Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈԼՇԵՎԻԶՄԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

Նոյեմբեր 13,2007 00:00

\"\"«Եթե շատ ես, ուրեմն ճշմարի՞տ ես»,- հարցնում է ԱԺ մեծամասնությանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:

«Բարգավաճ Հայաստանի» անդամ, իրավաբանական գիտությունների դոցենտ, 35-ամյա Արեւիկ Պետրոսյանը երեկ ստանալով 79 ձայն՝ ընտրվեց ԱԺ փոխնախագահ, դառնալով առաջին կին փոխնախագահը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատմության մեջ:

Արեւիկ Պետրոսյանի մրցակիցները դարձյալ կանայք էին: ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն առաջադրեց ՀՀԿ խորհրդի անդամ Հրանուշ Հակոբյանի թեկնածությունը: Սակայն վերջինս ինքնաբացարկ հայտարարեց՝ պատճառաբանելով, թե ԱԺ մեծամասնությունը կայացրել է իր որոշումը. «Տվյալ տեղը՝ առաջադրման առումով, պատկանում է ԲՀԿ-ին»:

Իսկ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրեց 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ սպանված փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի թեկնածությունը: Նա ստացավ 13 «կողմ» ձայն:

Նշենք, որ 131 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը մասնակցել էին 102-ը: Քվեատուփում, սակայն, կար 100 քվեաթերթիկ, որից 8-ն էլ ճանաչվեցին անվավեր: ՀՅԴ-ն, որ այլ առիթներով հայտարարել էր, թե ընդդիմադիրներին պետք է տրվեն որոշ պաշտոններ՝ իշխանության հավասարակշռությունն ապահովելու համար, երեկ նույնպես պաշտպանեց կոալիցիայի թեկնածուին: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը սա հիմնավորեց այն հանգամանքով, որ ՀՅԴ-ն համաձայնագիր ունի կոալիցիայի հետ:

Մինչ քվեարկությունը՝ Անահիտ Բաշխյանն իր եզրափակիչ ելույթում ասել էր, թե կոչ չի անում իրեն ընտրել եւ չի էլ ակնկալում, որ մեծամասնության պատգամավորները կքվեարկեն իր օգտին, քանի որ ակնհայտ է նրանց վերաբերմունքն ԱԺ քաղաքական փոքրամասնության հանդեպ:

«Ժառանգության» պատգամավորներն Անահիտ Բախշյանի առաջադրումը հիմնավորում էին իբրեւ հնարավորություն՝ ապացուցելու, թե ԱԺ-ն իսկապես կոլեգիալ մարմին է եւ ԱԺ ղեկավարության մեջ կարող է տեղ գտնել նաեւ ընդդիմության ներկայացուցիչը: Սակայն տիկին Բախշյանն իր նախընտրական ելույթում նշեց. «Ի տարբերություն այսօր ԱԺ-ում գործող մեծամասնության բոլշեւիկյան քաղաքական դրսեւորումների, որի դեմ պայքարողը, ի դեպ, խորհրդային պատմության մեջ հենց այդ մեծամասնությունն է եղել եւ ինքն էլ պետք է բացառեր այդ դրսեւորումները՝ ինքը փորձում է իր մեծամասնությամբ փոշիացնել փոքրամասնություն կազմող քաղաքական ուժերի առաջարկությունները, տեսակետները, կարծիքները»: «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը եւս նշեց, թե ԱԺ մեծամասնությունը շարունակում է մի ավանդույթ. «Եթե շատ ես, ուրեմն ճշմարիտ ես եւ կարող ես որոշումներ կայացնելիս բացարձակապես հաշվի չառնել գործընկերներիդ»:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն իր ելույթում չհամաձայնեց այն տեսակետին, թե քաղաքական պայմանավորվածությունները հակասում են ժողովրդավարական գործընթացներին. «Այն խորհրդարանը, որում քաղաքական պայմանավորվածություններ չկան՝ միշտ դատապարտված է քաոսի, եւ ԱԺ-ի արդյունավետ գործունեություն ապահովել այդ պարագայում հնարավոր չէ»: Նա փոխըմբռնման եւ քաղաքական նոր մշակույթ ձեւավորելու «Ժառանգության» պատգամավորների կոչը ընդունելի համարեց, եթե նման գործելակերպի բոլոր հիմքերը կան: Մինչդեռ, ըստ նրա՝ մեծամասնության դիրքորոշումը բոլշեւիկյան համարելու բնորոշումը «բացարձակապես հանդուրժողականության վկայություն չէ»:

Նշենք նաեւ, որ Արեւիկ Պետրոսյանին հարցեր տվողները միայն «Ժառանգության» պատգամավորներն էին: Լարիսա Ալավերդյանը հիշատակեց, որ թեեւ Արեւիկ Պետրոսյանը հունիսի 7-ից ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր՝ նա եւ ԲՀԿ-ն չեն արձագանքել դրանից հետո մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստերին (որպես օրինակ մատնանշեց Խաչատուր Սուքիասյանին պատկանող ձեռնարկությունների «աննախադեպ» ստուգումները): Արեւիկ Պետրոսյանը պատասխանեց. «Մեր պատկերացմամբ՝ դիրքորոշումներ հայտնվում են ոչ միայն ԱԺ ամբիոնից բարձրաձայնելով, այլ նաեւ այլ քննարկումներում, կոալիցիոն քննարկումներում, կառավարության հետ համագործակցության արդյունքում, ինչը մենք փորձում ենք իրականացնել: Ըստ անհրաժեշտության՝ ներկայացրել ենք, ներկայացնում ենք եւ կներկայացնենք կուսակցության դիրքորոշումները»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի առաջարկը՝ դիրքորոշում հայտնել քաղաքական հայացքների համար բանտարկված 3 անձանց՝ Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Արման Բաբաջանյանի վերաբերյալ, հնարավորություն էր, որ Արեւիկ Պետրոսյանը հրապարակավ ասի այն, ինչ ասում է կոալիցիոն քննարկումներում: «Ես չեմ համարում, որ այսօր մենք Հայաստանում ունենք քաղբանտարկյալներ»,- ի պատասխան ասաց տիկին Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել