Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խիղճ ունեցեք եւ լաչառություն մի արեք»

Նոյեմբեր 15,2007 00:00

Սուքիասյաններին խորհուրդ է տալիս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Երեկ հերթական անգամ կազմակերպվել էր «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսը, որի ժամանակ հիմնականում ցուցադրվում է գյուղատնտեսական արտադրանք: Երեկ ցուցահանդես էր այցելել նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա շրջում էր բոլոր տաղավարների մոտով ու ժամանակ առ ժամանակ համտեսում արտադրողների առաջարկած պոմիդորի, սմբուկի ու պղպեղի պահածոները՝ ընթացքում էլ զրուցում ընկերությունների ներկայացուցիչների հետ: Իսկ ցուցահանդեսում տեղադրված էին տարբեր գյուղմթերքներ, պահածոներ, թթուներ, հացաբուլկեղեն, թխվածքաբլիթներ, հյութեր ու մուրաբաներ: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցի ժամանակ Ռ. Քոչարյանն ասաց, որ արտադրողներն իրեն վստահեցնում էին, թե արտադրանքի իրացման հետ կապված որեւէ խնդիր չեն ունենում: Նկատենք, որ եթե, ասենք, ցուցահանդեսին ներկա «Թամարա» ընկերության մուրաբաները լավ իրացվում են՝ դրանով չի կարելի ասել, թե գյուղատնտեսական արտադրանքը մեր երկրում «թռցնում» են եւ իրացման հետ կապված դժվարություններ չեն առաջանում: Նույն գյուղացին, որն օրնիբուն քրտինք է թափում ամեն մի կարտոֆիլի ու կաղամբի համար, կռիվ է տալիս երաշտի ու կարկուտի դեմ, բերքը հավաքելուց հետո նույնիսկ հեռավոր գյուղերից Մալաթիայի շուկա հասցնելուց հետո մեծ դժվարությամբ է կարողանում այն իրացնել: Գյուղմթերքների իրացման հետ կապված խնդիրներին ծանոթանալու համար նախագահը, թերեւս, կարող է գոնե մեկ անգամ այցելել հենց Մալաթիայի մթերքի շուկա ու գյուղացիների հետ զրուցել:

Այնուամենայնիվ, նախագահն այնքան փայլուն տպավորություններ էր ստացել ցուցահանդեսից, որ չէր ցանկանում պատասխանել լրագրողների՝ իր համար անցանկալի հարցերին: Օրինակ, հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք առաջին նախագահի շանսերը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ չի ցանկանում ցուցահանդեսից ստացած գեղեցիկ տպավորությունը փչացնել: Այդուհանդերձ, նախագահը ցանկացավ խոսել Սուքիասյանների ընկերություններում հարկային մարմինների իրականացրած ստուգումների մասին. «Կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում նվազեցնել իրենց բիզնեսի ստվերային հատվածը, փորձում են քաղաքականացնել հարցերը, աղմուկ բարձրացնել եւ լաչառություն անել, միայն թե ավելի շատ հարկեր չփոխանցեն բյուջե: Կարծում եմ, որ սոցիալական հավասարության մասին խոսող հարուստ մարդիկ պետք է խիղճ ունենան եւ սոցիալական խնդիրների լուծման համար իրենց եկամուտներից միջոցներ տրամադրեն պետությանը: Այս լաչառությունը ոչ մի լավ բանի չի բերի, իսկ բարեխիղճ հարկատուները միշտ հարգված կլինեն Հայաստանում: Մենք կհրապարակենք «Սիլ գրուպում» ստուգումների արդյունքները, եւ դուք կտեսնեք, թե այդ գործարարն ինչպես էր խաբում Հայաստանի Հանրապետությանը»: Հարցին՝ կարո՞ղ է Հայաստանում գործարարը լինել ընդդիմադիր հայացքի տեր եւ չենթարկվել հետապնդման՝ Ռ. Քոչարյանը պատասխանեց. «Մենք հարկային քաղաքականությամբ շատ ավելի հետեւողական մոտեցում ենք դրսեւորում բոլորի նկատմամբ, եւ չկա մի գործարար, լինի դա ձեր որակումով, այսպես ասած՝ իշխանամետ կամ ընդդիմադիր, բոլորը այսօր բերվում են հավասար հարկային դաշտ: Մենք տարվա վերջում կհրապարակենք նաեւ խոշոր հարկատուների ցուցակը, ոնց որ միշտ անում է հարկային ծառայությունը, եւ դուք կտեսնեք, թե ինչքանով են ավելացրել իրենց հարկային մուծումները բոլորը: Բոլորը, նաեւ պատգամավորներ, որոնք հայտնի են իրենց գործարար համբավով: Այսինքն, կան մարդիկ, որոնք հասկանում են, որ պետությունն այս հակակոռուպցիոն քաղաքականությունն է որդեգրել եւ հետեւողական է»: Նկատենք, որ հարկայինն արդեն հրապարակել է այս տարվա 9 ամիսների խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի, Գագիկ Ծառուկյանի բոլոր ընկերությունները միասին վճարել են ընդամենը 1 մլրդ 467 մլն դրամ, Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշը» շարունակում է նույնքան հարկ վճարել, որքան նախորդ տարի, իսկ Միխայիլ Բաղդասարովը գնալով հարկատուների ցանկից հանում է իր ընկերությունները, իսկ եղածների համար էլ վճարում չնչին հարկեր: Հարկայինն այս ընկերությունների «լաչառությունը» չի ուզում նկատել ու այնտեղ ստուգումներ անցկացնելու մասին չի էլ մտածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել