Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հավատարմության երդումներ

Նոյեմբեր 15,2007 00:00

ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը վստահ է, որ ՀՀԿ-ի քաղաքական կապիտալն ամենամեծն է, իսկ Խոսրով Հարությունյանը հերթական անգամ ճիշտ կողմնորոշվեց:

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր (Վարդենիս) Հակոբ Հակոբյանը երեկ լրագրողներին բացատրում էր, որ մեր երկրում մայիսի 12-ին տեղի են ունեցել ազատ եւ արդար ընտրություններ եւ որպես իր ասածի ապացույց՝ հղում էր կատարում միջազգային կառույցների գնահատականներին: «Ուրբաթ» ակումբի հանրապետական հյուրից լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ քաղաքական կապիտալը գրված թվե՞րն են, թե՞ կուսակցության իրական ձայները: Հակոբ Հակոբյանը ի պատասխան ասաց, որ ինքը չգիտի, թե հասարակության որ անդամներն են նման կարծիք հայտնում. «Օրինակ, եթե «ՆԱՍԱ»-ն ասեր, որ ինքը տեսել է այլմոլորակային, ես կհավատամ, եթե ձեզանից որեւէ մեկն ասի, ես չեմ հավատա: Ես ունեմ 4 անգամվա մեծամասնական ընտրության փորձ, որից 3-ում հաղթել եմ, եւ ես ՀՀ քաղաքացի եմ եւ նույնիսկ իմ տեսածը, իմ փորձը ձեզ չեմ ասում, ես վկայակոչում եմ հեղինակավոր կազմակերպությունների ասածը»: «Առավոտը» փորձեց հասկանալ՝ ինչպե՞ս է Հանրապետականը փորձելու անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, որպես իշխող քաղաքական ուժ ՀՀԿ-ն ունի՞ բավարար քաղաքական կամք՝ ընտրությունների միջազգային չափանիշները պահպանելու համար, որպեսզի այդ ընտրություններից հետո որեւէ քաղաքական ուժ, անգամ ՀՀԿ-ն չսիրող որեւէ մեկը կամ որեւէ լրագրող չկարողանա ասել, թե ընտրությունները կեղծված են: Ի պատասխան, պարոն Հակոբյանը նկատեց, որ ինքը նկատի ունի մայիսի 12-ի ընտրությունները. «Եվ եթե դուք ուզում եք ասել, որ ձեր կարծիքն ավելին է կամ հասարակության համար ավելի կարեւոր է, քան թե իմը, ես էլի դեմ եմ, եթե դուք ուզում եք ձեր կարծիքը համեմատել էն ընկերոջ կարծիքի հետ, ես էլի դեմ եմ, նման դեպքում կան միջազգային կառույցներ, որոնք կարծիք են հայտնում ոչ թե մեզ համար, այլ աշխարհի համար: Ընտրությունները մենք անում ենք մեզ համար, իրենք կարծիքը հայտնում են աշխարհի համար»:

«Փորձ է արվում ամեն ինչ բացառապես քաղաքական ենթատեքստով ներկայացնել: Գուցե ստուգումների ժամանակ նման ենթատեքստով հանդես գալը շահեկան էլ է: Բայց որքան ես եմ տեղյակ, այդ ստուգումները նախատեսված էին դեռ վաղուց, եւ դա տեղավորվում էր ընդհանուր այս հարկային քաղաքականության կոշտացման մեջ: Այդ հայտարարություններով ուղղակի փորձեցին կանխել ստուգումները: Ինչքան իմ տեղեկատվությունն է, Խաչատուր Սուքիասյանի պարագայում քաղաքական գործոնը եթե կա էլ՝ ամենավերջին գործոններից է»,- երեկ «Փաստարկ» ակումբում, ի պատասխան լրագրողների հարցերի, նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Կուսակցության քաղխորհրդի նիստը դեռ կորոշի՝ ինչ կեցվածք ընդունել նախագահական ընտրությունների ժամանակ: Իսկ մինչ այդ, կուսակցության լիդերը չի բացառում, որ իրենք կպաշտպանեն Հանրապետական կուսակցության թեկնածուին, քանզի ՀՔԴՄ-ի ծրագրերին առավել համահունչ են հենց ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի կառավարության առաջարկած ծրագրերը: Կանխորոշելով նախագահական պայքարի երկու փուլ՝ երկրորդ փուլում իբրեւ հիմնական մրցակիցներ, ՔԴՄ նախագահը տեսնում է գործող վարչապետին եւ առաջին նախագահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել