Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փախուստ՝ Սեւանի գաղութից

Նոյեմբեր 10,2007 00:00

Այս տարվա սեպտեմբերի 10-ին ահազանգ էր ստացվել, որ ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկից փախուստ է եղել: Սկզբից լուրեր էին շրջանառվում, թե փախուստի դիմողները երեքն են: Սակայն հետագայում ճշտվեց, որ 27-ամյա Արմեն Հակոբյանից բացի, ոչ ոք փախուստի չի դիմել: ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում սկսվեց ծառայողական քննություն, որի արդյունքում պարզվեց հետեւյալը: Սեպտեմբերի 10-ին, առավոտյան ժ.9.30-10-ի սահմաններում, հիմնարկում կատարվել է դատապարտյալների ընդհանուր քանակական հաշվառում: Այդ ժամանակ էլ հսկիչները նկատեցին, որ դատապարտյալներից մեկը չկա: Ըստ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի՝ «Առավոտին» տրամադրած պաշտոնական փաստաթղթի. «Հիմնարկի աշխատակիցների ու ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացվեցին որոնողական աշխատանքներ: Հիմնարկի ղեկավարության կողմից տաք հետքերով որոնողական աշխատանքների ուղարկված խումբը հայտնաբերեց Ա.Հակոբյանին»: Հակոբյանն այդ պահին Արարատի մարզի Շահումյան գյուղում էր եւ անմիջապես տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:Ծառայողական քննության արդյունքում բացահայտվեցին մի շարք թերացումներ: ՔԿՀ աշխատակիցներից շատերը ենթարկվեցին կարգապահական տույժերի: «Սեւան» ՔԿՀ-ի հերթափոխի պատասխանատու հերթապահ, արդարադատության մայոր Արմեն Բալասանյանը ստացավ խիստ նկատողություն: Մեկ այլ խիստ նկատողության էլ արժանացավ սերժանտ Պավլիկ Գրիգորյանը: Նա մեղադրվել էր «դատապարտյալների վարքի նկատմամբ անուշադիր լինելու, հսկիչ- հետքային արահետում կասկածելի իրեր տեսնելու եւ հերթափոխի պետին չհայտնելու» համար: Հերթապահության օրը շրջագայություններ չկատարելու, հանձնարարված տեղամասում թույլ հսկողություն իրականացնելու համար նկատողություն էր ստացել լեյտենանտ, մեկուսարանի երկրորդ կարգի մասնագետ Արշակ Բաբայանը: Կրտսեր սերժանտ, կրտսեր մասնագետ Արսեն Ասատրյանն էլ անմասն չմնաց ծառայողական քննության արդյունքներից. նա էլ խախտել էր «ղեկավարության կողմից հաստատված հսկողության պլանը» ու ստացել է խիստ նկատողություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել