Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ՝ ՕԲՅԵԿՏԻՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 15,2007 00:00

\"\"Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը

Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունների շեմին մեր հասարակությունը, հակառակ իշխանությունների ցանկությանը, սկսել է ինքնամաքրման, նաեւ քաղաքական դաշտն առողջացնելու գործընթաց: Այս համոզմունքը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Նրա ասելով՝ «թեեւ գործող իշխանությունները վերջին տասնամյակում ամեն ինչ արել էին քաղաքական դաշտը փոշիացնելու, այլասերելու, գաղափարազրկելու ու լիովին կաթվածահար անելու համար՝ լավ հասկանալով, որ միայն այդպիսի քաղաքական դաշտի առկայությամբ էր հնարավոր կլանային ու հանցագործ իշխանության վերարտադրությունն ու գոյատեւումը, այդուհանդերձ, չէին էլ ենթադրել, որ քաղաքական դաշտի մասնատման ու փոշիացման պարագայում հասարակությունը, ինչ-որ պահից սկսած, քաղաքական ուժերին վերապահված այդ գործառույթները վերցնելու է իր վրա: Այժմ մենք հենց դրա ականատեսն ենք դառնում»: Պարոն Այվազյանի մատուցմամբ, այսօր հասարակությունն ակտիվանում է, եւ դա ենթադրում է նոր շարժման սկիզբ:

Ըստ մեր զրուցակցի, հասարակությանն ու պետությանը հյուծող ատելության եւ անվստահության մթնոլորտը, պետության ու հասարակության օտարացումը, իշխանական եւ ֆինանսական վերնախավի միաձուլումն ու նրա քրեածին բնույթը մեր պետության գոյատեւումը վտանգող եւ հասարակական զարգացումը ճահճացնող երեւույթներ են: «Դրանք արդեն այնքան են խորացել, որ առանց հասարակության ակտիվ միջամտության այլեւս վերացվել չեն կարող: Այս պայմաններում հասարակական պահանջը համախմբող եւ առաջնորդող այնպիսի ուժերի ձեւավորումն է, որոնց գերխնդիրը պետք է լինի հիշյալ երեւույթների վերացումն ու իշխանության ենթակայեցումը ժողովրդին: Հենց հասարակական պահանջով է պայմանավորված ՀՀ առաջին նախագահի վերադարձը քաղաքական ասպարեզ, եւ միայն այդ հասարակական պահանջով կարելի է բացատրել հանրապետության առաջին նախագահի շուրջը նոր որակի՝ հասարակությանն ու քաղաքական դաշտին համախմբող, վերկուսակցական ուժերի ձեւավորումը»,- կարծիք հայտնեց Ս. Այվազյանը: Ըստ նրա, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն նաեւ օբյեկտիվ անհրաժեշտություն է, ու պատահական չէ, որ հենց այս իրավիճակում, «երբ պետք է լուծել անլուծելի թվացող խնդիր, երբ ստանդարտ մտածելակերպը միայն նահանջ ու համակերպում է ենթադրում, այդ ուժերը պետք է գային քաղաքական ասպարեզ։ Դա եւս խոսում է այդ ուժերի կողմից իրավիճակը ճիշտ գնահատելու եւ ղեկավարելու կարողության մասին։ Իմ ասածների լավագույն ապացույցը հոկտեմբերի 26-ի միտինգում Լ. Տեր-Պետրոսյանի ելույթն էր, որտեղ նա բոլորի համար շատ պարզ ու հասկանալի ձեւով, «ավազակապետության ապամոնտաժում» տերմինով ձեւակերպեց այն, ինչ ուզում էր մեր ողջ ժողովուրդը, եւ ինչը արդեն դարձել է հասարակությանը համախմբող գաղափար։ Ես վստահ եմ, որ հաջորդ հանրահավաքներում կհնչեցվեն հասարակությանը համախմբող այլ գաղափարներ, որոնք կուրվագծեն մեր ժողովրդի երազած Հայաստանի պատկերը»:

Սակայն հասարակության մի ստվար հատվածն այսօր համարում է, որ ներկա իշխանությունները նախորդների օրգանական շարունակությունն են, ավելին՝ դրանց «կատարյալ» տարբերակն են՝ դրա բացասական իմաստով, իսկ ՀՀ առաջին նախագահը նախորդ իշխանության մարմնավորումն է:

Ս. Այվազյանը մասամբ համաձայնեց այս տեսակետի հետ՝ հավելելով, թե իրավիճակն այդպիսին ներկայացնելը հիմա «բացարձակ անմտություն է եւ ունի միայն հասարակությանը մոլորեցնելու նպատակ», որը, ըստ նրա, շրջանառության մեջ են դրել իշխանությունները՝ «երկրում իրենց կողմից իրականացվող հակաժողովրդական, հանցավոր արարքները ուրիշներին վերագրելու, հասարակության համախմբումը կանխելու եւ նրա զայրույթը գործող իշխանություններից հեռացնելու նպատակով»: Ընդդիմության ներկայացուցչի համոզմամբ, նման տեսակետները ձեւավորվում են քարոզչության, այդ թվում նաեւ՝ իշխանական ԶԼՄ-ների միջոցով: «Եկեք չմոռանանք, որ վերջին 10 տարում ով ինչ հանցագործություն անում էր, էլի մատնացույց էր անում նախկին իշխանություններին: Երկիրը թալանում էին, բայց մեղադրում էին նախկիններին, մարդկանց ունեցվածքը խլում, տներից դուրս էին շպրտում՝ մատնացույց էին անում նախկիններին։ Այսինքն՝ տասնյակ թերթեր, ռադիոկայաններ ու հեռուստաալիքներ 10 տարուց ավելի հասարակությանը միտումնավոր մատուցել են կեղծ տեղեկատվություն՝ նրա զայրույթն ուղղելով արդեն 10 տարի իշխանություն չունեցող եւ մեր պետության հիմնադիր ուժերի դեմ՝ հույսով, որ հասարակությունը կխաբվի եւ աչք կփակի գործող ռեժիմի հանցավոր գործելակերպի վրա: Կարծում եմ, գործող իշխանությունների այդ քաղաքականությունն ինչ-որ տեղ հաջողվել է, եւ հասարակության ներսում «նախկինների» նկատմամբ առկա բացասական դիրքորոշման 90%-ը ռեժիմի կողմից մատուցված կեղծ տեղեկատվության արդյունք է՝ սկսած էներգետիկ ճգնաժամից, վերջացրած քաղաքական սպանություններով»,- համոզված է Ս. Այվազյանը: Միաժամանակ, վերջինս չժխտեց, որ նախկին իշխանությունների օրոք եղել են սխալներ ու բացթողումներ. «Բայց եկեք չմոռանանք, որ այն ժամանակ մարդիկ ղեկավարում էին նորաստեղծ պետություն, որ մեզանում բացակայում էր ժողովրդավարական պետություն ունենալու փորձը, որ Հայաստանը ապրում ու գոյատեւում էր պատերազմի ու լիակատար շրջափակման, ամեն ամիս երկաթգիծ ու գազամուղ էր պայթեցվում: Բայց անգամ դրանով հանդերձ, մեր երկիրը կարողացավ ոչ միայն հաղթել պատերազմը, այլեւ հաղթահարել էներգետիկ ու պարենային մարտահրավերները: Վստահ եմ, որ մեր ժողովուրդն էլ այդ դժվարին տարիներն ու մեր տարած հաղթանակները չի մոռացել, իսկ այն տեղեկատվությունը, մերկապարանոց հայտարարությունները, որոնք հատկապես այս օրերին՝ Լ. Տեր-Պետրոսյանի՝ որպես ՀՀ նախագահ առաջադրվելու պայմաններում են տարածվում, այն էլ բամբասանքի մակարդակով, չեն կարող առաջիկա զարգացումների ընթացքը փոխել, որովհետեւ, անկախ սոցիալական վիճակից ու կենսապայմաններից, ժողովուրդը երբեք չի կորցնում համեմատելու եւ գնահատելու կարողությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել