Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵ՛Կ ԲԱԶԵ, ՄԵ՛Կ ԱՂԱՎՆԻ

Նոյեմբեր 14,2007 00:00

\"\"ՀՀԿ համագումարում նախկինների հետ «պատերազմի արահետ» դուրս եկած հանրապետականները երեկ քարոզում էին «փոխադարձ սեր եւ հարգանք»:

Նոյեմբերի 10-ին ՀՀԿ համագումարում ելույթների մի գերակշիռ մասը զբաղեցնող քննադատությունը հաշվի առնելով՝ բավական զարմանալի էին այն հաստատումները, որոնք վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ արեց խորհրդարանում՝ ներկայացնելով այն հիմնախնդիրները, որոնց լուծմանն է ծառայելու 2008-ի պետբյուջեն: Նշենք, որ նա այն անվանեց «բավականին հավակնոտ», քանի որ այդ բյուջեի իրագործումը «ենթադրում է ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերի էական աճ»:

Բայց մինչ ելույթի քաղաքական մասին անցնելը՝ մեջբերենք որոշ տնտեսական հաստատումներ: «Վերջին տարիներին Հայաստանում իրական աշխատավարձերի կայուն աճի տեմպերն անմրցունակ են դարձնում բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ՝ արդիականացնելով արտադրողականության աճի խնդիրը»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հարցական դարձնելով, թե մրցունակություն պիտի ապահովեն նաեւ ցածր աշխատավարձերո՞վ:

Կարծես երկրորդելով Ռոբերտ Քոչարյանին, որը նպատակ էր հռչակել Հայաստանը դարձնել տարածաշրջանի ամենակազմակերպված պետությունը՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Հայ ժողովրդի պատմական եւ մշակութային ժառանգությունը, բնության հարստությունը եւ մեր ավանդական հյուրընկալությունը թույլ են տալիս Հայաստանը դարձնել կազմակերպված հանգստի երկիր»:

Վարչապետն առանձին կարեւորեց Սփյուռքի դերը. «Այսօր ակնառու է, որ աշխարհով մեկ սփռված հայերի մեծ մասի քաղաքական, տնտեսական հետաքրքրությունների կենտրոնը դառնում է Մայր հայրենիքը: Նրանք իրապես շահագրգռված են Հայաստանի զարգացմամբ, եւ տնտեսագիտական լեզվով ասած, նրանց պետք է դիտարկենք որպես մեր ֆինանսական եւ տնտեսական համակարգերի ռեզիդենտներ: Դա նշանակում է, որ այսուհետեւ հնարավոր չէ մշակել եւ իրականացնել որեւէ գլոբալ ծրագիր` առանց այս գործոնը հաշվի առնելու: Եվ այսպես, մեր մրցակցային առավելությունը համայն հայության միացյալ ներուժն է»:

Որեւէ հասցեատեր չմատնանշեց Սերժ Սարգսյանը՝ անելով հետեւյալ կոչը. «Այսօր մենք առավելապես պետք է կենտրոնանանք ապագայի տեսլականի վրա, չմանրանանք եւ չփոշիացնենք մեր կարողություններն անցյալի բացթողումների եւ սխալների շուրջ բանավեճերում: Եկեք համագործակցենք եւ բանավիճենք այն խնդիրների մասին, որոնք միտված են դեպի ապագան»: Սա դեռ ամբողջը չէ: Հետո էլ հայտարարեց, թե Հայաստանի զարգացման հիմնական նախադրյալը մեր ժողովրդի հոգեւոր միասնությունն է. «Փոխադարձ հարգանքի, համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումը չափազանց կարեւոր է կառավարության արդյունավետ գործունեության համար»:

Նշելով, թե 2008-ը նախագահական ընտրությունների տարի է՝ վարչապետն ասաց. «Մենք պետք է այնպես անենք, որ նախընտրական արշավը չխոչընդոտի բյուջեի իրականացմանը եւ գործադիր իշխանության հստակ աշխատանքին»: Եվ ելույթն ամփոփեց հետեւյալ հայտարարությամբ. «Կառավարության պատասխանը մեր ընդդիմախոսներին առաջիկա 5 տարիներին լինելու է հետեւյալը. առավել նպատակաուղղված աշխատանք, համերաշխության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորում, ներողամտություն, փոխադարձ սեր եւ հարգանք: Եվ վստահեցնում եմ ձեզ, որ մենք ունենք բավարար ներուժ նախանշած ուղուց չշեղվելու համար»:

Սա օրվա միակ խաղաղասիրական ելույթը չէր: Հայտարարությունների ժամին հանդես եկավ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ ասաց. «Բարեփոխումների արդյունքում կբարելավվի կյանքի որակը. մենք կունենանք հզոր պետություն, արժանապատիվ կյանք ու բարեկեցիկ ժողովուրդ: Կարծում եմ, դրա համար պետք է ոչ թե հետ նայել, խոսել ցավոտ անցյալից, այլ առաջ շարժվել եւ, որ ամենակարեւորն է՝ գործել միասնական: Այստեղ առավել քան կարեւոր է ազգային համերաշխությունն ու համագործակցությունը՝ անկախ ներքաղաքական որեւէ մանր ու միջին խնդիրներից»:

Իսկ ընդդիմադիրների հայտարարությունները վկայությունն էին, թե որքա՜ն հեռու ենք «փոխադարձ հարգանքի, համագործակցության եւ վստահության» այդ մթնոլորտից: «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց Խաչատուր Սուքիասյանի եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ հարկային հետապնդումները՝ խմբակցության անունից դատապարտելով դրանք: Արմեն Մարտիրոսյանը նաեւ ասաց, որ Խաչատուր Սուքիասյանը «հիմնադիրն է Հայաստանի այն եզակի ձեռնարկություններից մեկի, որն արտաքին շուկա է արտահանում ապրանք, արտադրանք: Եվ, ըստ էության, Հայաստանը նաեւ այս առումով է սահմանափակում իր ռեսուրսները: Գումարած դրան՝ այս ժամանակահատվածում տնտեսվարող սուբյեկտի հետապնդումը, ըստ էության, մեր հարկահանության վրա բացասական ազդեցություն կունենա, որը կազդի բյուջեի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել