Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱԽԿԻՆՆԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԻ

Նոյեմբեր 13,2007 00:00

ՀՀԿ համագումարում վարչապետ Սերժ Սարգսյանն իր ելույթում, այնուամենայնիվ, անդրադարձավ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ գործող իշխանությանն ուղղված քննադատությանը եւ հակադարձեց դրան՝ իր հերթին մեղադրանքներ ուղղելով ե՛ւ Լ. Տեր-Պետրոսյանին, ե՛ւ «նախկին» իշխանություն ՀՀՇ-ին: Արձագանքելով Ս. Սարգսյանի այդ ելույթին` երեկ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք պատրաստ են այսօր իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի հետ բանավիճել Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ ցանկացած ժամանակահատվածում, որպեսզի հանրությունն ինքը հետեւություններ անի: «Սա կլինի միակ եւ ճիշտ ճանապարհը»,- հայտարարեց Ա. Զուրաբյանը:

Իսկ «Առավոտին» փոխանցեց նաեւ, որ նոյեմբերի 16-ին կայանալիք հանրահավաքում ՀՀ առաջին նախագահը, թերեւս, կպատասխանի Ս. Սարգսյանի հնչեցրած քննադատությանը: Այդուամենայնիվ, ՀՀՇ վարչության նախագահը անդրադարձավ Ս. Սարգսյանի այն մեղադրանքին, թե առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը սեփական կամքով է լքել Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը՝ «թողնելով հուսահատության եզրին հասած ժողովուրդ, քայքայված տնտեսություն, անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, պարտվողական տրամադրություններ»: «Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի իրականությունը, բայց շեղվելով դրանից՝ ներկայացնում է միանգամայն այլ բան, որն ընդհանրապես տեղի չի ունեցել: Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանը լքել է իշխանությունը հայտնի իրադարձություններից հետո»,- նկատի ունենալով «հայտնի ուժերին», ասաց Ա. Զուրաբյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ իշխանության են եկել իշխանության բռնազավթման հետեւանքով:

Ա. Զուրաբյանի մատուցմամբ, որեւէ տրամաբանական եւ հստակ ասելիք Ս. Սարգսյանի ելույթում չկար: Անդրադառնալով ՀՀ վարչապետի խոսքում Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ-ին վերագրված «ռեւանշիզմի» մասին արտահայտությանը` ՀՀՇ վարչության նախագահն ասաց. «Ի՞նչ ռեւանշիզմի մասին է խոսքը, երբ ասպարեզում քաղաքական ուժեր են, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է գալ իշխանության, իրականացնել իր ծրագրերը եւ առաջնորդվել իր գաղափարներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել