Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

Նոյեմբեր 13,2007 00:00

\"\"ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 11-րդ համագումարում

12.11.07

Հարգելի տիկնայք եւ պարոնայք, Սիրելի հանրապետականներ,

Հարգարժան հյուրեր:

Առաջին հերթին ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ հանրապետության նախագահի ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ եւ ընտրությունների արդյունքում էապես փոխվել է մեր կուսակցության կարգավիճակը: Խորհրդարանում այլեւս մենք ունենք մեծամասնություն. սա առաջին հերթին Հանրապետական կուսակցության պատասխանատվությունն է մեր ժողովրդի եւ պետության ապագայի համար:

Դա նշանակում է, որ մեր կուսակցության նախընտրական ծրագիրը հավանության է արժանացել ժողովրդի կողմից: Եվ առաջ քաշված նպատակներին ու խնդիրներին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել քաղաքական եւ տնտեսական կայունություն ու կանխատեսելիություն: Նախագահական ընտրությունները ստեղծում են այդպիսի բացառիկ հնարավորություն առաջիկա հինգ տարիների համար, ինչը ենթադրում է.

– ամբողջական պատասխանատվության ստանձնում,

– օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներդաշնակ համագործակցության ապահովում,

– քաղաքական անիմաստ հակամարտություններից խուսափում,

– բեկումային եւ հավակնոտ ծրագրերի իրականացման պատմական հնարավորություն:

Հարգելի բարեկամներ.

Ժամանակակից աշխարհը լի է լրջագույն մարտահրավերներով.

– աշխարհաքաղաքական հարթույթում ձեւավորվում են նոր կենտրոններ,

– խարխլվում է ռազմական հավասարակշռվածությունը, տարածվում են ահաբեկչական շարժումները,

– տնտեսական մրցակցությունը սաստկանում է,

– հարուստ եւ աղքատ երկրների միջեւ ճեղքվածքը շարունակում է խորանալ: Համաշխարհային քաղաքական, ռազմական ու տնտեսական անհամամասնությունները, բնական ռեսուրսների համար խորացող պայքարը կարող են մեզ համար շատ ավելի ցավոտ հետեւանքներ ունենալ, եթե մենք պատրաստ չլինենք իրադարձությունների՝ վատագույն սցենարներով ծավալմանը: Համաշխարհային շուկաներում վառելիքի եւ սննդամթերքի գների աճը բացասական հետեւանքներ են արդեն ունեցել բազմաթիվ հայ ընտանիքների համար:

Մենք ապրում ենք բազմաթիվ հակասություններով եւ վտանգներով լի տարածաշրջանում: Գրեթե բոլոր հարեւան պետություններում առկա են մեզ մտահոգող իրադարձությունների պարբերական զարգացումներ.

– չկարգավորված ազգամիջյան եւ քաղաքական խնդիրները Վրաստանում,

– ամերիկա-իրանյան լարված հարաբերությունները,

– Թուրքիայի ռազմատենչ տրամադրությունները եւ պահվածքը,

– Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ձգձգումը մեզանից պահանջում են լրացուցիչ ջանքեր եւ ռեսուրսներ:

Ներհանրապետական մարտահրավերների մասին կցանկանայի ասել հետեւյալը. նախորդ՝ բարդ եւ հակասական 15 տարիների ընթացքում մեզ հաջողվեց կառուցել ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա խարսխված անկախ պետականություն: Այսօրվա խնդիրն է պետականության ամրապնդումը, արդարության, համերաշխության եւ օրինականության մթնոլորտի ձեւավորումը:

Անցնելով դժվարությունների եւ փորձությունների միջով, մեկ անգամ եւս համոզվեցինք, որ մեր հաջողությունների միակ գրավականը մեր ժողովուրդն է:

Թվարկված մարտահրավերների հարթությունից դուրս բերված խնդիրները ուրվագծում են մեր զարգացման հիմքերը. այն է՝ ուժեղ պետություն, որը համայն հայությանն է եւ ուժեղ աշխարհասփյուռ հայություն, որի Մայր հայրենիքը Հայաստանն է: Մարտահրավերներին պատասխանելու մեր գլխավոր հնարավորությունը համայն հայության ներուժն է:

Հանրապետության ապագա նախագահը պետք է իր ջանքերն ուղղի արդիականացված տնտեսական, գիտական, մշակութային եւ քաղաքական համագործակցության կենտրոնների ձեւավորմանը, որոնք կբացահայտեն եւ կիրացնեն վերոնշյալ ներուժը:

Դա է լինելու մոտակա տարիների մեր անելիքների առանցքը եւ համաշխարհային ու տարածաշրջանային մրցակցային առավելությունը:

Հարգելի բարեկամներ.

Ազատական եւ մրցակցության վրա հիմնված տնտեսության պարագայում էական նշանակություն ունի միջազգային եւ, մասնավորապես, եվրոպական ինտեգրացումը: Այն ունի երեք հարթություն:

Առաջին, քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների համար միջազգային լավագույն փորձի եւ ստանդարտների ներդրում, ինչը մի կողմից բարձրացնում է նրանց գործունեության արդյունավետությունը, մյուս կողմից խթանում հարաբերությունները արտասահմանյան գործընկերների հետ, այդ թվում՝ ստեղծելով մեխանիզմներ արտերկրում նրանց շահերի պաշտպանության համար:

Երկրորդ, միջպետական երկկողմ հարաբերությունների ընդլայնում եւ խորացում, ինչը պետք է հեշտացնի ապրանքաշրջանառությունը, ծառայությունների մատուցումը, մշակութային համագործակցությունը: Հայ-ռուսական հարաբերությունները այս հարթության լավագույն դրսեւորումներից մեկն են: Երրորդը միջազգային կառույցներին անդամակցությունն է եւ համագործակցության խորացումը՝ ինտեգրման միջավայրում երկրի քաղաքական, տնտեսական եւ այլ բնույթի շահերի պաշտպանության նպատակով: Համոզված եմ՝ մեր արտաքին քաղաքականության կարեւորագույն սկզբունքը, որը բխում է մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներից՝ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների ներդաշնակ համադրումն է:

Անցած տարիների ձեռք բերած փորձն ու հաջողությունները մեզ թույլ են տալիս պնդել, որ Հայաստանը չի ենթարկվելու Թուրքիայի եւ Ադրբեջանի շանտաժին եւ շարունակելու է հավատարիմ մնալ առանց նախապայմանների միջպետական հարաբերություններ հաստատելու իր մոտեցմանը՝ համարելով, որ դա միակ ճանապարհն է ոչ միայն փոխշահավետ գործակցության, այլեւ առկա խնդիրների լուծման համար:

Այս հիմքերի վրա արցախյան հիմնախնդիրը մնալու է նախագահի գործողությունների կիզակետում: Ինչպես հիշում եք, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցի շուրջ մեր դիրքորոշումը խարսխված է հետեւյալ սկզբունքների վրա.

– Պետք է միջազգայնորեն ճանաչվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ պայմաններ ստեղծվեն դրա իրականացման համար,

– ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման,

-պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության եւ սահմանների անվտանգությունը:

Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ ամեն մի քիչ թե շատ բարդ գործընթաց, առավել եւս հակամարտության կարգավորում, հնարավոր չէ իրականացնել միանգամից, մեկ օրում, այն մի քանի քայլով իրականացվող գործողությունների ամբողջություն է: Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջեւ համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ լուծումների իրականացումը:

Հանրապետության նախագահը պետք է ձեւավորի համագործակցության այնպիսի միջավայր, որ ցանկացած կարող ուժ հնարավորություն ունենա մասնակիցը լինելու մեր տնտեսական զարգացումներին: Պետք է բացառենք անկախության առաջին տարիների սխալներն ու բացթողումները՝ չանձնավորելով դրանք: Այսուհետեւ պետք է մտածենք ոչ թե աղքատության հաղթահարման, այլ ապահով եւ պաշտպանված հասարակություն կառուցելու մասին: Նույնիսկ ամենահեռավոր, սահմանամերձ գյուղի բնակիչը պետք է ապրի արժանավայել կյանքով:

Հանրապետության նախագահի խնդիրն է լինելու այնպիսի միջավայրի ապահովումը, որը կօգնի կառավարությանը հասնել այն նպատակային խարիսխներին, որոնք արտացոլված են ինչպես Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում, այնպես էլ՝ Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության գործունեության ծրագրում:

Երկրորդ փուլի բարեփոխումների գերակայությունները, որոնք սահմանված են կառավարության գործունեության ծրագրում, հետեւյալն են՝

– ազգային անվտանգության եւ կայուն զարգացման ապահովում,

– կրթություն եւ գիտություն,

– կառավարման արդյունավետ համակարգի ձեւավորում,

– տարածքների համաչափ զարգացում,

– Հայաստանի քաղաքացիների սոցիալական պաշտպանվածություն:

Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում այս խնդիրներին կանդրադառնամ ավելի մանրամասն՝ ներկայացնելով կառավարության գործունեության հինգ տարվա թիրախները:

Իսկ այժմ կցանկանայի կանգ առնել մի քանի հիմնախնդիրների վրա, որոնք պետք է լինեն հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում մրցակցությունում հաղթելու գրավականը մտավոր կարողություններն են, գիտելիքների ստեղծումն ու ընդլայնումը: Մենք պետք է ունենանք միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան կրթական համակարգ: Այս խնդրի լուծումն է այն բանալին, որը կառավարության համար բացելու է բոլոր զարգացումների դռները:

Երկրորդ. կոռուպցիան, ստվերային տնտեսությունը, մրցակցային անհավասար պայմանները բացառելու համար անհրաժեշտ է հոգեբանական բարդույթի հաղթահարում եւ բոլորիս կողմից անհանդուրժողական վերաբերմունքի ձեւավորում վերը նշված երեւույթների նկատմամբ: Հարկերից խուսափելը, կաշառակերությունը պետք է դիտվեն անպատվաբեր եւ հանրության կողմից դատապարտելի երեւույթ: Մենք չպետք է հաշվի առնենք բարեկամական կապերը եւ ընկեր, բարեկամ, կուսակից չհամարենք այն մարդկանց, ովքեր խուսափելու են հարկերի վճարումից եւ հանդուրժելու են այս արատավոր երեւույթը: Մեզանում պետք է գերիշխի այն գիտակցությունը, որ դա պետությունը քայքայող ամենալուրջ հիվանդությունն է:

Մենք իրավապահ մարմիններից պահանջելու ենք էապես խստացնել պայքարը կոռուպցիայի դեմ եւ հանրային քննարկումների առարկա ենք դարձնելու բացահայտված հանցագործությունները: Այս առումով դատախազության, ոստիկանության, հարկային եւ մաքսային մարմինների գործունեությունը պետք է դառնա առավել թափանցիկ: Թափանցիկությունն է ապահովելու, որ այս խստությունը միեւնույն ժամանակ արդարացի լինի: Հանրությունը չի հավատա իշխանություններին, եթե այդ պայքարը չառաջնորդի հանրապետության նախագահը՝ Հանրապետական կուսակցության ամենասերտ աջակցությամբ:

Հարգելի ներկաներ.

Որպեսզի կարողանանք իրականացնել մեր նպատակները, մենք պարտավոր ենք անցկացնել լավ ընտրություններ: Եվ ես Ձեզ հավաստիացնում եմ, որ ունենք բավարար քաղաքական կամք, փորձառություն եւ կազմակերպվածություն՝ ի չիք դարձնելու աջից ու ձախից հնչող հոխորտանքները: Այս բազմազանության մեջ ուզում եմ առանձնացնել ՀՀՇ կուսակցությանը, որ ունենալով բացարձակ իշխանություն Հայաստանում մինչեւ 1997 թիվը, գործեց բազմաթիվ կոպտագույն սխալներ եւ ստիպված եղավ հեռանալ իշխանությունից: Դրանից հետո, եւ մինչ այդ, բազմաթիվ անգամ տրոհվեց, եւ թվում էր, թե անցավ պատմության գիրկը: Բայց դասեր չքաղելով սխալներից, 10 տարի անց վերակենդանացման նշաններ է ցույց տալիս եւ հայտարարում, թե գնալու է մինչեւ վերջ: Ավելին: ՀՀՇ կուսակցության հոգեւոր հայրը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հավաքույթներից մեկում ի լուր աշխարհի հայտարարում է, թե կազմաքանդելու են պետական բուրգը: Ի պատիվ մեր ժողովրդի, այսօր Հայաստանում ռեւանշիզմի վտանգը իսպառ բացակայում է, բայց սա մի գործոն է, որի հետ հաշվի չնստել չենք կարող:

Զավեշտականն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան է կորցրել իրատեսականությունը, որ հավատում է ռեւանշին եւ նույնիսկ խորհուրդ տալիս հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ինձ հեռանալ քաղաքական ասպարեզից: Պարտք չմնալու համար մի խորհուրդ էլ ես տամ նրան: Լավ կլիներ, որ նա մեղա գար, ներողություն խնդրեր հայ ժողովրդից իր գործած, մեղմ ասած, սխալների համար: Վստահ եմ՝ չի անի, որովհետեւ նա լեցուն է չարությամբ եւ անդառնալիորեն հետ է մնացել կյանքի ընթացքից: Նրա հուսահատ փորձերը վերադառնալ նախագահական նստավայր՝ միայն մի նպատակ ունեն. ոչ թե այդ պաշտոնում ծառայել սեփական երկրին ու ժողովրդին, այլ վրեժխնդիր լինել բոլոր նրանցից, ովքեր երբեւէ մի սառը խոսք են ասել նրա հասցեին: Ու նաեւ ապացուցել, որ ինքը չի սխալվել, որ հնարավոր չէ Ղարաբաղի խնդիրն արժանավայել լուծել, որ հնարավոր չէ Հայաստանի զարգացումը առանց Ղարաբաղը հանձնելու, որ հնարավոր չէ համախմբել հայության ներուժը, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է:

Այս շարքը կարելի է շատ երկար շարունակել: Եվ պատահական չէ, որ նրա նյարդերը հերթական անգամ տեղի տվեցին ու մեր սկզբունքային վեճը նա վերածեց փողոցային բանսարկության: Պատճառը պարզ է: Դանդաղ, բայց հաստատակամորեն մոտենում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, բայց ոչ միակողմանի զիջումների ճանապարհով: Չնայած առկա բազմաթիվ խնդիրներին՝ կամաց-կամաց Հայաստանի տնտեսությունը սկսում է լիաթոք շնչել, հաղթահարվում է աղքատությունը, արագորեն մեծանում է պետական բյուջեն եւ որպես առաջին արդյունք՝ Հայաստանը հանվում է ցածր եկամուտներ ունեցող երկրների շարքից: Հայաստանում անց են կացվում քաղաքակիրթ խորհրդարանական ընտրություններ եւ պատրաստվում են նույնպիսի նախագահական ընտրությունների: Իսկ սա քաղաքական մահ է ՀՀՇ-ի եւ ՀՀՇ-ամետ ուժերի համար: Ահա թե ինչումն է բանը:

Այսօր ավարտելով այս թեման՝ ասեմ. Տեր-Պետրոսյանը հնարավորություն ուներ Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում անմնացորդ ծառայելու հայ ժողովրդին: Տարբեր պատճառներով նա չկարողացավ այդ անել եւ Հայրենիքի համար ծանր պահին նա սեփական կամքով լքեց գլխավոր հրամանատարի իր դիրքերը՝ թողնելով հուսահատության եզրին հասած ժողովուրդ, քայքայված տնտեսություն, անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, պարտվողական տրամադրություններ եւ ի լրումն այս ամենի՝ մեզ պիտակավորելով: Այնուհետեւ տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, կատարվեցին ծանր հանցագործություններ, ինչը հաճույքով հիմա նրանք շահարկում են: Բայց մեր ժողովուրդը, հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, կարողացավ կայունացնել իրավիճակը եւ լավ հիմքեր ստեղծել երկրի զարգացման համար: Ու հիմա ուզում են կազմաքանդել պետությունը: Չի ստացվի: Ցանկացած փորձ կկանխվի:

Ճիշտ է, որ չկա չարիք առանց բարիքի: Այս ամենի մեջ լավն այն է, որ մեր ժողովուրդը հնարավորություն ստացավ համոզվելու, որ մենք տարբեր մարդիկ ենք, որ մեր պատկերացումները Հայաստանի ապագայի մասին՝ տարբեր են: Եվ եթե այս 10 տարիների ընթացքում քաղաքական գնահատականներ չենք հնչեցրել, ապա պատճառը միայն ու միայն հասարակության մեջ ավելորդ լարվածություն չմտցնելու ցանկությունն էր:

Հարգելի բարեկամներ.

Ինչպիսի՞ն եմ տեսնում ես Հայաստանը հինգ տարի հետո:

Ցանկացած հայ ընտանիքի համար կրթությունը եւ գիտելիքը լինելու են ամենամեծ պահանջարկ վայելող արժեքը: Փոխադարձ հարգանքը, սերը եւ ներողամտությունը կլինեն մեր կենցաղավարության անբաժանելի մասը: Ամուր, բազմազավակ, ավանդական հայ ընտանիքը հինգ տարի հետո տեսնում եմ որպես օրինաչափություն: Հայկական ընտանիքների եկամուտներն առնվազն կկրկնապատկվեն: Ցանկացած նորաստեղծ ընտանիք կունենա բնակարան եւ ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն: Վստահեցնում եմ, որ այս նպատակներն իրատեսական են եւ իրագործելի: Ուրեմն առաջ, առաջ դեպի հաղթանակների Հայաստան: Առաջ, դեպի հաղթանակած Հայաստան:

Շնորհակալություն ուշադրության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել