Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ՝ «ԱՐՄԵՆՏԵԼՈՒՄ»

Նոյեմբեր 13,2007 00:00

Ընկերությունը, ամենայն հավանականությամբ, ուզում է ազատվել ֆիքսված հեռախոսակապի գծով մասնագետներից, քանի որ կապը վաճառելու պլաններ ունի:

Մեր տեղեկություններով՝ «ԱրմենՏելի» նոր ղեկավարներն ուզում են իրենց ընկերությանը պատկանող ֆիքսված (լարային) հեռախոսակապը վաճառել ռուսական «ԾՁհ» ընկերությանը, որը բջջային կապի երկրորդ օպերատոր «ՎիվաՍելլի» նոր սեփականատերն է: Ներկայումս, ըստ մեր աղբյուրների, «Բիլայնի» եւ «ԾՁհ»-ի միջեւ որեւէ հստակ պայմանավորվածություն չկա, նրանք դեռ բանակցում են:

Իսկ թե ինչու է «ԱրմենՏելն» ուզում վաճառել ֆիքսված հեռախոսակապը՝ ունի իր պատճառները: Օրերս «Առավոտին» են դիմել ընկերության մի խումբ աշխատակիցներ: Նրանց հավաստմամբ, «ԱրմենՏելի» տնօրինությունը գտնում է, որ մեր երկրում ֆիքսված հեռախոսակապի գծով լավ մասնագետներ չկան, բոլորը մասնագիտացված են բջջային կապի համար, ուստի չեն կարողանում լավ ու եկամտաբեր ֆիքսված կապ ապահովել: Դրա համար ընկերությունն այս օրերին տարբեր պատճառաբանություններով աշխատանքից ազատում է ֆիքսված հեռախոսակապի բազմաթիվ մասնագետների:

Օրինակ, աշխատակիցների տեղեկացմամբ, վերջին ամիսների ընթացքում արդեն 65 մալուխագործ ու մոնտյոր ազատվել են աշխատանքից, ասելով, թե նրանց առողջական վիճակը չի ներում, որպեսզի վերջիններս այդ աշխատանքն ունենան: Մինչդեռ այդ աշխատողների առողջական միակ խնդիրը եղել է այն, որ նրանք արյան բարձր ճնշում են ունեցել: Ընկերության արդեն ազատված աշխատակիցների պատմելով՝ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, գերազանց առողջական վիճակում են՝ «ԱրմենՏելն» աշխատանքից ազատելու այլ մեթոդներ է կիրառել: Նրանց հրավիրել է ատեստավորման քննություններ հանձնելու: Այս օրերին «ԱրմենՏելի» բազմաթիվ աշխատակիցներ ինտենսիվ ռուսերեն են պարապում, որպեսզի իրենց ընկերության քննություններից չկտրվեն: Նկատենք, որ այս քննությունները հանձնում են նույնիսկ 20-30 տարվա փորձ ունեցող աշխատակիցները եւ այն էլ՝ ոչ թե մեր պետական լեզվով՝ հայերեն, այլ ընկերության սեփականատերերի մայրենի լեզվով:

Աշխատակիցները բողոքում են, որ իրենք պետք է շատ կարճ ժամանակահատվածում հասցնեին նոր ծրագրեր սովորել. «Մենք այսքան ժամանակ բջջային քարտերի գրանցման համար բավականին մեծ հերթեր ենք սպասարկել, ինչպե՞ս կարող էինք այդքան ծանր աշխատանքից հետո առանց կողմնակի օգնության ընկերության ծրագրերը սովորել»: Քննությանը նախապատրաստվելու համար աշխատակիցներին 27 հարց են տվել, սակայն քննության ընթացքում նրանց, ում ուզել են կրճատել, այսպես ասած՝ «ձախ» հարցեր են տվել, այնպիսիք, որոնք քննության հարցաշարում չեն եղել: Օրինակ՝ աշխատակիցներից մեկին հարցրել են՝ ինչպե՞ս պետք է ճշտանցում կատարել: Նշենք, որ ինչպես մասնագետները բացատրեցին, ճշտանցում նշանակում է գումարի դուրս գրում կամ գանձում: Դա կատարելը գանձապահի գործն է, մինչդեռ այդ հարցը տվել են շարքային աշխատակցի: Բացի այդ, հարցրել են նաեւ «Բեռկուտ» ծրագրի մասին, որի միջոցով աշխատողները կարող են բաժանորդի հաշիվը, 1000 դրամ արժողությամբ, վերալիցքավորման քարտի փոխարեն լիցքավորել 400 կամ, ասենք, 700 դրամի: Աշխատակիցների խոսքերով՝ «Մենք քննության ժամանակ այդ ծրագրի գույնն անգամ չէինք տեսել, ինչպե՞ս պատասխանեինք այդ հարցին, դեռ մեկ շաբաթ է, ինչ ներդրվել է այդ ծրագիրը»: Բացի այդ, ֆիքսված հեռախոսակապի ոլորտում աշխատողներին տրվել են բջջային հեռախոսակապի մասին հարցեր, որոնց, իհարկե, աշխատակիցները լիարժեքորեն չէին կարող պատասխանել:

Նշենք, որ ատեստացիան անցկացվել է սեպտեմբերի 17-ին, մասնակցել է 20 հոգի, որից ընդամենը 7-ն է 80 բալից նվազագույն 66 բալը կարողացել հավաքել: Կրճատված աշխատակիցները բողոքով դիմել են ընկերության ղեկավարությանն ու տրասպորտի եւ կապի նախարարությանը, որից հետո մեկ անգամ էլ է քննություն նշանակվել՝ սեպտեմբերի 26-ին: Այս անգամ մասնակցել է 60-65 հոգի, որից էլ միայն 13-ն է կարողացել անցողիկ բալ ապահովել:

Այս առնչությամբ «ԱրմենՏելից «Առավոտին» պարզաբանել են, որ «ՀՀ գործող աշխատանքային օրենսգրքի 120 հոդվածով՝ աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանությունը որոշում է գործատուն: Անընդհատ փոփոխվող տեխնոլոգիաների պայմաններում փոփոխվում են նաեւ աշխատողներին ներկայացվող պահանջները, հետեւաբար ընկերությունն ինքն է որոշում զբաղեցրած պաշտոններին աշխատողների համապատասխանությունը եւ նրանց հետ աշխատանքային հարաբերությունները շարունակելու հարցերը: Իսկ ատեստավորման քննության հարցերը կազմված են հայերեն եւ ռուսերեն»: Բացի այդ, «ԱրմենՏելից» պատասխանեցին, որ իրենց ընկերությունը շահույթ հետապնդող կազմակերպություն է եւ, որպես այդպիսին, առավել քան շահագրգռված է որակյալ կադրերի ներգրավման եւ պահպանման հարցում, հետեւաբար բացառվում է, որ ընկերությունն ուզենա աշխատանքից ազատել լավ մասնագետներին: Մեր հարցին՝ կապված 65 մալուխագործի ու մոնտյորի բարձր ճնշում ունենալու պատճառով աշխատանքից ազատելու հետ՝ ընկերությունից պարզաբանեցին, որ «Աշխատանքային օրենսգրքով գործատուին չի վերապահվում աշխատողի առողջական վիճակի վերաբերյալ ստացված բժշկական եզրակացությունը վիճարկելու իրավունք, եւ առկա եզրակացությունները հիմք են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծարելու համար: Բժշկական հանձնաժողովի բացասական եզրակացությունը կարեւոր է գործատուի համար, եւ այդ պահանջի չկատարելը կարող է առաջացնել գործատուի պաշտոնատար անձանց պատասխանատվություն»:

Պատրաստվո՞ւմ եք ֆիքսված հեռախոսակապը վաճառել «ԾՁհ»-ին՝ մեր գրավոր հարցին ընկերությունից որեւէ պատասխան չեն տվել՝ առաջարկելով այդ մասին առանձին հարցազրույց կազմակերպել ընկերության ղեկավարության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել