Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահները խառնվել են

Նոյեմբեր 13,2007 00:00

Նոյեմբերի 16-ի հանրահավաքին ընդառաջ՝ ոստիկանությունը «պլանքաշների» է որոնում

Անցած ուրբաթ օրը, երեկոյան, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման էր ենթարկվել «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության անդամ Տիգրան Եղիազարյանը: Հայրենի ոստիկանները գնացել էին նրա տուն եւ առանց փաստաթուղթ ներկայացնելու «հրավիրել» ոստիկանություն՝ սպառնալով, որ հակառակ դեպքում փողոցից կտանեն: Պարզվում է, իրավապահները «կասկածներ» են ունեցել, թե նա մի քանի օր առաջ թմրանյութ է օգտագործել, ու, թերեւս, այդ կասկածները «փարատելու» համար բերման ենթարկվածին հարցուփորձ էին արել նոյեմբերի 16֊ին կայանալիք ընդդիմության հանրահավաքին նրա մասնակցել-չմասնակցելու մասին: Տ. Եղիազարյանին, իհարկե, մոտ մեկ ժամ պահելուց եւ ցուցմունքներ այդպես էլ չստանալուց հետո ազատ էին արձակել: Զավեշտականն այն է, որ Տ. Եղիազարյանը նույն բաժին եւ նույն «կասկածներով» բերման ենթարկված միակ քաղաքացին չի եղել, ու ոստիկանության բաժին մյուս բերման ենթարկվածներին եւս հարցրել են հանրահավաքին նրանց մասնակցության մասին: Որ տեղի ունեցածը ՀՀ քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդման փորձ է ու հանցագործություն՝ ակնհայտ է, բայց որ այդ երեւույթը հայաստանյան իրավապահների մոտ դառնում է «խասիաթ»՝ վրդովեցնում է:

Հաջորդ օրն էլ՝ նոյեմբերի 10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին, պետի մոտ «զրուցելու էին հրավիրել» ԵԿՄ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հովիկ Հարությունյանին, որը նախօրեին հարցազրույց էր տվել «Չորրորդ իշխանություն» թերթին եւ հայտնել իր դիրքորոշումը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին: Հ. Հարությունյանը, ինչպես ինքը փոխանցեց «Առավոտին», իր ետեւից եկած ոստիկաններին նախ ասել էր, որ հասկանում է, թե իրեն ինչ զրույցի են հրավիրում, եւ հավելել էր, որ իր հետ գործ չունեն՝ ինքը գնալու է բաժին, մի քանիսի գլխին դասախոսություն է կարդալու ու նրանց էլ է «հեղափոխելու»: Այդուհանդերձ, նա համաձայնել էր գնալ ոստիկանության բաժին եւ չէր սխալվել. միլպետի հետ զրույցը քաղաքական բովանդակություն էր ունեցել: Բայց հետո այստեղ էլ էին «կասկածել», որ ԵԿՄ անդամը, գուցե, թմրանյութ է օգտագործում, եւ ոստիկանների ուղեկցությամբ տարել էին նարկոլոգիական դիսպանսեր: Եվ ի՞նչ: «Իսկ ի՞նչ պիտի լիներ: Ոչինչ: Ես չեմ էլ ծխում»,- մեզ հետ զրույցում ասաց Հ. Հարությունյանը: Մի քանի ժամ ոստիկանությունում պահելուց եւ ապարդյուն «մշակելուց» հետո նրան բաց էին թողել, բայց այս անգամ Հ. Հարությունյանն էր խոստացել, որ էլի «կհանդիպի» ոստիկանություն՝ քաղաքական թեմաներով «դասախոսությունը» շարունակելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել