Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆՈՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԿԵՐՏՎԻ»

Նոյեմբեր 14,2007 00:00

\"\"«Հասարակական բարեփոխումները եւ ինքնության հիմնախնդիրը հայ հասարակությունում» թեմայով գիտաժողովին հայտնեց հայտնի սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը:

«Արտագաղթը միակ խնդիրն է, որն ընդհանուր է հայերի եւ ադրբեջանցիների համար: Չնայած Ադրբեջանի տնտեսական զարգացածության աստիճանին, աշխատուժի արտագաղթն այստեղ բարձր մակարդակի վրա է: Հայաստանում հիմնականում կանայք են այս խնդրի զոհը դառնում, միաժամանակ կատարելով եւ հայրական, եւ մայրական պարտականություններ»,- երեկ «Առավոտին» ասաց Տեխասի համալսարանի դոկտոր Սինթիա Ջ. Բաքլին: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի՝ ամեն տարի նշվող օրվա կապակցությամբ կազմակերպված գիտաժողովին քննարկվեցին նաեւ «Ինքնությունը որպես խմբային ինքնանույնացում. ազգը ժամանակակից պայմաններում», «Հուշարձանները կոնֆլիկտի գոտում. ինքնությունը եւ պահպանությունը» թեմաներին վերաբերող հարցեր: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը փաստեց. «Հայ ինքնությունը ճգնաժամ է ապրում, որը սկսվել է 1991-ից: Եղեռնից հետո ձեւավորվել էր որոշակի ինքնություն, ըստ որի՝ հայերը զոհի, արդարության կողմնակցի, ճնշված ժողովրդի դերում էին, իսկ ղարաբաղյան պատերազմի հաղթանակից հետո հարց առաջացավ, թե ո՞վ ենք մենք: Եթե նախկինում գիտեինք մեր թշնամիներին ու բարեկամներին, այսօր լուրջ հարցականների առաջ ենք կանգնած, ուստի առաջանում է նոր ինքնության կերտման խնդիրը»: Հետո էլ տիկ. Հարությունյանը անդրադարձավ սոցիոլոգիա գիտության դերին, այսօրվա «վայ» սոցիոլոգների վնասակար ազդեցությանը. «Սոցիոլոգիան հարցաթերթիկների, իմիջմեյքերների, քաղաքական այս կամ այն գործչի օգտին խոսելու հետ կապ չունի: Ընտրական գործընթացներին այս կամ այն կողմից ծառայելն էլ վնաս է հասցնում գիտությանը: Ցավոք, դրա մասին չգիտի հասարակությունը»:

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Մկրտչյանն էլ առաջարկեց հայ ինքնության պահպանությունը եւ ներկայումս իրականացվող բարեփոխումները քննարկել միասին. «Գիտական ուսումնասիրություններում հաճախ դրանք չեն միակցվում, այնինչ, միասնական քննարկումը հնարավորություն կտա հարմարվել համաշխարհային գործընթացներին եւ դիմակայել մարտահրավերներին»: Պարոն Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե հայերի ինքնության պահպանությունը ավելի շատ մե՞ր ձեռքում է, թե՞ կախված է արտաքին ազդեցություններից: «Որպես ազգ, մեր ինքնության պահպանությունը մեր ձեռքում պիտի պահենք: Առաջին հերթին պիտի դադարենք քայլել՝ հետ նայելով»,- պատասխանեց նա:

Ի տարբերություն շատերի, որոնք պնդում են, թե հայագիտությունը քիչ-քիչ մեռնում է, մեր զրուցակիցը կարծում է, որ «այն նորովի պիտի իմաստավորենք, քանի որ այն ժամանակին համահունչ չէ: Գոյություն ունի հին հայագիտություն, որը հիմնականում թելադրվում է դրսից: Օրինակ, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում հայագետը զբաղվում է հայերենով եւ հայերի ինքնությամբ, բայց չի կարողանում ուսումնասիրել ներկան: Այդ հայագիտությունն արդեն հնացած է»: Սինթիա Ջ. Բաքլիից էլ հարցրինք, թե ԱՄՆ-ում ազգային ինքնության պահպանման խնդիր կա՞, արդյոք: Նա պատասխանեց. «Քանի որ մենք ներգաղթածների երկիր ենք, մեզ մոտ էթնիկ տարրերը այնքան ուժեղ չեն, ինչպես Հայաստանում: Ամերիկյան էթնոս գոյություն չունի: Այնինչ, նույնիսկ աշխահով մեկ սփռված լինելով՝ հայերը յուրաքանչյուր երկրում պահպանում են իրենց ազգային ժառանգությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել