Սպանության մեջ մեղադրվող՝ Մարտակերտի շրջանի Մատաղիսի զորամասի նախկին զինծառայող 23-ամյա Ռազմիկ Սարգսյանը երկարատեւ հալածանքներից հետո տառապում է սրտի, գլխի, աչքերի, ողնաշարի, թոքերի, երիկամների ու ծնոտի սուր ցավերով:
Ինչպես բազմիցս անդրադարձել ենք՝ գյումրեցի Ռազմիկ Սարգսյանի ու նրա երկու զինվորական ընկերներ Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի համար հայոց բանակում ծառայելը դարձել էր կատարյալ դժբախտություն: Վերջիններս դեռ մեկ տարի չծառայած՝ մեղադրվել էին իրենց բացարձակապես անծանոթ երկու զինվորների՝ Հովսեփ Մկրտումյանի ու Ռոման Եղիազարյանի սպանության մեջ: Գործը հասել էր նրան, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում կալանավորված երեք երիտասարդները իրենց անմեղությունն ապացուցելու նպատակով հացադուլ էին հայտարարել: Ռազմիկ Սարգսյանը 147 օրվա հացադուլի ընթացքում նույնիսկ վեց անգամ կարել էր բերանը: Երեք տարի շարունակ նախագահի նստավայրի առաջ կալանվածների ծնողների կազմակերպած բողոքի ակցիաներից ու Եվրախորհրդի մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ միջամտությունից հետո միայն անցած տարվա դեկտեմբերի վերջերին վճռաբեկ դատարանը վերանայման ուղարկեց քրեական գործը՝ խափանման միջոցը կալանքից փոխելով հանրապետությու նից չբացակայելու մասին ստորագրությամբ:
Այցելելով շուրջ երեք տարի մեկուսարանում անցկացրած Ռազմիկ Սարգսյանի բնակարան, փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս է նրա առողջական վիճակը եւ ի՞նչ ընթացքում են նրա գործերը: Առաջին իսկ պահից աչքի ընկան սեղանի վրա դրված մեծ քանակությամբ դեղերը: Ինչպես մեզ պատմեց Ռազմիկի հայրը՝ Թորգոմ Սարգսյանը, որդին ապրում է շտապօգնության օգնությամբ, հաճախակի է կորցնում գիտակցությունը: Վիճակն այնքան ծանր է, որ նրան վախենում են մենակ որեւէ տեղ թողնել: Իսկ օրերս նոր է դուրս գրվել Գյումրիի հակատուբերկուլյոզային դիսպանսերից, որտեղ պայքարում է շարքից դուրս եկած թոքերի ծակոտկեններից ազատվելու համար: Թորգոմ Սարգսյանի պատմելով, գործին առնչվող յուրաքանչյուր նոր փաստաթուղթ սթրեսի մեջ է գցում որդուն: Նրան ոչ մի կերպ չի հաջողվում հանգիստ նյարդերով ապրել:
Իսկ վերջերս զինդատախազության կողքով անցնելիս քիչ է մնացել ուշաթափվի: Պարզվում է, շտապօգնությունը Սարգսյանների տուն միայն Ռազմիկի համար չի գալիս, հաճախակի են նաեւ մոր՝ Ջուլիետա Սարգսյանի ուշաթափությունները: Իսկ Ռազմիկի 80-ամյա տատ Նազիկ Սարգսյանը թոռան գլխին եկած պատմությունից այնքան է լացել, որ ամբողջապես կորցրել է տեսողությունը: Ռազմիկը մեզ դժգոհեց, որ իրեն չի հաջողվում աշխատել, փորձել է «Կոկա Կոլայի» առաքիչ աշխատել, սակայն առաջին իսկ օրվանից վատացել է: Իսկ ամենատխուրը Ռազմիկի համար այն է, որ չի հաջողվում իր սիրած մասնագիտությամբ զբաղվել՝ պարել: Ռազմիկը փոքրուց պարել է Գյումրիի «Արշալույս» պարային խմբում: «Եթե ամեն ինչ բարեհաջող վերջանա, առաջին հերթին կզբաղվեմ առողջականիս բարելավմամբ, քանի որ էս պահին ազատ քաղաքացի չեմ, հիվանդանոցներում հրաժարվում են ինձ ստացիոնար բուժում տալ»,- ասում է 23-ամյա երիտասարդը՝ լարված սպասելով, թե քրգործի նախաքննությունն ինչո՞վ է ավարտվելու: Սարգսյանների տեղեկացնելով, ընդամենը վերջերս են ստացել նախաքննության նոր նյութերը, որոնք չորս հատոր են եւ դեռ չեն հասցրել ուսումնասիրել: Իսկ ընդհանուր առմամբ նախաքննության նյութերը 24 հատոր են՝ իրենց տեսքով սովետական հաստափոր հանրագիտարաններին ոչնչով չզիջող: