Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԳՈՐԾԻՐ, ՔԱՆԶԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՁԵՌՔՈՒՄԴ Է»

Նոյեմբեր 13,2007 00:00

\"\"ՀՀԿ 11-րդ համագումարի ժամանակ օրհնելով հանրապետականներին՝ Պողոս առաքյալի այս խոսքերը մեջբերեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդը:

Շաբաթ օրը «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ Հանրապետական կուսակցության 11-րդ հերթական համագումարը: Դեռ մարզադահլիճից շատ հեռու եւ համագումարի սկզբից շատ կանուխ, վաղ առավոտյան արդեն իսկ զգացվում էր, որ երկրում տեղի է ունենում իշխող կուսակցության համագումարը: Դեպի մարզադահլիճ ճանապարհները հսկվում էին ոստիկանների կողմից, մարզադաշտին հարող տարածքում աննախադեպ քանակի ավտոմեքենաներ էին կայանել: Հանրապետականները կարմիր գորգի վրայով անցնելով մոտենում էին մետաղորսիչ սարքերին, անցնում դրա տակով եւ մտնում միջանցք, որտեղ նրանց սպասում էր շատ բարձր միացրած երաժշտությունը: Իշխանության կուսակցության ներկայացուցիչները միմյանց բարեւում էին եւ սահուն անցում կատարում դեպի դահլիճ, որտեղ նրանց էին սպասում երկարոտն գեղեցկադեմ աղջիկները՝ կարմիր ժիլետներով: Նրանք էին ուղեկցում պատվիրակներին դեպի իրենց տեղերը: Այս ամբողջ նախապատրաստական իրարանցումը տեւեց բավականին երկար՝ մեկուկես ժամից ավելի: Եվ երբ բոլոր հանրապետականները տեղավորվել էին իրենց տեղերում, համագումարի սկզբից կես րոպե առաջ դահլիճի կարմիր ուղեգորգի վրայով դեպի նախագահություն ուղեւորվեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Այս ամենը նման էր «Օսկարի» մրցանակաբաշխության, դահլիճը ոտքի կանգնեց եւ երկարատեւ ծափերով ողջունեց կուսակցության առաջին երկու դեմքերին: Մինչ Տիգրան Թորոսյանը տեղավորվեց բեմում, Սերժ Սարգսյանը մոտեցավ առաջին շարքում նստած Աշոտ Նավասարդյանի եւ Անդրանիկ Մարգարյանի այրիներին, սեղմեց նրանց ձեռքը, իսկ Հասմիկ Նավասարդյանն իր կողմը քաշելով վարչապետին՝ ջերմագին ողջագուրվեց վերջինիս հետ:

Առաջին խոսքը, որ հնչեց համագումարում՝ հոգեւորն էր, որը խիստ ընդգծված քաղաքական ենթատեքստ ուներ: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ տեր Նավասարդ Կճոյանը ողջունելով համագումարը, գրեթե քաղաքական ելույթ ունեցավ, ասելով, որ «նախընտրական այս շրջանում իրար մրոտելու վատ սովորությունը աչք ծակող է»: Նաեւ հավելեց, որ «ներկայով է կառուցվում ապագան», իսկ քանի որ խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հանրապետականին վստահության քվե է տվել, անգամ օտարերկրյա դիտորդները դրական գնահատական են տվել: Բայց արի ու տես, որ մենք ենք դժգոհ, նկատի ունեմ մարդիկ, որոնք չգիտես ինչպես են առաջնորդվում կամ ինչպիսի հոգեվիճակի մեջ են հայտնվում»: Իսկ հանրապետականները, ըստ սրբազան հոր՝ «Միշտ եղել եք ժամանակի հետ եւ այսօր ժամանակն է ձեզ հետ եւ պետք է այդ ժամանակն արժեւորել, պարտավորվելով այն վստահության քվեի աջակցության վրա, որ ձեզ տվել է մեր ժողովուրդը»: Խոսքն ավարտեց Պողոս առաքյալի խոսքով. «Գործիր, քանզի ժամանակը ձեռքումդ է»:

Համագումարին ներկա էր նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, սակայն, ինչպես եղել է այլ համագումարների դեպքում, այս անգամ նախագահի կողմից ուղերձ չկար: Այլ կուսակցություններից համագումարին ներկա էին Դաշնակցությունը (Հրանտ Մարգարյան եւ Հրայր Կարապետյան), ՄԱԿ-ից՝ Գուրգեն Արսենյանը եւ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանը» (Գագիկ Ծառուկյան եւ Արամ Սաֆարյան): Գագիկ Ծառուկյանը խոսեց բանավոր եւ հայտարարեց, որ կոալիցիոն հուշագրին հավատարիմ՝ ԲՀԿ-ն սատարելու է ՀՀԿ-ի թեկնածուին, եւ որ իրենք ամեն ինչ անելու են, որ «երկրում լինի քաղաքական կայունություն, հասարակության համերաշխություն, ազգային համաձայնություն եւ լավատեսություն»: Գագիկ Ծառուկյանն ասաց նաեւ. «Մենք շատ լավ պատկերացնում ենք մեր փայաբաժին պարտավորությունը այն քաղաքական գործընթացում, որը մենք լիարժեք պատրաստ ենք արժանապատիվ եւ լիարժեք իրականացնել»: Հավանաբար, «փայաբաժնի» փոխարեն պարոն Ծառուկյանն ուզում էր ասել «մասնաբաժին»:

Համագումարին ներկա էին ազատամարտիկների բոլոր կազմակերպությունների վերնախավի ներկայացուցիչներ, եւ բոլորն էլ իրենց հոգու պարտքը համարեցին հայտարարել, որ իրենք սատարելու են հենց ՀՀԿ-ի կողմից առաջադրվող նախագահի թեկնածուին: Ընթերցվեց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքը, համագումարը ողջունեցին վիրահայերը, «Նիգ-Ապարանը», «Ոգու փորձության» անունից ողջույնի խոսք ասաց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, այլ հասարակական կազմակերպություններ: Դաշնակցության անունից ողջունելով ՀՀԿ համագումարը, Հրայր Կարապետյանն ասաց. «Այսօր արդեն ակնհայտ է, որ անցյալի ուժերի ակտիվությունը թելադրվում է ռեւանշիստական մոտեցումներով, այսօր ակնհայտ է, որ փորձ է արվում մեր երկրի պատմությունը շրջել դեպի ետընթաց: Մենք հայտարարում ենք, որ երբեք չի կարող պատմության անիվը գլորվել ետ, այն պետք է գլորվի առաջ եւ այս առաջ գլորվելու մեջ մենք պետք է լինենք դերակատար, բոլոր ազգային ուժերի հետ միասին, ազգային համաձայնության հասնելու հարցում եւ այստեղ ամենակարեւոր դերակատարություններից մեկը, անկասկած, պետք է ունենա Հայաստանի հանրապետական կուսակցությունը»:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հաշվետու զեկույցում հարկ համարեց անդրադառնալ առաջին նախագահին եւ ասաց. «Ելույթի ուսուցողական տոնի, առարկություններ չհանդուրժող որակումների եւ պիտակավորումների, ինչպես նաեւ սարսափազդու ներկայի եւ անհուսալի ապագայի նկարագրությունների մասին չարժե խոսել, քանզի մեր հասարակությունը հոգնել է թեկուզ եւ ճարտար ձեւակերպված, սակայն անառարկա խոսքից: Եթե ոմանք հույսը դրել են այն բանի վրա, որ հասարակությունը կարճ հիշողություն ունի, ապա, կարծում եմ, կարճ ժամանակ անց փայլուն հնարավորություն կունենան համոզվելու, որ այս անգամ էլ են սխալվել»: Որոշ փաստեր ներկայացնելով՝ ասաց. «Մեկ այլ ցնցող փաստ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացմամբ: Իր ելույթում նա հակադրելով իր այսօրվա նկարագրած մռայլ իրավիճակին, ասում է, որ անկախության առաջին տասնամյակի համար բնորոշ է համարում ազատության, հպարտության, ոգեւորության զգացումը: Հավանաբար՝ 1996-ի սեպտեմբերին ցուցարարներն իրենց հպարտությունն ու ոգեւորությունն էին արտահայտում իշխանությունների նկատմամբ եւ վերջիններս էլ նրանց ջերմորեն ողջունելու համար փողոց դուրս բերեցին տանկերը»:

ՀՀԿ համագումարը վարչապետ, ՀՀԿ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին առանց որեւէ դեմ ձայնի առաջադրեց նախագահի թեկնածու: Այդ իրողությունը ողջունելով, դահլիճը երկարատեւ եւ բուռն ծափահարեց, երբ հայտարարվեց այս մասին, իսկ երիտասարդները թափահարեցին եռագույն դրոշներն ու կուսակցության ճերմակ դրոշները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել