Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՓՈՍՏՈՒՄ «ԱՆՑՅԱԼԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ» ԵՆ ԱՐԵԼ

Նոյեմբեր 15,2007 00:00

\"\"Ընկերությունում զանգվածային կադրային կրճատումների ժամանակ պարզապես ազատվել են անկարգապահ աշխատակիցներից:

«Հայփոստը» մեռյալ, հին կարգերով աշխատող, չկազմակերպված ու անկարգապահ աշխատողներով մի ընկերություն է եղել՝ մինչեւ հոլանդացիների գալը: Երբ հոլանդական ընկերությունը ստանձնել է «Հայփոստը» կառավարելու գործը՝ որոշել է այնտեղ իսկական «ցոՏՐՍՈ» անել: Այդ մաքրության արդյունքում էլ հենց տեղի են ունեցել ընկերությունում զանգվածային կադրային կրճատումները: Բոլոր անպետք աշխատողները, չնայած որ երկար տարիներ աշխատել են ընկերությունում, այժմ դարձել են գործազուրկ: «Հայփոստի» ղեկավարները մինչ օրս որեւէ պարզաբանում չէին տալիս այդ կրճատումների հետ կապված: Երեկ ընկերության հոլանդացի տնօրեն Հանս Բոոնը միտքը փոխել էր: Նա ասուլիս էր հրավիրել՝ ասելու, որ ընկերությունում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, պարզապես ինքը «մաքրություն» է արել: «Մեր կադրային քաղաքականությունը դիտվել է որպես կարգապահական միջոցառում: Դա անցյալի մաքրման քայլ էր: Աշխատանքից հեռացվել են այն մարդիկ, ովքեր գործ չունեին անելու, հեռացվել են այն անձինք, ովքեր գործել են «Հայփոստի» դեմ: Մենք ունենք կարգապահության կանոններ, եթե մեկը դրան հակառակ է գործում, մի քանի տարի դա չենք կարող հանդուրժել»,- ասաց պարոն Բոոնը: Նրա խոսքերից կարելի է ենթադրել, որ ընկերության հարյուրավոր աշխատակիցներ, որոնք վերջին ամիսներին կրճատվել են, անկարգապահ են եղել: Թե ինչպե՞ս է արտահայտվել այդ մասնագետների անկարգապահությունը՝ Հ. Բոոնը չմեկնաբանեց:

Նշենք, որ կրճատված աշխատողները բողոքում էին, որ վերջին շրջանում հոլանդացի սեփականատերերը գործազուրկ են դարձրել ավելի քան 270 մասնագետի: «Հայփոստի» արհմիության կոմիտեի նախագահ Սերգեյ Արզրումցյանի ներկայացմամբ՝ աշխատանքից հեռացրել են այն մարդկանց, ովքեր երբեւէ չեն թերացել իրենց գործում, հեռացվել են նաեւ հղիներ եւ չունեւոր ընտանիքների հայրեր: Սակայն Հանս Բոոնի վստահեցմամբ՝ իրենք կրճատել են ընդամենը 100 աշխատակցի: Ներկայումս ընկերությունում աշխատողների ունակություններն ու հմտություններն էլ չեն բավարարում հոլանդացիներին: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ արդյո՞ք կրճատված աշխատակիցները լավ, փորձառու մասնագետներ չեն եղել՝ Հ. Բոոնը պատասխանեց. «Ներկայումս էլ շատ քիչ աշխատողներ են համապատասխանում միջազգային պահանջներին»: Բայց նրանց պարոն Բոոնը կրճատելու պլաններ չունի. ուզում է բոլորին տանել միջազգային կազմակերպություններում վերապատրաստման:

Հանս Բոոնի գնահատմամբ՝ «Հայփոստում» դեռեւս խորհրդային տարիներից ոչինչ չի փոխվել: Ընկերությունում դրամական շորթումները շատ էին, անգամ մի քանի միջազգային կազմակերպություններ աուդիտորական ստուգումներ են անցկացրել եւ միայն այն պատճառով ակտ չեն կազմել, որ չեն կարողացել բացահայտել ու ապացուցել»:

Ըստ ընկերության տվյալների, ունեն 3800 աշխատակից: Բոոնի խոսքերով՝ աշխատակիցների նման թվի համեմատ այսօրվա ծանրաբեռնվածությունը քիչ է, քանի որ արտադրողականությունը ցածր է. «Անգամ Սոմալիում կամ Կոնգոյում այդքան ցածր չէ, իսկ Մոլդովայի հետ համեմատած, արտադրողականությունը գրեթե 100%-ով ցածր է, բայց ոչ թե այն պատճառով, որ աշխատակիցները ծույլ են, այլ կազմակերպվածությունն ու կառուցվածքն է հին»:

Հոլանդացիները դժգոհ են նաեւ ընկերությունից ստացված եկամուտներից: Բայց լավ եկամուտ ստանալու համար նախ պետք է առատաձեռն ներդրումներ կատարել, ինչը Հանս Բոոնը դեռ չի արել: Լրագրողների հարցին՝ որքա՞ն ներդրումներ եք կատարել ընկերությունում, պարոն Բոոնը հրաժարվեց պատասխանել՝ խոստանալով այդ տվյալները ներկայացնել մի քանի շաբաթից: Նրա խոսքերով՝ «Նախկինում մեկ աշխատողն օրական սպասարկում էր 1-2 նամակ, իսկ այսօր՝ 5-6: Ճիշտ է, դա մեծ թիվ չէ, բայց արտադրողականության որոշակի բարձրացում կա: Մոտակա 5-6 տարիների ընթացքում մոտ 60 %-ով կավելանա արտադրողականությունը: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ վերջին 9 ամիսներին մեր եկամուտները 40%-ով աճել են: Բայց մեր ծախսերը եկամուտներից շատ են»:

Երեկ «Հայփոստի» ղեկավարությունը հանդիպել է նաեւ արհմիության աշխատակիցների հետ, որի ընթացքում քննարկվել են կոլեկտիվ պայմանագրի դրույթները: Արհմիության կոմիտեի նախագահ Սերգեյ Արզրումցյանի խոսքերով՝ հոլանդացի ղեկավարներն արդեն իրենց վերաբերմունքը փոխել են. «Առաջ եթե անգամ չէին ուզում հանդիպել մեզ հետ կամ լավ չէին խոսում, հիմա այլ կերպ են վերաբերվում: Մենք նաեւ կարողացել ենք որոշ հեռացված աշխատակիցների վերականգնել «Հայփոստում»: Մեզ խոստացան, որ ընդամենը մի քանի աշխատակցի կրճատում կարող է լինել, բայց նախապես այդ մասին տեղյակ պիտի պահեն: Այժմ ստեղծվել է երկկողմ հանձնաժողով, որը կվերանայի ե՛ւ պայմանագրերը, ե՛ւ որոշ աշխատատեղեր»:

Ընկերության նախագահը լրագրողներին նույնպես խոստացավ, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում այլեւս կրճատումներ չեն անի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել