Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՏ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Նոյեմբեր 15,2007 00:00

Եթե, ինչպես պնդում է վարչապետը՝ շատ սովորական են այն ստուգումները, որոնք հարկային ծառայությունն անցկացնում է «ՍԻԼ»-ում, մնում է միայն սարսափով պատկերացնել, թե ինչպիսին կարող են լինել ոչ սովորականները:

«Փոխադարձ հարգանքի, համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումը չափազանց կարեւոր է կառավարության արդյունավետ գործունեության համար»,- ԱԺ-ում նոյեմբերի 13-ին վարչապետ Սերժ Սարգսյանի ելույթի այս տողերը երեկ կառավարության հարցուպատասխանի ընթացքում հիշեցրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ հետաքրքրվելով. թե նման հայտարարության համատեքստում ինչպե՞ս կարելի է բացատրել այն իրողությունը, որ «ՍԻԼ»-ի բոլոր ձեռնարկությունները ենթարկվում են ստուգումների, եւ արդյոք սա պայմանավորվա՞ծ չէ «ՍԻԼ»-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի քաղաքական կողմնորոշմամբ: Վարչապետն ի պատասխան ասաց. «Մեր տնտեսությունը զարգացնելու եւ հաջողության հասնելու ամենահիմնական գործիքը հանրապետությունում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումն է: Բայց ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մենք տարբեր կերպ ենք ընկալում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում ասածը: Խոսքս Ձեր մասին չէ: Խոսքս այն լրատվամիջոցների եւ մարդկանց մասին է, ովքեր շատ սովորական ստուգումներից աղմուկ են բարձրացնում»:

Փաստորեն, շատ սովորական են այն ստուգումները, որոնց ի սկզբանե՝ չնայած հարկային խախտումների, հանցագործության մասին տվյալների բացակայությանը՝ ներգրավվում են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության եւ ԱԱԾ-ի աշխատակիցները: Սովորական երեւույթ է, որ թեեւ հարկային տեսչության հանձնարարականով տվյալ գործարանում ստուգումներ իրականացնելու իրավունք են ունենում միայն 9 տեսուչ, սակայն իրականում ներկա են լինում 15-ից ավելին: Շատ ու շատ սովորական է, երբ գործարանի աշխատակիցներին բերման են ենթարկում 6-րդ վարչություն եւ թույլ չեն տալիս, որ փաստաբանները ներկա լինեն նրանց հարցաքննությանը: Եվ վերջապես՝ խիստ սովորական է, որ ստուգման պատրվակով եւ օրենքի խախտմամբ ձեռնարկությունից առգրավում են այն միջոցները, որոնք անհնարին են դարձնում տնտեսվարողի հետագա գործունեությունը:

«Ի՞նչ եք կարծում, եթե մարդը քաղաքականությամբ է զբաղվում, ապա նա պետք է դո՞ւրս մնա հարկային ոլորտից,- Անահիտ Բախշյանի հարցին պատասխան հարց ուղղեց Սերժ Սարգսյանը:- Այդ ե՞րբ չեն ստուգել ե՛ւ նույն «ՍԻԼ գրուպի», եւ, մնացածների հարկային գործունեությունը: Եթե որեւէ մտահոգիչ բան չկա՝ ինչի՞ ես աղմկում, զուտ տնտեսական գործունեությունը ինչո՞ւ է քաղաքականացվում: Ինձ համար ուղղակի տարօրինակ է, գիտե՞ք: Շա՛տ տարօրինակ: Ուզում եմ ձեզ ասել, որ, այո՛, հարկային քաղաքականությունը հանրապետությունում խստացվելու է: Խստացվելու է, որովհետեւ դա հավասար մրցակցային դաշտ ստեղծելու առաջին նախապայմանն է»:

Հավասար մրցակցության կապակցությամբ հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն առաջարկել էր՝ թող հարկային մարմինները «Պիցցա դի Ռոմա» սրճարանների աշխատանքը, վճարած հարկերը վերլուծեն ու համեմատեն «Ջազզվե»-ների ցանցի հետ: Հիշեցնենք, որ «Ջազզվե»-ի սեփականատերերից է վարչապետի օգնականը եւ դստեր ամուսինը՝ Միքայել Մինասյանը: Առայժմ հայտնի չէ՝ օրենսդրությամբ սահմանված նման վերլուծություն իրոք արվե՞լ է, եւ «Ջազզվե»-ում է՞լ են ընթանում համանման շա՜տ սովորական ստուգումներ: Անահիտ Բախշյանը նույնպես Սերժ Սարգսյանի պատասխանը լսելուց հետո ակնարկեց, թե պետք է օրինականություն հաստատել սկսել առաջին հերթին հենց քեզնից: «Ես ինձնից շատ վաղուց եմ սկսել եւ կուզենայի, որպեսզի շատ մարդիկ իմ չափ լինեին օրինապահ՝ սկսած կարմիր լույսի տակ կանգնելուց,- պատասխանեց վարչապետը:- Կառաջարկեի, որ դուք ուշադրությամբ նայեիք այն ցուցակը, որն արդեն տարիների ընթացքում հրապարակում են հարկային, մաքսային մարմինները, եւ տեսնեիք՝ ովքե՞ր են այնտեղ շատ հարկատուները, այդ մարդիկ ինձ հետ որեւէ առնչություն ունե՞ն, թե՞ չէ, երբեւէ մենք ուսանողական տարիներին միասին սովորե՞լ ենք, թե՞ չէ (ակնհայտորեն խոսքը «Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի մասին է.- Ա. Ի.): Այս առումով, որեւէ մեկը ինձ չի կարող կշտամբել: Եվ ես երբեք բարոյական իրավունք չէի ունենա որեւէ մեկին ցուցում տալու, եթե ես երբեւէ հարկային կամ մաքսային մարմիններից փորձեի պաշտպանել իմ ծանոթ բարեկամներին: Սա իրականություն է: Ես հասկանում եմ, որ դուք դժվար եք հավատում դրան, բայց սա իրականություն է: Հասկանո՞ւմ եք, ես չեմ կարող ոչ միայն ամբիոնից, այլեւ ընդհանրապես՝ չեմ կարող մեկի աչքին նայել ու սուտ ասել: Կարող են վկայել մեր հարկային եւ մաքսային մարմինները»:

Հետո պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք իր մերձավոր գործարարների՞ց չէ Միքայել Բաղդասարովը, եւ եթե այո՝ ինչպե՞ս է բացատրում այն հանգամանքը, որ նրան պատկանող «Միկա ցեմենտ»-ը անգամ 300 խոշոր հարկատուների ցանկում չէ՝ 551-րդ տեղում է, վարչապետը պատասխանեց, թե Բաղդասարովն իր մերձավորներից չէ՝ առաջարկելով մնացած հարցերն ուղղել այդ գործարարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել