Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵՍ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ ԱՂՈԹՔԸ ԿՈՒԶԵՆԱՅԻ ԼՍԵԼ»

Նոյեմբեր 14,2007 00:00

ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը համալրել է ՀՀԿ շարքերը եւ վստահ է, որ նախագահի ամենալավ

թեկնածուն Սերժ Սարգսյանն է:

– Ինչո՞ւ որոշեցիք կուսակցական դառնալ:

– Աշխարհը սերտող դասեր ունի, որ մենք պետք է ճիշտ հասկանանք: Ի վերջո, յուրաքանչյուր երկրի մեջ գոյանում են բեւեռացված կուսակցական երեւույթներ, որոնք եւ ձեւավորում են քաղաքական դաշտը: Այս առումով ես համարում եմ, որ Հանրապետական կուսակցությունը աշխարհի մոդելներից մեկն է:

– Եթե Հանրապետականը իշխանության կուսակցությունը չլիներ, դուք դարձյա՞լ կանդամակցեիք այս կուսակցությանը:

– Ես որեւէ հավակնություն չունեմ իշխանության հետ համագործակցելու: Իմ խնդիրը իմ Հայաստան աշխարհի մեջ մշակութային կերտվածքը բարձր պահելու խնդիրն է, այս առումով ես տեսնում եմ, որ միակ կայուն ուժը, որ կարող է շարունակական դարձնել այդ մտահոգությունը եւ նեցուկ կանգնել մեր խնդիրներին, Հանրապետական կուսակցությունն է:

– Ձեզ ինչ-որ պաշտո՞ն է խոստացել Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից հետո:

– Ի՞նչ եք կարծում, ինձ համար ամենաբարձր պաշտոնը ո՞րն է:

– Ես կուզեի, որ դուք միայն երաժշտություն գրելով զբաղվեիք:

– Վերջացավ, ես ուրիշ որեւէ կիրք չեմ հետապնում, բացարձակ:

– Դուք կարծում եք՝ նախագահի բոլոր թեկնածուներից ամենահարմարը Սերժ Սարգսյանն է:

-Ամենաճշգրիտ կողմնորոշումը Սերժ Սարգսյանի կողմնորոշումն է ինձ համար: Ուրիշներին ազատ եմ թողնում իրենց կարծիքը ունենալու համար: Այսօր օդի պես կարեւոր խնդիր է շարունակական պատմությունը մեզ համար, ոչ թե սկսվող պատմությունները, նորից ճանապարհի կեսին, այսպես ասած, փորձել ռեւիզիայի հանել ընթացքը, այն ժամանակ, երբ մեր 15-ամյա պետության ոտքերի վրա ձեւավորվում է պետական ընթացքը, եւ այն տարակուսանքի տակ դնելը՝ կնշանակի մեր ընթացքը նորից մխրճել պատմական կատակլիզմների գիրկը: Մեր կայունության, ներդաշնակության շարունակական ընթացքը ես անպայմանորեն կապում եմ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի հետ:

– Կարծեմ՝ ՀՀՇ-ի իշխանության ժամանակ եւս ձեզ չեն նեղացրել:

– Ներողություն, իսկ ինչո՞ւ եք անձնավորում, ի՞նչ կապ ունի իմ անձը:

– Հիմա ամեն ինչ անձնավորված է:

– Ոչ, հիմա ամեն ինչ կառուցվում է պետական գիտակցության վրա, ես ամեն ինչ կառուցում եմ այդ գիտակցության վրա: Ի՞նչ կապ ունի անձը:

– Ինչպե՞ս եք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը:

– Ես բոլորովին չեմ ուզում քննարկել այդ հարցը, որովհետեւ ինձ համար ամենից կարեւորը իմ կողմնորոշումն է դեպի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Բոլոր պատմություններից կարեւորն այն չէ, ինչ որ եղել է: Բոլոր պատմություններից կարեւոր է այն՝ ինչ որ լինելու է, իսկ դրա համար մեր հայացքն ուղղված է դեպի վաղվա օրը: Այսօրվա անելիքների միջոցով մենք չենք ուզում փնտրել անցած օրերի որեւէ շարունակություն, այնպես, ինչպես կոմունիստական իշխանության ժամանակը վերջացավ, այնպես ինչպես մեր 15-ամյա պատմությունը արդեն իսկ հիմք է դրել մի մեծ կառույցի: Ես տեսնում եմ, որ մեր շարունակությունն անպայմանորեն կապված է այս թեկնածուի (նկատի ունի Սերժ Սարգսյանին- Մ. Ե.) եւ այս կուսակցության հետ:

– Դուք համաձա՞յն չեք Տեր-Պետրոսյանի մտքին, որ այս իշխանությունն ավազակախումբ է:

– Համաձայն չեմ, յուրաքանչյուր իշխանություն ունի իր նեգատիվ կողմերը, յուրաքանչյուր իշխանության մեջ կա քաղաքական փորձառության պակասի զգացողությունը, այդ նույն բանը կար Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք եւ ես ոչ մի երաշխիք չունեմ, որ ապագայի մեջ մենք զերծ ենք լինելու նման որեւէ մեղադրանքից: Սա կյանք է, որի մեջ կա ամեն ինչ, կյանքը չի կարող բաղկացած լինել բացարձակ ճշգրիտ քայլերից, կյանքի մեջ մշտապես կան սխալները, կա սխալներով դաս առնելը, յուրաքանչյուր պետություն, ասենք՝ ԱՄՆ-ի նման հզոր պետությունը մշտապես ճշգրտումներ է մտցնում իր կյանքի մեջ: Պետությունը մարդու պես բան է, ապրում է, զարգանում է, վաղվա օրվան նայում է որոշակի սպասելիքներով: Մենք, ցավոք սրտի, վաղվա օրը չենք տեսնում իր ամբողջականության մեջ, մեզ հարկավոր է գալ դեպի վաղվա օրը, որպեսզի մեր անելիքների որոշ մասը ճշտենք վաղվա օրով: Դրա համար կարող են լինել թերություններ, կարող են լինել նույնիսկ ձախողումներ, բայց սա մեր կյանքն է: Ինչպիսի՜ ձախողումների միջոցով մենք հասանք այս օրվան, ինչպիսի՜ դեռես չկատարելագործված կյանքի մեջ ենք մենք այսօր:

– Կան նաեւ մտավորականներ, որոնք այսօր կոչ են անում միավորվել առաջին նախագահի շուրջ:

– Տեղյակ չեմ, ես ընդհանրապես կամպանիաներ չեն սիրում, կամպանիաներ, որոնք կոչ են անում դեպի էս կողմը գնալ, էն կողմը գնալ: Ես ուղղակի յուրաքանչյուր մարդու աղոթքը կուզենայի լսել, թե ինքը ինչ համոզմունքներ ունի, ոչ թե ենթարկվելով ամբոխային կրքերին, այլ սեփական համոզումներին: Իմ համոզումները տարակուսանքի տակ չեն կարող լինել: Ես տեսնում եմ խոցելիությունը մեր շատ-շատ քայլերի, ես տեսնում եմ հսկայական պրոբլեմներ մշակույթի ասպարեզում, հոգեւոր փլուզման երեւույթն եմ տեսնում մեր կյանքի մեջ, բայց ես դա չեմ տեսնում աշխարհի երեւույթներից առանձնացված:

– Ասում եք՝ յուրաքանչյուրի աղոթքը կուզենայիք լսել, այսինքն, դուք լսե՞լ եք Սերժ Սարգսյանի աղոթքը:

– Ես տեսնում եմ իր քայլերը, ես լսում եմ իր հոգու ձայնը, իր երազանքի ձայնը, տեսնում եմ իր պատրաստակամությունը՝ շարունակել անցած ճանապարհը: Գիտեք, ամբողջ շեն կառույց կազմակերպելու համար հարկավոր է ճանապարհ անցնել, օդի մեջ հիդրոպոլիկ կառույցները երկար կյանք չեն ունենում, իսկ վաղվա մեր կյանքի հիմքերն արդեն դրված են: Մեզ մնում է օգնել՝ ներդաշնակության միջոցով կառուցելու այդ ընթացքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել