Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական խճանկար

Նոյեմբեր 13,2007 00:00

Քարաթափում

Ալավերդի քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող «Ընտանիքի եւ երեխաների աջակցության կենտրոնին» հարակից զառիվայրից տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 30 մ բարձրությունից: Քարաբեկորները վնասել են շենքի հետնապատը՝ 60 քմ մակերեսով եւ կոմունիկացիոն ցանցը:

Պայթյուն եւ հրդեհ

Նոյեմբերի 9-ին Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի Հատիսի փողոցի Ա. Բաղդասարյանին պատկանող ավտովերանորոգման արհեստանոցում, դեռեւս չպարզված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետեւանքով փլուզվել են տանիքի բետոնե կոնստրուկցիաները, ամբողջությամբ այրվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 43 ՏՏ 836 համարանիշով ավտոմեքենան եւ արհեստանոցը: Մարմնական վնասվածքներով Աբովյանի հիվանդանոց են տեղափոխվել 17-ամյա Արտյոմ եւ 22-ամյա Վահե Կարապետյանները:

Գազի բալոնը պայթել էր

Նոյեմբերի 10-ին հրդեհ էր բռնկվել Երեւանի Արցախի փողոցի 12ա շենքի 44-րդ բնակարանում: 3 կգ գազի բալոնից տեղի էր ունեցել արտահոսք: Հրդեհաշիջման ժամանակ շիկացած պատուհանի ապակու պայթելու հետեւանքով կտրվել են հրշեջ-փրկարար Լյուդվիգ Խաչմանյանի աջ ձեռքի ճկույթի ջիղը եւ երակը:

Լ. Խաչմանյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն:

Հորում

Ըստ ՀՀ փրկարար ծառայության, Արարատի մարզի Արարատ գյուղում 15 մետր խորությամբ արտեզյան հորն է ընկել նույն գյուղի բնակիչ, 80-ամյա Սիլվարդ Ավագյանը:

Տուժածը ոտքերի եւ կրծքավանդակի կոտրվածքներով դուրս է բերվել հորից եւ տեղափոխվել Արարատ քաղաքի հիվանդանոց, սակայն այնտեղ մահացել է:

3 զոհ

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2103» մակնիշի 62ՍՍ 360 եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 01ԼՏ723 համարանիշներով ավտոմեքենաները, որի հետեւանքով երկու վարորդները եւ «ՎԱԶ-2103»-ի ուղեւորներից մեկը տեղում զոհվել են, իսկ մեկ ուղեւոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց:

Կներկայացվի կառավարություն

ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նախագահությամբ:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի, նիստի ընթացքում ամփոփվել են ՀՀ ռազմական դոկտրինի նախագծի վերաբերյալ ստացված միջազգային փորձաքննության արդյունքները, համաձայնեցվել առկա դիտողություններն ու առաջարկությունները:

Հարությունյանը դատապարտել է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից տարածած հաղորդագրության մեջ դատապարտվել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարիի նկատմամբ կատարված ոտնձգությունը:«Վրաստանի իրավապահ մարմինների գործողություններն ուղեկցվում են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի, «Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի, ինչպես նաեւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մի շարք դրույթների կոպիտ խախտումներով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանն անընդունելի է համարում իր սահմանադրական լիազորություններն իրականացնելիս Վրաստանի հանրային պաշտպանի եւ իր երկու գործընկերների նկատմամբ կիրառված բռնության փաստը:

Ավագ դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամաններով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչության պետ է նշանակվել Արմեն Նիկողոսյանը՝ ազատվելով գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերով քննիչի պաշտոնից: Վարչության պետի պաշտոնից ազատվել է Զելիմ Թադեւոսյանը եւ նշանակվել ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի պաշտոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել