Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օգնություն՝ օգնության դիմաց

Նոյեմբեր 14,2007 00:00

Հայ կոմունիստները ռուսներին կօգնեն քարոզչությամբ, ռուսները մերոնց՝ բարոյապես

Անցած շաբաթ ՀԿԿ պատվիրակությունը վերադարձավ Մոսկվայից, որտեղ մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության 90-ամյակի տոնակատարություններին: Միջոցառումները մեկնարկել են Մինսկում, ապա Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, երթ, հանրահավաք: Միջոցառմանը մասնակցել են 73 երկրների 83 կոմունիստական, սոցիալիստական, բանվորական կուսակցությունների ներկայացուցիչներ: Այս միջոցառումը, փաստորեն, մեկնարկն էր նաեւ ՌԴ-ի կոմունիստական կուսակցության նախընտրական քարոզարշավի: Իր նախընտրական ելույթում ընկեր Զյուգանովը ցույց է տվել, թե ինչպիսի «վերելք է ապրում կոմունիստական շարժումն ամբողջ աշխարհում, չնայած վերջին 17 տարիների դժվարություններին: Ավելի ցայտուն են դառնում կապիտալիզմի նեխածությունը, թալանչիական հակումները»,- «Առավոտին» պատմում է ՀԿԿ պատվիրակության ղեկավար, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, իբրեւ փայլուն օրինակ բերելով Լատինական Ամերիկան, Վենեսուելան, Կուբան: Ռ. Թովմասյանի տպավորությամբ, Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը մեծ ազդեցություն ունի ընտրազանգվածի վրա եւ ընտրություններում հաղթանակի ակնկալիքներ էլ ունի:

Կուլիսային հանդիպումներում հայ կոմունիստներն ադրբեջանցի կոմունիստների հետ քննարկել են հիմնականում միջկուսակցական հարցեր: Վրաց կոմունիստ Գեորգաձեի հետ քննարկել են Վրաստանում զարգացող իրադարձությունները: Կոմունիստները համակարծիք են եղել, որ Վրաստանը դարձել է «բռնապետություն»: Ռուբեն Թովմասյանի տպավորությամբ, տարածաշրջանում լավատեղյակ են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ անհամբեր սպասում են հետագա զարգացումների ընթացքին, քանի որ չափազանց կարեւորում են մեր երկիրը եւ շատ ու շատ հարցեր ուղղակիորեն պայմանավորում են հայաստանյան ներքաղաքական զարգացումներով եւ դրանց վերջնական արդյունքներով: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի առիթով կոմունիստները ձեռնպահ են մնացել բարձրաձայն կարծիքներ արտահայտելուց: Բոլորին, սակայն, հետաքրքրել է միեւնույն հարցը՝ «Ո՞րն է վերադարձի նպատակը, երբ Տեր-Պետրոսյանը մեկ անգամ ղեկավարել է Հայաստանը եւ այդ ընթացքը լի է եղել հազար ու մի դժգոհություններով»:

Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ եւ ռուս կոմունիստների միջեւ նախընտրական շրջաններում միմյանց օգնելու: Այս պահից սկսած, հայ կոմունիստները ակտիվ աշխատանք են տանելու Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններս դեկտեմբերի 2-ին քվեարկեն հօգուտ ռուս կոմունիստների: Ռուսաստանի հայ համայնքի իրենց մտերիմների միջոցով եւս հայ կոմունիստները փորձելու են օգտակար լինել եղբայրական ռուս կոմունիստներին: Իսկ վերջիններիս նախընտրական օգնությունը հայ կոմունիստներին կլինի բարոյական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել