Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը գյումրեցիներին հիասթափեցրեց

Նոյեմբեր 13,2007 00:00

Քաղաքաշինության նորանշանակ նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը եկել էր Գյումրի՝ առանց տեղյակ լինելու քաղաքաշինական խնդիրներին:

Oրերս առաջին անգամ Գյումրի այցելած քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն արժանացավ գյումրեցիների սառը ընդունելությանը:

Նրան գրկաբաց չընդունելու պատճառներից մեկն այն էր, որ այս նախարարն էլ փորձում էր անօթեւան գյումրեցիների «վզին փաթաթել» բնակարանների գնման վկայագիր (ԲԳՎ) ծրագիրը, որի անարդյունավետ լինելու մասին գյումրեցիները տարիներ շարունակ բողոքել են կառավարությանը, սակայն, նրանց ասելով, իրենց «շան տեղ չեն դրել»: Այս անգամ էլ մինչ նախարարը 140 հոգու բնակարանների գնման վկայագիր էր բաժանում, ձեռքի հետ էլ նախագահի ու նախագահացու Սերժ Սարգսյանի գովքն անում, դահլիճում հավաքվածները լրագրողներին ներկայացրին ԲԳՎ-ի «աբսուրդ» լինելը: 74-ամյա անօթեւան Աստղիկ Հակոբյանը բողոքում էր, թե 3 անգամ այս ծրագրին մասնակցում է, սակայն ոչ մի կերպ չի կարողանում տուն գնել: Ըստ նրա՝ «Բոլորն էլ կարող են գալ, թղթի կտորը տալ ու լավամարդ դառնալ, տալը հեշտ է, տուն առնելն է զոռ»: Նա նաեւ դժգոհ էր, որ վկայականը միշտ հակառակի պես տրվում է ձմռանը, երբ տուն ման գալ հնարավոր չէ, հատկապես իր նման կույր մարդու համար: Մեկ այլ գյումրեցի՝ Քնքուշ Հակոբյանն էլ, որը նույնպես երեք անգամ անարդյունք մասնակցել էր ծրագրին, բողոքում էր, որ ծրագրի վնասն ավելի շատ է, քան օգուտը. «Տուն ման գալու ընթացքում՝ միայն հեռախոսավճարները տունդ քանդում են»:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե վերջապես ինչպե՞ս է լուծվելու գյումրեցի մոտ 4 հազար անօթեւանների խնդիրը եւ մի՞թե ամեն տարի մոտ 300-350 հոգու ԲԳՎ տալը հարցի լուծում է: Ընդ որում, նշենք, որ նրանցից 250-ին հազիվ թե հաջողվում է վկայականով բնակարան գնել եւ ոչ միայն այն պատճառով, որ ԲԳՎ-ի համար հատկացված գումարը ընդհանրապես չի համապատասխանում բնակարանների շուկայական արժեքին, այլեւ այսօր Գյումրիում ազատ բնակարաններ այլեւս չկան՝ բնակֆոնդի տները սպառվել են:

«Այս ծրագիրը ֆինանսավորվում է միայն պետական բյուջեից, բացի այդ, կան նաեւ առանձին ծրագրեր, ես համոզված եմ, որ ձեր քաղաքապետարանն էլ ունի համապատասխան միջոցներ բնակիչների բնակարանային խնդիրներն ապահովելու համար եւ կան անհատ բարեգործներ, միջազգային ծրագրեր, որոնք կարգավորելու են բնակարանների հարցը»,- ինքնավստահ պարզաբանեց նախարարը՝ հաշվի չառնելով, որ քաղաքի բյուջեն շատ աղքատիկ է նման խնդիրներ լուծելու համար: Լրագրողներից մեկի հարցին, թե այդ ի՞նչ միջազգային ծրագրեր են, որոնց մասին մինչ օրս չեն լսել, Վ. Վարդանյանը դժվարացավ պատասխանել՝ պատասխանատվությունը գցելով տեղի իշխանությունների վրա. «Դա հիմնականում ձեր մարզպետարանի ու քաղաքապետարանի խնդիրներն են, որոնք անմիջապես ձեր ժողովրդի հետ առնչվելով՝ պետք է կարգավորեն այդ հարցը»:

Փաստորեն, ստացվում է, որ կառավարությունը Գյումրիում այլեւս անելիք չունի: Հարցին էլ, թե նախարարը կարո՞ղ է հստակ ժամկետներ նշել, թե աղետի գոտում անօթեւանների հարցը վերջնականապես երբ կլուծվի, Վ. Վարդանյանն ասաց. «Մի քիչ լուրջ հարց չեք տալիս. ես չեմ կարող հստակ պատասխանել, բայց համոզված եղեք, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի կարճ ժամկետում կարգավորի այդ հարցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել