրայր.

Վաղուց պատրաստվում էի քեզ գրել, բայց գրել՝ հենց բաց նամակ, որովհետեւ այսօրվա Հայաստանում այն, ինչ կարող ենք իրար ասել մենք՝ քաղաքական հայացքներով միմյանցից գուցե եւ շատ տարբեր, երկրի ներկայիս վիճակը հանդուրժել անկարող երկու հայ մարդ, կարեւոր է ոչ միայն մեր, այլ նաեւ շատ ու շատ ուրիշ՝ կյանքը բնականոն հուն վերադարձնել ձգտող այլ անձանց համար:

Սակայն տխուր իրադարձությունները հետեւում էին մեկմեկու՝ թույլ չտալով գրիչ վերցնել։ Այսօր էլ քեզ դիմում եմ հոգու մեծ ցավով՝ իմ եւ բազմաթիվ իմ ընկերների անունից՝ խոր ցավակցություն հայտնելով սիրելի մայրիկիդ՝ տիկին Սիմայի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Ընդամենը մեկ շաբաթ է անցել մեր երկուսի բարեկամ, մեծ հայ մարդու՝ Ռաֆայել Ղազարյանի ցավալի կորստից: Ցավալի ոչ միայն մեզ համար, այլեւ ողջ հայության: Այս երկու իրադարձություններում, մեծ ցավից բացի, մի տխուր ընդհանրություն կա: Մերժվեց Ռաֆայել Ղազարյանի բաղձանքը՝ հանգրվանել Եռաբլուրում, իր կրտսեր մարտական ընկերների շարքում, իսկ Սփյուռքից հայրենիք վերադարձած, հայրենիքի մղած բոլոր մարտերին մասնակցած նվիրյալին շարունակեցին պատանդ պահել՝ անտեսելով մոր առողջական վիճակի կտրուկ վատթարացումը: Այս վերջին դեպքերն արդեն լրիվ այլ հարթությունից են. սա ո՛չ ժողովրդական ունեցվածքի թալան է, ո՛չ քաղբանտարկյալների անօրեն հալածանք, ո՛չ պետական շահերն անձնականով փոխարինում, այլ՝ մարդկային կերպարանքի, հայ մարդու էության այլակերպում: Սա նշանակում է, որ մենք մոտեցել ենք մի շատ վտանգավոր եզրի, որից հետո մենք արդեն չկանք, որից հետո ինչ որ կա՝ դա մեր երկիրը չէ, մենք չենք, այլ օտար, մեզ լիովին խորթ մի իրողություն: Երեւի այս եզրը զգալով էր, որ մոտ մեկ տարի առաջ լսեցի քո եւ քո ընկերների համախմբման կոչը՝ այդ կործանարար ընթացքը կասեցնելու համար: Դա այն կոչն էր, որ հնչեց 88-ին, երբ վտանգված էր Արցախը ու ճակատի գիծը անցնում էր մեր եւ ջարդարարների միջեւ, իսկ հիմա՝ մեր իսկական եւ խորթ էության միջեւ: Այսօր չկա առճակատում ազգայնականի, կոմունիստի եւ ժողովրդավարի միջեւ, ինչպես ոմանք փորձում են մեզ ներկայացնել: Իսկական ազգայնականը, կոմունիստն ու ժողովրդավարը այսօր իրար փոխլրացնող են՝ երկրի առաջ ծառացած խնդիրներ, մրցակից ծրագրեր մշակելով, միմյանց ծրագրերը լրացնող, լավագույն լուծում գտնող եւ իրականացնող: Մեր հակառակորդը կեղծ ժողովրդավարն է, կեղծ ազգայնականն ու կեղծ կոմունիստը, ովքեր պատրանքներին տրված, փողի եւ իշխանության մոլուցքից ուղեղները մթագնած, իրենց էությունն աղճատած՝ կործանում են թե իրենց, թե երկիրը:

Սիրելի Ժիրայր, այնտեղ՝ բանտում, մեզնից ոչ ոք երբեք չհիշեց, թե ով է ժողովրդավար, ով՝ ազգայնական: Մենք եւ մեր մյուս՝ այնտեղ պատանդ պահվող ընկերները գիտեինք, որ ոտքի էինք կանգնել՝ հանուն արդար երկրի, հանուն Հայաստանի:

Եվ իմ այսպիսի խոսքը քո խորին վշտի օրերին՝ պայմանավորված է նրանով, որ հայ կամավորականի համար միշտ մեծագույն սփոփանք է եղել ոչ միայն ընկերոջ, բարեկամի սրտի խոսքը, այլեւ վեհ նպատակներին ծառայելու ուղու շարունակականության հավաստիացումը:

Ես կուզեի սրանով սկսել հրապարակային մի երկխոսություն՝ մեր նպատակների եւ սկզբունքների, իսկականի եւ կեղծի, ներկայի եւ ապագայի մասին: Կրկին խորին ցավակցություններս քեզ: Մեր գործը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել