Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԻԱՏՈՄՍԵՐԸ ԶԳԱԼԻ ԹԱՆԿԱՑՐԵԼ ԵՆ

Նոյեմբեր 14,2007 00:00

\"\"Ավիաընկերությունները պնդում են, որ դա ոչ թե իրենց ցանկությունն է, այլ՝ Ավիափոխադրողների միջազգային ասոցիացիայի հրամանը:

Այս տարվա նոյեմբերի 1-ից ավիաընկերություններում տոմսերի գները բարձրացել են: Բանն այն է, որ Ավիափոխադրողների միջազգային ասոցիացիան որոշել է այսուհետեւ ավիատոմսերի գինը սահմանել եվրոյով: Հիշեցնենք, որ նախկինում ավիաընկերությունները տոմսի արժեքը սահմանում էին դոլարով:

Այն, որ ավիատոմսերը թանկանում են՝ այդ մասին օրերս ԱԺ-ում հայտնել էր Հանրապետական կուսակցության անդամ Վլադիմիր Բադալյանը: Լուրեր են շրջանառվում, որ պարոն Բադալյանն այս հարցը խորհրդարանում բարձրացրել է՝ անձնական վիրավորանքից դրդված: Ըստ այդ լուրերի, պարոն Բադալյանը ցանկացել է ավիաընկերություններից մեկի ղեկավար պաշտոնում տեղավորել իր բարեկամին, սակայն ընկերության սեփականատերերը չեն համաձայնել: Այդ իսկ պատճառով, Վ. Բադալյանը որոշել է ավիաընկերությունների բոլոր «մութ» գործերը ԱԺ-ում բացահայտել:

Նկատենք, որ մեր երկրում դոլարի կուրսը գնալով ընկնում է, եվրոյի կուրսը, որը նույնպես լողում է, դոլարի համեմատությամբ որոշ չափով կայուն է, ուստի ավիատոմսեր վաճառող մի շարք ընկերությունների շատ ձեռնտու է դոլարից անցել եվրոյի: Սա նաեւ նպաստավոր պայմաններ է ստեղծում՝ ավելի թանկ գնով վաճառել ավիատոմսերն ու ավելի մեծ շահույթներ ստանալ:

Սակայն «Առավոտի» հետ զրույցում մի շարք ավիաընկերություններ հերքեցին, որ իրենց տոմսերը թանկացել են: Նրանց խոսքերով՝ ուղղակի վերահաշվարկ է կատարվել, եւ եթե ավիատոմսը գնում ենք դրամով, գինն առաձնապես չի փոխվել: Սա հաստատեցին նաեւ «Լյուֆթհանզա» ընկերությունից: Չնայած դրան, այս ընկերությունում Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնողների համար ավիատոմսը նախկինում արժեր $669, իսկ այժմ այն արժե 559 եվրո, իսկ Մյունխենինը՝ նախկինում $693 էր, այժմ՝ 549 եվրո: Եթե հաշվենք Կենտրոնական բանկի երեկվա կուրսով՝ մեկ եվրոն 461 դրամ, իսկ դոլարը՝ 317 դրամ, ապա ստացվում է, որ «Լյուֆթհանզան» մոտ 45 հազար դրամով թանկացրել է ԱՄՆ-ի, իսկ 33 հազար դրամով՝ Մյունխենի ավիատոմսերը: «AirPeris»-ի վաճառքի գործակալ Հասմիկ Կիրակոսյանի խոսքերով էլ՝ իրենց ընկերության Նյու Յորք մեկնելու տոմսն արժե 552 եվրո, այնինչ նախկինում արժեցել է $699: Այս դեպքում ավիատոմսը թանկացել է մոտ 32 հազար դրամով: Նույն ընկերության Փարիզ մեկնելու տոմսը նախկինում արժեր $399, հիմա էլ արժե 399 եվրո: Բոլոր ընկերությունները իրենց տոմսերի գները հայտնում էին առանց օդանավակայաններում մուծվող սպասարկման վարձերի, որն էլ տոմսը թանկացնում է մոտավորապես $100-ով:

Բացի այդ, նշենք նաեւ, որ ավիաընկերություններից շատերն իրենց տոմսերի գները հաշվարկում են ոչ թե Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի համաձայն, այլ՝ իրենք ունեն իրենց սահմանած կուրսը, որի արդյունքում ուղեւորը յուրաքանչյուր տոմսի մեջ մոտ 15-20 դոլար ավելի է վճարում, քան տոմսի ֆիքսված արժեքն է: Սա նույնպես մեզ հետ զրույցում հերքեցին ավիաընկերությունները՝ հավաստիացնելով, որ իրենք ընդունում են Կենտրոնական բանկի սահմանած կուրսը: Չհերքեցին միայն «Դիրեժաբլ» եւ «Սիբիր» ավիաընկերություններից՝ ասելով, որ դոլարը, ըստ իրենց սահմանած կուրսի, 331 դրամ է, իսկ եվրոն՝ 481 դրամ:

«Չեխական ավիաուղիներից» մեզ տեղեկացրին, որ իրենք տոմսի գինը հաշվարկում են ԿԲ-ի կուրսով: Նրանք նաեւ ասացին, որ իրենց ընկերության բոլոր ուղղությունների ավիատոմսերը թանկացել են 30%-ով: ԿԲ-ի կուրսով է առաջնորդվում նաեւ «Ատլանտիս» ընկերությունը: bmi-ի վաճառքի գծով տնօրեն Սիմոն Ավագյանի խոսքերով՝ տոմսի գինն ավիաընկերությունները որոշում են Ավիափոխադրողների միջազգային ասոցիացիայի սահմանած կուրսով եւ դոլարից եվրոյի են անցել նաեւ Վրաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի եւ այլ երկրների ավիաընկերությունները: Ի դեպ, նշենք, որ այս թանկացումները վերաբերում են միայն ուղեւորների ավիատոմսերին, իսկ բեռնափոխադրումների գները մնացել են նույնը:

Նշենք, որ ձեւականորեն ավիաընկերություններում տոմսերի վաճառքը կատարվում է դրամով, քանի որ մեր օրենսդրությամբ չի թույլատրվում արտարժույթով առք ու վաճառք կատարել, ուստի ստացվում է, որ երբ ավիաընկերությունները ոչ թե ԿԲ-ի, այլ իրենց կուրսով տոմսի արժեքը հաշվեն՝ 200 եվրո արժողությամբ ավիատոմսի համար ուղեւորները պետք է վճարեն ոչ թե 92 200 դրամ, այլ 96 200 դրամ: Եթե հաշվի առնենք, որ օրական միջինը 500 ուղեւոր է օդանավակայանի տոմս գնում, ապա կստացվի, որ ավիաընկերություններն օրական 2 միլիոն դրամ ավելի շահույթ են ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել