Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գործարար-թիկնապահի դեմ

Նոյեմբեր 15,2007 00:00

Օրեր առաջ «Առավոտի» խմբագրություն այցելած «Դվին-1» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը մեզ տրամադրեց իր նամակը:

Այն ուղարկվել էր նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Տնօրենը խնդրում էր նամակը տպագրել ամբողջությամբ: Նամակագիրը մեզ ասաց, որ ցանկացած տողի համար պատրաստ է պատասխան տալ:

«Ձեզ գրելու պատճառն իմ ընտանիքին սպառնացող վտանգն է: Ստորեւ կներկայացնեմ գործի էությունը, որի հեղինակը ձեր թիկնազորի պետի տեղակալ Վարուժան Խաչատրյանն է: Առողջական վիճակիս վատթարացման պատճառով 2006 թ. հուլիս-օգոստոս ամիսներին «Դվին-1» ՍՊԸ-ն պաշտոնական հայտարարություն է ներկայացրել «Գինդ» թերթին՝ խանութը ժամանակավորապես վարձակալության տալու նպատակով: 2006թ. հոկտեմբերի 7-ին Վարուժան Խաչատրյանի հետ կնքեցի «Դվին֊1» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Նորքի 2֊րդ զանգվածի Թոթովենցի 3 հասցեում գտնվող խանութի վարձակալության պայմանագիրը, որը նա ձեւակերպեց իր դստեր՝ Լիդիա Վարուժանի Խաչատրյանին պատկանող «Արմենակ Մեծ» ՍՊԸ-ի անունով։ Իրականում ընկերությունը ղեկավարում եւ գործերը վարում է Վարուժան Խաչատրյանը: Համաձայն պայմանագրի, նա պետք է յուրաքանչյուր ամիս «Դվին-1» ՍՊԸ֊ին վճարեր 400.000 դրամ վարձավճար: Սակայն պրն Վարուժանը, չարաշահելով իմ համեստությունը ու մարդկային վերաբերմունքը, սկսեց տարբեր պատճառներով ուշացնել վարձի վճարումը: Սկզբում պատճառաբանում էր, թե վերանորոգում է անում, որի վերաբերյալ վարձակալության պայմանագրում ոչինչ չկար նախատեսված: Իմ բազմաթիվ հորդորները, որ նա վարձը վճարի, մնում էին անպատասխան: Այս ընթացքում նա «Դվին֊1» ՍՊԸ- ին, մինչեւ օգոստոս ամիսը ներառյալ, պետք է վճարեր 4 միլիոն դրամ, սակայն վճարել է ընդամենը 630.000 դրամ, որով մասամբ մարել եմ հարկային պարտավորություններս: Ի դեպ, 11 տարի եղել եմ համայնքի լավագույն եւ պարտաճանաչ հարկատուներից մեկը:

Համաձայն մեր միջեւ կնքված պայմանագրի 2.11.2 կետի, բազմաթիվ բանավոր զգուշացումներից եւ խնդրանքներից հետո, ես 29.06.07-ին պատվիրված նամակով տեղեկացրի նրան, որ միակողմանի դադարեցնում եմ մեր միջեւ կնքված պայմանագիրը: Իմ այս քայլին հետեւեցին պարոն Վարուժանի սպառնալիքներով լի հեռախոսային զանգերը: Ես ստիպված նրան տեղեկացրի, որ եթե նա շարունակի իր պաշտոնեական դիրքի չարաշահումը եւ հրաժարվի ազատել «Դվին֊1» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածքը, ես կդիմեմ հանրապետության նախագահին: Պարոն Վարուժանը զանգահարում է կնոջս եւ սպառնում ընտանիքիս: Ապա ընկերոջն է ուղարկում բանակցությունների եւ պահանջում է տարածքն իր ուզած գնով իրեն վաճառել, որի ցանկությունը ՍՊԸ-ն ամենեւին չունի:

Պարոն նախագահ, բավական չէ, որ նա ընտանիքիս զրկել է հանապազօրյա հացից,

այժմ էլ փորձում է անօրինական ձեւով տիրանալ մեր ընկերության գույքին, չարաշահելով զբաղեցրած դիրքը՝ անվերջ սպառնալով ընտանիքիս:

Ես հայցում եմ ձեր միջամտությունը եւ օգնությունը, քաջ գիտակցելով, որ դուք եք հանրապետության բնակիչների ունեցվածքի եւ կյանքի անվտանգության երաշխավորը եւ որ դուք թույլ չեք տա ձեր անվտանգությունը պաշտպանելու իրավունքով օժտված անձը, իր անձնական շահերից ելնելով՝ սպառնալիք դառնա ձեր երկրի քաղաքացիների գույքի եւ կյանքի նկատմամբ:

Նրա կողմից վարձը չվճարելու պատճառով «Դվին-1» ՍՊԸ֊ի համար պետության նկատմամբ առաջացել են հարկային պարտավորություններ, իսկ ես ընտանիքս սովի չմատնելու համար կուտակել եմ մեծ անձնական պարտքեր: Սթրեսներից եւ թերսնվելուց հյուծվել եւ կորցրել ենք մեր առողջությունը, կյանքներս վեր է ածվել դժոխքի: Այս անելանելի եւ ընտանիքիս համար կործանարար վիճակից ելնելու համար ստիպված եղա դիմել ձեզ:

Ես համոզված եմ, որ ձեր միջամտության արդյունքում Վարուժան Խաչատրյանը կկատարի մեր պահանջը, կհրաժարվի գործարարին անվայել իր բռնած դիրքից, կվճարի 10 ամիսների ընթացքում չվճարած վարձերը, որպես անվստահելի գործընկեր կլուծարի պայմանագիրը, կազատի տարածքը, այն պատշաճ ձեւով վերադարձնելով սեփականատիրոջը՝ «Դվին-1» ՍՊԸ-ին:

Խնդրում եմ ձեր միջամտությունը իմ եւ ընտանիքիս նկատմամբ իրականացվող ապօրինությունները եւ սպառնալիքները կանխելու համար»:

ՀՀ նախագահի նստավայրից ստացվել էր պատասխան, թե վեճը կրում է մասնավոր բնույթ: Պատրաստ ենք տպագրել Վարուժան Խաչատրյանի պատասխան խոսքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել