Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՃԽ-ն խորապես անհանգստացած է

Նոյեմբեր 15,2007 00:00

«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է դադարեցնեն սպառազինությունների վտանգավոր մրցավազքը եւ զսպեն ռազմատենչ հայտարարությունները, դրանք փոխարինելով ղարաբաղյան տարածաշրջանում իրավիճակը բանակցություններով կարգավորելու ջանքերով»: LՂ հակամարտության վերաբերյալ իր հերթական զեկույցում այսպիսի համոզմունք է հայտնել Միջազգային ճգնաժամային խումբը:

ՄՃԽ-ի «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի հնարավոր վտանգ» վերնագրված այս նոր փաստաթուղթն ուսումնասիրում է հակամարտության անտեսման հետ կապված վտանգները ինչպես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար: Զեկույցում նաեւ ասված է. «Նավթային եկամուտները Ադրբեջանին թույլ են տվել վերագտնել ինքնավստահությունն ու վերակառուցել զինուժը: Հայաստանը սպասվածից առավել տնտեսական արդյունքների է հասել եւ մեծացրել սեփական ռազմական ծախսերը: Այսօր այս երկու երկրներն ընդլայնում են իրենց ռազմական ներուժն ու նրանցից եւ ոչ մեկը չի համարում, որ եկել է փոխզիջումների ժամանակը»:

ՄՃԽ-ի Կովկասյան ծրագրի տնօրեն Մագդալենա Ֆրիչովան հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ամենայն լրջությամբ ընկալի պատերազմի վտանգը, նշելով. «Ռազմական հակամարտության վտանգն աճում է, իսկ ջանքերը թուլացնելուց բխող սպառնալիքները հսկայական են»:

Ապա զեկույցն արձանագրում է. «Հայերն ու ադրբեջանցիները 1990-ականների սկզբին պատերազմել են այդ լեռնային ծայրամասի համար, որի հետեւանքով 22-25 հազար մարդ վախճանվել է, ավելի քան մեկ միլիոն մարդ երկու երկրներում դարձել է փախստական կամ բռնի տեղահանված: Այսօր էթնիկ հայկական ուժերը զբաղեցնում են Լեռնային Ղարաբաղի եւ հարակից ադրբեջանական տարածքների մեծ մասը: Կողմերի քաղաքական կամքի բացակայությունն ու միջազգային համայնքի անբավարար վճռականությունը մշտապես խաթարել են դիվանագիտական հանգուցալուծման հույսը: Վերջին տարիների ընթացքում երկու երկրների ղեկավարություններն իրենց հասարակություններին գնալով ավելի են տրամադրել փոխզիջման դեմ, միաժամանակ մեծացնելով ռազմական ծախսերը: Երկու միտումն էլ պետք է ետ շրջել»:

Ըստ ՄՃԽ-ի, պրահյան գործընթացի շրջանակում ընթացող ներկայիս բանակցությունները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հովանավորությամբ, կարող են հիմք ծառայել խաղաղ կարգավորման համար: «2008-ին Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները կբարդացնեն քաղաքական միջավայրը: Ուստի՝ կողմերը մինչ ընտրությունները պետք է հիմնական սկզբունքներն ամրագրող փաստաթուղթ ընդունեն, անգամ եթե դրանում նշված լինեն դեռեւս չհամաձայնեցված կետերը: Դա թույլ կտա պահպանել այն, ինչ համաձայնեցված է մինչ այսօր, եւ շարունակել գործընթացը մյուս տարվա ընթացքում»,- շարունակում է ՄՃԽ-ն եւ իբրեւ եզրակացություն բերում է կազմակերպության Եվրոպական վարչության տնօրեն Սաբինա Ֆրեիզերի հետեւյալ խոսքը. «Միջազգային հանրությունը պետք է լուրջ ճնշում գործադրի խաղաղությանը հասնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել