Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Նոյեմբեր 10,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ քսանչորսերորդ

 ՁՄԵՌԱՅԻՆ ԳԻՇԵՐՎԱ ԵՐԱԶԸ

Եթե կեսգիշերային ԱԼՄ-ով որեւէ երազաբան կամ այլ տարօրինակ արարած ելույթ չի ունենում, ինձ դժվարությամբ է հաջողվում ինքնուրույն ու մենմենակ թոթափել բուքմեյքերական ամենավերջին տպավորություններս՝ անկախ շահելուս կամ տուժելուս հանգամանքներից, եւ եթե ԱԼՄ-ի տվյալ գիշերվա կրկնվող հյուրը երազաբան կամ ավելի տարօրինակ մեկն է լինում, ինձ հեշտուհանգիստ հաջողվում է թոթափել բուքմեյքերական ամենավերջին տպավորություններս եւ խաղաղ ու հանգիստ քնանալ, եւ եթե ԱԼՄ-ի էկրանի անկյունում գրված չլինի՝ «կրկնություն», երբեք մտքովս չի անցնի, թե կրկնություն է՝ էնքան որ անմիջական ու կենդանի են էդ երազաբանների եւ մյուսների կեսգիշերային մենախոսություններն ու երկխոսությունները, եւ անմիջականության առումով ամենատպավորիչն ու ամենաազդեցիկն, իհարկե, անձամբ Տիգրան Կարապետովիչի մենախոսություններն են, եւ հատկապես դրանցից ամենավերջինը, որն սկսվեց անցած ամսվա կիրակիներից մեկի գիշերվա տասին, եւ երբ «Ռեալի» խաղից հետո՝ երկուսի կողմերը վերստին միացրի ԱԼՄ, դեռեւս շարունակվում էր, ու դեռեւս չէր զգացվում, թե Կարապետիչը մտադրություն ունի ավարտել, եւ չնայած Հեղինեն ու հեռուստադիտողներն իրենց հարցերով ժամանակ առ ժամանակ ընդհատում էին Կարապետիչի մենախոսությունը, բայց, ըստ էության, մենախոսությունը չէր ընդհատվում, որովհետեւ, ինչպես միշտ, Կարապետիչն առանձնապես չէր լսում Հեղինեի ու հեռուստադիտողների հարցերը, բայցեւ, ինչպես միշտ, իր մենախոսությունը ներառում էր Հեղինեի, հեռուստադիտողների եւ աշխարհի բոլոր հարցասերների բոլոր հարցերի պատասխանները, եւ կոնկրետ էդ օրվա Կարապետիչի մենախոսությունը բացառապես հոգեւոր էր եւ, կարելի է ասել, նույնիսկ կրոնական, ու էդ մենախոսությունն էդ գիշեր միանգամայն հետաքրքրությամբ լսում ու զարմանում էի, որ Կարապետիչն իր ԱԼՄ-ով ու իր էս մենախոսություններով որոշ մարդկանց նյարդերի վրա է ազդում, եւ չնայած էդ գիշեր էդ ամբողջ ընթացքում Կարապետիչն ակնհայտորեն ուղեղների լվացմամբ էր զբաղված, բայց նյարդերիս վրա հեչ չէր ազդում երեւի էն պատճառով, որ հատկապես էդ գիշեր ուղեղս իսկապես լվացման էր ենթակա, որովհետեւ ամբողջ հիսուն հազար դրամ էի դրել «Ռեալի» վրա, ու «Ռեալն» իր իսկ դաշտում ոչ միայն չկարողացավ հաղթել «Բետիսին», այլեւ գոլ անգամ չկարողացավ խփել, եւ ահա՝ գիշերվա երեքին հեռուստացույցի դեմ հարմարավետ տեղավորված՝ կամավոր թույլ էի տալիս, որ Կարապետիչը հնարավորինս ու հիմնավորապես լվանա բոլորեքյան աղտոտված ուղեղս, եւ չմոռանամ ասել, որ դա ոչ թե ինչ-որ կրկնություն էր, այլ՝ նախընտրական միանգամայն ուղիղ եթեր, ու էդ պահերին միակ միտքը, որ ժամանակ առ ժամանակ ծագում էր արդեն հիմնավորապես լվացված ուղեղիս մեջ, հետեւյալն էր. ես կարո՞ղ եմ արթուն մնալ մինչեւ Կարապետովիչի մենախոսության ավարտը, եւ առաջ անցնելով ասեմ, որ գիշերվա չորսն անց կեսի կողմերը, երբ աչքերս արդեն զոռով էի բաց պահում, Կարապետիչը միանգամայն առույգ տեսք ուներ, եւ նմանապես Հեղինեն էր առույգ, եւ առավել առույգ էին զանգողներն ու հարցեր տվողները, մինչդեռ նվաստս աչքերն արդեն մի կերպ ու զոռով էր բաց պահում, եւ միշտ է էդպես. այսինքն, երբ շատ ես ուզում քնել՝ ոչ մի կերպ չես կարողանում, եւ, ընդհակառակը, երբ ճգնում ես արթուն մնալ՝ անմիջապես Մորփեոսի գրկում ես հայտնվում, եւ չնայած զոռով ու մի կերպ էի աչքերս բաց պահում, բայց, փաստորեն, աչքերս զոռով ու մի կերպ բաց պահած՝ լվացված ուղեղովս ամբողջովին ընկղմված էի Կարապետիչի մենախոսության ու մեր փափուկ բազկաթոռի մեջ, եւ Կարապետիչի էդ գիշերվա թեման ու մենախոսությունն, ինչպես արդեն ասացի, միանգամայն հոգեւոր եւ նույնիսկ կրոնական էին, եւ չնայած Հայոց աշխարհում վերստին նախընտրական շրջան էր, ինքն էդ գիշեր քաղաքականությունից բացարձակապես չէր խոսում, այլ միայն՝ հոգեւորից ու կրոնից, ընդ որում՝ ինքն էդ գիշեր ոչ թե իրենց մասսայական ուխտագնացություններից ու մոմավառություններից էր խոսում, այլ անվերջ ու ճշգրիտ մեջբերումներ էր անում Ավետարանից, եւ հաստատ էդ մեջբերումները մոնիտորից չէր կարդում, որովհետեւ շարունակ Հեղինեին էր նայում, ու երկուսն էլ զարմանալիորեն առույգ էին, ու ես լվացված ուղեղովս շարունակաբար ու զուգահեռաբար մտածում էի՝ տեսնես ինչքա՞ն կդիմանամ, եւ երբ մի կերպ բաց պահած աչքերովս նայեցի ժամացույցին՝ հինգից քսան էր պակաս, այսինքն՝ ինքն արդեն ավելի քան վեցուկես ժամ մենախոսում ու Աստվածաշնչից մեջբերումներ էր անում, բայց ամեն մեջբերումից հետո նաեւ իր վերլուծությունն ու մեկնաբանությունն էր հրամցնում, եւ երբ արդեն իր մենախոսության ավարտից լրիվ հույսս կտրած՝ հանվեցի ու պառկեցի, քունս միանգամից փախավ, ու լվացված ուղեղովս մտածում էի, որ Կարապետիչի ասածները շատ էլ ուսանելի են՝ եթե տրամադրվում ես անվերապահորեն հավատալ իր ասածներին, եւ եթե քեզ հաջողվում է նաեւ հավատալ՝ որ ինքն է՛լ է հավատում իր ասածներին, էդ դեպքում արդեն ուղեղիդ լվացումը կատարյալ է ստացվում՝ ինչպես որ իմ դեպքում ստացվեց, եւ դրանից ընդամենը մի քանի օր անց՝ «Քլիվլենդից» ու ոստիկաններից անմիջապես հետո իմ լվացված ու մաքրամաքուր ուղեղով սկսեցի մահվան մասին մտածել, որովհետեւ, չգիտես ինչու, շատ քիչ հույս ունեի՝ որ առավոտյան բարեհաջող կզարթնեմ, եւ երբ առավոտյան բարեհաջող զարթնել ու զարթնելուս վրա հաճելիորեն զարմացել էի, հաճույքով մտածեցի ու հասկացա, որ իմ սիրտը քար է ու, փաստորեն, ամեն ինչին դիմանում է, եւ էդ միտքը հաճելիորեն մտքումս պահած՝ մի լիքը սրճաման սուրճ եփեցի ու սուրճը եփելու ընթացքում միայն երազս հիշեցի, ու երազս պատկեր առ պատկեր վերականգնելով՝ հասկացա, որ մահվան տարածքներում եմ գտնվել, եւ չնայած ԱԼՄ-ի երազաբանի ասելով՝ երազներն ընդամենը վայրկյաններ ու ակնթարթներ են տեւում, բայց իմը, կարծում եմ, ահագին երկար տեւեց, եւ չնայած էդ երազիս բովանդակությունը բացարձակապես չէի հիշում, բայց էդ երազիս տեւականությունն ու ազդեցիկությունը միանգամայն հստակ էին, ու միանգամայն հստակ էր նաեւ էդ երազիս լայնքով ու երկայնքով սփռված մահը, եւ էդ մահն անձամբ իմը չէր, էդ մահն ամենքինս էր՝ հավասար, եւ միգուցե իրեն չճանաչեի, եթե ԱԼՄ-ի երազաբանից լսած չլինեի, որ մենք մեր երազներում սովորաբար տեսնում ենք այն, ինչի մասին քնելուց առաջ մտածած ենք լինում, եւ եթե ԱԼՄ-ի երազաբանի երազաբանությունն էդքան խորապես ու մանրակրկիտ ընկալած չլինեի, պիտի մտածեի՝ էդ դեղնաշագանակագույն երազս կինոյի պես բան էր, մանավանդ որ՝ էդ գիշերվա երազս գույնով շատ նման էր Տարկովսկու «Ստալկերին», իսկ ինչ վերաբերում է բովանդակությանը, ոչ էդ առավոտ ու ոչ էլ մանավանդ էս պահին էդ երազիս բովանդակությունից որեւէ բան չեմ հիշում, ու հիմա արդեն մտածում եմ, որ Անդրեյ Արսենիչն իր էդ կինոն նկարելուց առաջ ճիշտ իմ տեսած երազի պես մի երազ է տեսած եղել, ու շատ հնարավոր է, որ ինձ պես ինքն էլ իր էդ երազի բովանդակությունը չի հիշել, դրա համար էլ էդ տեսակ անորոշ ու դեղնաշագանակագույն ֆիլմ է ստացվել, ու հիմա նաեւ մտածում եմ, որ նկարիչների անորոշ ու վերացական նկարներն էլ են էդ չհիշվող ու անորոշ երազների արդյունք, ու հաստատ Մալեւիչի սեւ քառակուսին էլ է էդ տեսակ մի երազի արդյունք, եւ հաստատ իր էդ սեւ քառակուսին էլ է մահը խորհրդանշում, ու չնայած մահը խորհրդանշող էդ սեւ քառակուսին Մալեւիչին հավերժական կյանք պարգեւեց, այդուհանդերձ, առնվազն իմ կարծիքով՝ հենց մահվան խորհրդանիշն է, եւ էս առթիվ հիմա նաեւ սկսում եմ մտածել ու հասկանալ, որ կյանքն ու մահն իրարից էնքան էլ տարբեր չեն՝ ինչքան մեզ է թվում, ու նաեւ սկսում եմ հասկանալ, որ մահը կյանքի հենց վերացական ու վերացարկված պատկերն է, եւ Արշիլ Գորկու վերացարկումներն էլ Խորգոմի մեռած այգիների կենդանի պատկերներն են, եւ չնայած Հրանտ Մաթեւոսյանն ասում էր՝ «Արշիլ Գորկին ամեն ինչ վերացական էր նկարում, բայց հենց հերթը հասնում էր իր մորն ու իրեն, լավ էլ կոնկրետ ու ֆոտոյի պես նման էր նկարում», եւ չնայած Հրանտի պես ինքս է՛լ վերացապաշտ չեմ, այդուհանդերձ, հատկապես էդ երազիցս հետո հակված եմ կարծել, որ լավագույն վերացապաշտների լավագույն գործերն իրենց տեսած երազների վերատպություններն են, եւ եթե բանաստեղծ ժամանակ իմ երազներից էդպիսի վերատպություններ երբեմն անում էի, արձակն էդ հնարավորությունը գրեթե չի տալիս, եւ որ ասում եմ՝ էդ երազիցս առաջ ու դրանից հետո ահագին ժամանակ մահվան մասին էի մտածում, էդ մտածածս էլ վերացական չէր, այլ՝ միանգամայն որոշակի ու մանրակրկիտ, եւ ինչքան էլ պնդողները շարունակեն պնդել, թե՝ արձակագրությունն իմ գործը չէ, ես արդեն ու անվերադարձ անուղղելի արձակագիր եմ եւ ամեն ինչ արձակագրի աչքերով տեսնում ու ամեն ինչի մասին արձակագրի պես եմ մտածում, եւ էդ երազիցս առաջ ու մանավանդ էդ երազիցս հետո մահվան մասին արձակագրի պես մտածելով՝ ահագին ափսոսում էի էս ամեն երկրայինի համար, եւ եթե նախքան երազս՝ ի խորոց սրտի ու սրտացավորեն էի ափսոսում, երազիցս հետո արդեն միանգամայն փիլիսոփայորեն եմ ափսոսում, որովհետեւ նախքան երազս որեւէ երաշխիք չունեի, թե առավոտյան մյուսներիդ հետ եւ մյուսներիդ պես կզարթնեմ, իսկ զարթնելուցս հետո արդեն մտածում էի՝ արդյո՞ք բոլորդ զարթնեցիք, եւ մահվան մասին մտածելով՝ հիմա հատկապես եմ ուզում ապրել, որովհետեւ փետրվարի երկրորդ կեսն է, ու ցրտերն արդեն վերջնականապես են կոտրվել, եւ գարնանային արեւի մասին վերհուշը հատկապես է շահագրգռում ապրել, մանավանդ որ՝ էսքան տաք փետրվար, ինչքան հիշում եմ, մեկ էլ ութսունութին էր, եւ եթե հիմա մեռնեմ, երբեւէ չեմ իմանա՝ ինչքան մարդ հավաքվեց Նիկոլի ու «Այլընտրանքի» ամսի քսանի միտինգին, եւ երիցս դաժան կլինի, եթե հենց հիմա մեռնեմ ու չհասցնեմ սպանել իմ ներքին ստրուկին, եւ եթե էս անպատեհ ժամին հանկարծակի մեռնեմ, էդպես էլ չեմ իմանա՝ ոնց պրծավ Կարապետիչի ու Մազի դատը, ու նմանապես չեմ իմանա՝ քանի տոկոս հավաքեց «Բարգավաճ Հայաստանը» մայիսի տասներկուսին, ու նաեւ չեմ իմանա՝ Գրողների միության նախագահության հերթական նիստում ո՞ր դոկտորը խոսեց էս վեպիս դեմ, եւ, վերջապես, եթե էս ամենաանպատեհ պահին մեռնեմ, չեմ իմանա՝ ինձ ո՞ւր է ուղղորդելու էս վեպիս էսքան խոստումնալից սկիզբը, եւ, բացի այդ, եթե էս նեղմաջալին մեռնեմ, մեր տնեցիք էս հատորներիս խառնիխուռն ձեռագրերից դժվար թե գլուխ հանեն, մանավանդ որ՝ ոչ միայն ձեռագիրս է խառնիխուռն ու դժվարամատչ, այլեւ, ինչպես տեսնում եք, մտքերս ու մտածմունքներս էլ. այնպես որ, էս սկսածիցս ինքս միայն կարող եմ գլուխ հանել, բայց էս բաներն ասելով՝ ոչ թե ուզում եմ ակնարկել, թե՝ իմ ապրելն ու իմ չմեռնելը հասարակական անհրաժեշտություն են, այլ՝ ճիշտ հակառակը. իմ ապրելն ընդամենն ի՛նձ համար է անհրաժեշտություն, որովհետեւ եթե բարգավաճ Հայաստանը չտեսած մեռնեմ՝ միայն ու միայն ես եմ տուժելու, եւ եթե իսկապես կյանքում ու Աստծո առաջ մեղքերս մեծ են, իսկապես ընտրությունների չքնաղ մայիսին չեմ հասնի ու չեմ իմանա, թե Դեմիրճյան Ստյոպիկին ձեռ առնողներից քանի՞սն էս անգամ ՀԺԿ-ի հաշվին պառլամենտ սողոսկեցին, եւ նմանապես չեմ իմանա՝ Անանյան Լյովան իրենց Նոյեմբերյանում քանի ձայն հավաքեց, եւ չնայած էսօրվա դրությամբ Թափալցյան Քրիստափորի չորսհատորանոց ռեկորդն իմ ձեռամբ խփված է, բայց եթե մի տարի էլ մեռնելս հետաձգվի, իր էդ ռեկորդը էջերի քանակությամբ էլ կխփեմ, բայց հիմա որ ավելի խորն եմ մտածում, հասկանում եմ, որ մի տարին էլ է քիչ, որովհետեւ, այնուամենայնիվ, Թափալցյանների ընտանեկան ռեկորդը խփելն իմ կյանքի միակ նպատակը չի, եւ եթե մինչեւ ֆուտբոլի աշխարհի առաջնություն չձգեմ, էդպես էլ չեմ իմանա՝ Ռոնալդոյի ռեկորդն ուժի մե՞ջ մնաց, թե՞ Քլոզեն խփեց, եւ եթե Բաբաջանյան Ավոյի հետագա մուտիլովկեքը չտեսած մեռնեմ՝ առանձնակի դաժանություն կլինի, եւ եթե Մանուչարյան Էդգարիկին «Այաքսի» պահեստայինների նստարանին անիմաստ նստած թողնեմ ու հեռանամ՝ վերստին անխոհեմ կլինի, եւ իմ կողմից առանձնակի դաժանություն կլինի՝ Ջավախյանի Նոբելյանի մաղարիչը չըմբոշխնած մեռնել, եւ առավել դաժան կլինի՝ եթե իմ իսկ Նոբելյանը չտեսած մեռնեմ, ու էս առթիվ հիմա սկսում եմ մտածել ու վերջնականապես հասկանալ, որ ապրելն անհամեմատ կարեւոր է, քան՝ նույնիսկ Նոբելյանը, հենց թեկուզ էն առումով՝ որ մեռածներին Նոբելյան չի հասնում, եւ եթե առաջադեմ մարդկությունն իր համար պարզել է մաթեմատիկոսների՝ Նոբելյանից ընդմիշտ զրկված լինելու գաղտնիքը, ապա մեռյալներին Նոբելյանից զուրկ պահելու իմաստն առ այսօր գաղտնիք է, եւ էդ գաղտնիքը Նոբելը, փաստորեն, հետը տարավ, մինչդեռ մաթեմատիկոսի ու մաթեմատիկայի գաղտնիքն, այնուամենայնիվ, չուզեց հետը տանել, ու հիմա նաեւ մտածում եմ, որ Նոբելը, չնայած մաթեմատիկոսի հանգամանքին, մեր էս երկրային կյանքն ու էս կյանքում ապրողներին չափազանց էր սիրում եւ մեռյալներին էլ Նոբելյանից զրկեց, որպեսզի ապրողնե՛րն ուրախանան ու մխիթարվեն Նոբելյանով, եւ ապրողներս ուրախանում ու մխիթարվում ենք նաեւ էն հանգամանքով, որ Նոբելը հայ չի եղել, այլապես Նոբելյանը միայն մեռածներին պիտի բաժին հասներ, եւ եթե Նոբելը հայ լիներ, հենց մաթեմատիկոսի ու մաթեմատիկայի գաղտնիքը հետը տարած կլիներ, եւ չնայած Նոբելը հայ չէր ու կամեցավ, որ հատկապես ապրողներն իր Նոբելյանով մխիթարվեն ու երջանկանան, այդուհանդերձ, Նոբելյան ստացածներից ու հատկապես Նոբելյան ստացած գրողներից քչերին հաջողվեց Նոբելյանից հետո տեւականորեն երջանկանալ, որովհետեւ տեւականորեն երջանկանալու համար նախ պիտի հաջողացնես տեւականորեն ապրել, իսկ կյանքի ու ապրելու ժամկետները ոչ թե Նոբելն է որոշում ու տնօրինում, այլ միայն՝ Աստված, ու Աստված երեւի հենց է՛դ մակարդակի երջանկությունն է մի մարդուն շատ համարում, եւ եթե մի ժամանակ կարծում էի, թե գրողներից միայն Մարկե՛սն էդ հետնոբելյանական երջանկությունը տեւականորեն վայելեց, հիմա հակառակն եմ մտածում ու հակառակը մտածելով՝ արդեն հասկանում եմ, որ Մարկեսինը ոչ թե երջանկություն է, այլ՝ իսկական տանջանք, որովհետեւ ինքն էլ ինձ պես էս պահին ինքնակենսագրական վեպի վրա է, եւ թե սա ինչ տանջանք է՝ մեկ ես գիտեմ, մեկ էլ ինքը կիմանա, ու մեկ էլ, իհարկե, Աստված, ու Աստված շատ ավելի լավ կիմանա, որովհետեւ միայն Իրեն է հայտնի, թե ինչքան են ձգձգվելու մեր կենսագրություններն ու ինքնակենսագրությունները, ու էս գործը հատկապես ինձ համար է տանջանք, որովհետեւ էն գլխից չեմ սիրել ինքնակենսագրություն գրել, ու վերջերս էլ, երբ Մարտիրոսյան Վահրամն իր «Կոնֆլիկտային ժողովուրդների արձակը» սայթի համար ինձանից էջուկես ինքնակենսագրություն ուզեց, ոչ մի կերպ չկարողացա համակարգչային գոնե մի էջ լրացնել, չնայած, այդուհանդերձ, շատ ուրախ էի, որ արդեն ինձ արձակագիր համարող կա, որովհետեւ էսքանից հետո էլ մարդիկ շարունակում են ինձ բանաստեղծ համարել, եւ ինձ շարունակաբար բանաստեղծ համարողները հիմնականում նրանք են, ովքեր թերթի փող չունեն ու «Առավոտի» էս շաբաթօրյա համարներին բացարձակապես անհաղորդ են, ու էդ անհաղորդներից մեկն էլ Վշտունի Արմենն է, որին մի քանի օր առաջ օպերայի դիմացի կանգառում պատահաբար հանդիպեցի, եւ երբ ինձ տեսավ, հարցրեց՝ «էլի անտիպոեզիա ե՞ս գրում», եւ երբ ասացի՝ «չէ. հիմի արձակ եմ գրում», ափսոսանքով ասաց՝ «անտիպոեզիադ լավ էր ստացվում», եւ ես ասացի՝ «ամեն ինչ վերջ ունի» եւ էդ միտքն ասացի, որովհետեւ արդեն բավական ժամանակ էր՝ մահվան մասին էի մտածում, եւ օպերայի էդ կանգառում կանգնած՝ նախքան իրեն տեսնելս էլ էի մահվան մասին մտածում, եւ իրեն ողջառողջ տեսնելով՝ ուրախացած հարցրի՝ «դո՞ւ ինչ ես անում», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «ես է՛լ եմ անտիպոեզիա գրում», եւ ես զարմացած հարցրի՝ «հաստա՞տ», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «ուզո՞ւմ ես՝ արտասանեմ», եւ ես ասացի՝ «հա», եւ ինքն արտասանեց՝ «Քաչալ Վալոդն իրա վախտին/ Մի բոլ ցըռեց սաղիս բախտին», եւ ես մի բոլ ծիծաղեցի, եւ ինքը ծիծաղելով ասաց՝ «մարշրուտնիս էկավ. հաջող», եւ ես հարցրի՝ «էդ ո՞ւր», եւ ինքն ասաց՝ «Չերեմուշկա» ու խցկվեց երթուղայինի մեջ, եւ մեր էդ հանդիպումը մի քանի օր առաջ էր, եւ երբ ինքն արդեն երթուղայինի մեջ էր, նոր միայն հիշեցի, որ ֆուտուրիստ Ազատ Վշտունու անմիջական հետնորդ Վշտունի Արմենն արդեն տասը տարուց ավելի է՝ զրկվել էր պրոսպեկտի վրայի իր հայրական տնից, որը ղարաբաղյան պատերազմի տարիներին վաճառել ու փողը տոկոսով էր տվել, որ տոկոսներով հրատարակեր հոր՝ Ազատ Վշտունու գրական լիակատար ժառանգությունը, եւ պրոսպեկտի իր հորական տան փողն ու տոկոսով վերցնողը վաճառքի հաջորդ իսկ օրվանից անհայտ ուղղությամբ չքվել էին ու չկային, եւ չնայած Վշտունի Արմենը դատի էր տվել, բայց տարիներ շարունակ դատվողին չէին գտնում ու էդպես էլ չգտան, եւ Արմենն առ էսօր Աջափնյակում՝ իր ազգականներից մեկի նկուղում է ապրում, եւ երբ ինքը զոռով խցկվեց էդ երթուղայինի մեջ, ես փողոցն անցա ու մտա վերնիսաժի այգի եւ Սարյանի արձանը տեսնելով՝ անմիջապես հիշեցի պատերազմի տարիների իրիկուններից մեկը, երբ Սարյանի արձանի մոտի նստարանին նստած՝ փիքր էի անում մեր դժվարին կյանքի ու մեր միանգամայն անորոշ ապագայի մասին, եւ խավարի միջով նկատեցի, որ Վշտունի Արմենն, ահա, խավարի միջով մոտենում է Վարպետի արձանին, եւ երբ իրեն տեսա՝ նստածս տեղը շրջվեցի, որպեսզի ինձ չտեսնի, որովհետեւ էդ պահի դրությամբ՝ արդեն պրոսպեկտի իր հորական տունը ծախել ու փողը տոկոսով էր տվել, ու վարկառուն արդեն չքվել էր, ու էդ օրերին Արմենն ում բռնում՝ ժամերով իր էդ ողբերգությունն էր պատմում, եւ չնայած իր էդ ողբերգությունն ինձ մի քանի անգամ արդեն պատմել էր, բայց համոզված էի, որ եթե ինձ տեսներ՝ էլի մանրամասն ու ծայրեծայր կպատմեր, ու էդ պատճառով նստած տեղս շրջվեցի, որ ինձ չտեսնի, եւ ինքը ոչ միայն ինձ չտեսավ, այլեւ չնկատեց էլ, որ էդ նստարանին մարդ կա նստած, որովհետեւ խավարի տարիներն էին, եւ իր դիրքից ոչինչ հնարավոր չէր տեսնել, եւ չնայած խավարի տարիներն էին, ես իրեն որոշակիորեն տեսնում էի, որովհետեւ Սարյանի ճերմակ մարմարի ֆոնին Վշտունի Արմենի պրոֆիլը հնարավորինս հստակ ու նշմարելի էր, ու Սարյանին մոտենալով՝ սկսեց Սարյանի հետ տաք-տաք վիճել, եւ շատ նեղացած ու նեղսրտած էր Սարյանի հետ խոսում ու վիճում, եւ չնայած իր ասածները հստակ էի լսում, բայց հիմա չեմ կարող Վարպետի հետ իր էդ վեճը բառացի ձեզ փոխանցել, որովհետեւ իր ասածների մեծ մասը չէի հասկանում, եւ հասկացածս ընդամենն իր ամենավերջին նախադասությունն էր. «Հեչ խիղճ չունեի՞ր, ա՛յ Մարտիրոս. վախտին որ հորս մի տասը հատ նկար նվիրեիր, հո էս օրը չէի՞ ընկնի»:

Եվ ահա՝ Վշտունի Արմենի իրիկնային էդ վեճից տասներեք կամ տասնչորս տարի անց, երբ օրը ցերեկով մահվան մասին էի մտածում, օպերայի դիմացի կանգառում տեսա իրեն ու հաճելիորեն զարմացա, որ էսքան դիմացել ու դիմացկուն շարունակում է ապրել Աջափնյակի էդ, ուրեմն, նկուղում, եւ չնայած ամբողջովին հնամաշ շորերի մեջ էր, բայց, ի տարբերություն ինձ, բարձր տրամադրություն ուներ, եւ, ի տարբերություն ինձ, անտիպոեզիայով էր ներշնչված ու տոգորված, եւ, ի տարբերություն ինձ, մահվան մասին երեւի չէր էլ հիշում ու երեւի իրեն քցած ու անհետացած էն անձնավորությանն էլ էր արդեն մոռացել, եւ չնայած էդ անձնավորության տարածը «Քլիվլենդի» տարածի հազարապատիկն էր, այդուհանդերձ, Վշտունի Արմենին ողջառողջ եւ միանգամայն առույգ տեսնելուց հետո է՛լ չեմ կարողանում մահվան մասին չմտածել ու դեռեւս տեսածս էդ դեղնաշագանակագույն երազիս տպավորության տակ եմ ու հիմա արդեն մտածում եմ, որ ֆուտուրիստ Ազատ Վշտունու անմիջական հետնորդ Վշտունի Արմենն իր ազգականի էդ ցուրտ ու խոնավ նկուղում երեւի լավ էլ շողշողուն երազներ է տեսնում՝ ի տարբերություն ինձ ու իմպեսների, որ անհամեմատ բարեկեցիկ ապրում ու սարսափում ենք մեր իսկ երազներից, որոնք երեւի էնքան սարսափելի չեն՝ ինչքան Վշտունի Արմենի բնակության վայրը, չնայած էս «սարսափելի» բառն իմ դեպքում էնքան էլ տեղին չէ, որովհետեւ էս քանի օր է՝ ոչ թե սարսափում, այլ ուղղակի սարսռում եմ, ընդ որում՝ ոչ թե տեսածս կոնկրետ էդ երազից եմ սարսռում, այլ՝ մահվան գաղափարից ընդհանրապես, ու էս սարսուռներս ոչ միայն անձնական, այլեւ փիլիսոփայական եւ նույնիսկ մարդասիրական սարսուռներ են, որովհետեւ արդեն բավական ժամանակ է՝ ես մահվան մասին մտածում ու մահվան գաղափարից սարսռում եմ ո՛չ միայն իմ, այլեւ՝ բոլորիդ անունից ու բոլորիդ փոխարեն, ու ես ոչ միայն իմ, այլեւ բոլորիս մահը չեմ ցանկանում, ու երեւի էդ էր պատճառը, որ Վշտունի Արմենին ողջառողջ ու զվարթ տեսնելով՝ չափազանց ուրախացա, որ անհավասար մարտերում կատաղի դիմադրություն ցույց տալով՝ փաստորեն հաղթել է մահին, եւ իր ու բոլորիս համար էսքան ուրախանալուս պատճառը երեւի նաեւ էն է, որ ամբողջ հունվարի ու փետրվարի սկզբի սառնամանիքներն արդեն բարեհաջող ճամփել ու արդեն փետրվարի երկրորդ՝ տաք կեսն ենք մուտք գործել, եւ արդեն գարնան շունչը քթներիս է խփում, ու դրսի գարնանային զնգզնգոցներն էս առավոտ անհամեմատ շատացել են նաեւ էն պատճառով, որ էսօր արդեն պատուհանս բացել եւ ազատորեն ծխելով ու բքելով՝ մահվան մասին եմ մտածում ու գրում, ու էս թեմայի մեջ էնքան եմ խորացած ու ընկղմված, որ մեր ճաշասենյակի հեռուստացույցի ուժեղացված ձայնն ինձ բացարձակապես չի շեղում ո՛չ միայն էն պատճառով, որ հաղորդումը Սարյանի մասին է, այլեւ է՛ն պատճառով, որ Սարյանի մասին հաղորդումը Հակոբյան Վերայի Կարինեն է վարում, ու չնայած մահվան մասին եմ խորհում ու գրում, ձախ ականջս պատուհանից ննջարան լցվող ղողանջներին է, իսկ աջս՝ Հակոբյան Վերայի դստեր մեղրածոր ձայնին, ու Կարինեի ձայնն ինձ ոչ միայն չի շեղում իմ թեմայից, այլեւ, ընդհակառակը, օգնում է, որովհետեւ սրանից ընդամենը վայրկյաններ առաջ Վերայի Կարինեն մեր ճաշասենյակի հեռուստացույցից համարյա գոռալով ասաց, որ երբ Սարյանին հարցրել են՝ «ի՞նչ է երջանկությունը», Սարյանն առանց երկար մտածելու՝ պատասխանել ու ասել է՝ «երջանկությունը ապրե՛լն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել