Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՆԱՑԻՆՔ ՆԱՄԱԿԻԴ ՍՊԱՍՈՂ

Նոյեմբեր 10,2007 00:00

\"\"Կենտրոն թաղապետարանը 6,5 տարի չի պատասխանում «Մոնթե Մելքոնյան» հ/կ-ի նամակին

Կենտրոնի թաղապետարանը տարիներ շարունակ հրաժարվում է պատասխանել «Մոնթե Մելքոնյան» բարեգործական կազմակերպության նամակներին: 6 տարի է արդեն, որ «Մոնթե Մելքոնյան» բարեգործական հ/կ-ի Երեւանի գրասենյակի հարցը Կենտրոն թաղապետարանի կողմից թողնվում է առկախ եւ անորոշ: Քանի որ նոյեմբերի 25-ին Մոնթե Մելքոնյանի ծննդյան 50-ամյակն է, եւ կառավարության որոշմամբ այն նշվելու է մեծ շուքով, կազմակերպության նախագահ Սեդա Մելքոնյանը հոկտեմբերի 5-ին դարձյալ նամակ է ուղարկել թաղապետ Գագիկ Բեգլարյանին եւ միաժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանին: Կենտրոն թաղապետարանի նամակների բաժնից մեզ տեղեկացրին, որ նամակը մակագրված է բաժնի պետ Վահե Դավթյանին, սակայն այս պաշտոնյան երբեք տեղում չի լինում: Նրա քարտուղարուհին միշտ նույն պատասխանն է տալիս՝ «Նա դուրս է եկել տարածք, փորձեք մի ժամից», բայց Վահե Դավթյանը երբեք «տարածքից» չի վերադառնում: Իսկ թաղապետարանում որեւէ մեկը չի կարող նամակին պատասխանել եւ որեւէ պարզաբանում տալ: Երկրի նախագահը մի առիթով ասել է, որ մարդիկ պետք է պայքարեն իրենց իրավունքների համար: Իսկ ի՞նչ պետք է անեն այդ մարդիկ, ամեն նամակից հետո դատարա՞ն դիմեն, դատական քաշքշուկի մե՞ջ մտնեն:

Կենտրոն թաղապետին մի քանի ամիս առաջ նամակ էինք գրել նաեւ մենք՝ խնդրելով տրամադրել այն կազմակերպությունների ցանկը, որոնց հետ թաղապետարանն ավտոկայանատեղերի պայմանագիր է կնքել, բայց որեւէ ձեւով այդ կազմակերպությունների տվյալները չկարողացանք ձեռք բերել: Հետեւելով նախագահի խորհրդին՝ պետք է, հավանաբար, դատի տանք թաղապետարանին, բայց մեր նամակներին չեն պատասխանում առողջապահության նախարարությունը եւ բազում այլ գերատեսչություններ. ի՞նչ է, մենք պետք է բոլորի հետ դատական գործե՞ր սկսենք:

«Մոնթե Մելքոնյան» հ/կ-ն ստեղծվել է 1994թ.: Իրականացրել է զարգացման ծրագրեր եւ աջակցել կարիքավոր ընտանիքներին Հայաստանում եւ Արցախում: Վերջին տարիներին պատանեկան-երիտասարդական կենտրոններ է ստեղծել Արարատի մարզի Ազատավան եւ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղերում, ինչպես նաեւ՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղում: Գյուղացիական տնտեսությունների զարգացման ծրագրեր է իրականացնում Քաշաթաղում, այլ կազմակերպությունների հետ համագործակցելով՝ խմելու ջրի ծրագրեր է իրականացնում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ եւ Հադրութի շրջանի Առաքել եւ Սարալանջ գյուղերում:

Կենտրոն թաղապետարանի կողմից 1999 թ. ապրիլի 13-ին «Մոնթե Մելքոնյան» հ/կ-ին վարձակալական հիմունքներով հատկացվել է գրասենյակի տարածք՝ Կորյունի 5 շենքի նկուղային հարկում: Տարածքն եղել է ծայրաստիճան անմխիթար ու խոնավ: Տարածքն օգտագործելի դարձնելու համար կազմակերպությունը հիմնովին վերանորոգել էր այն: 2001 թ. մայիսի 18-ին կազմակերպությունը դիմել է Կենտրոնի թաղապետ Ա. Զուրաբյանին՝ Երեւանի քաղաքապետի 18-3-99 թիվ 303 որոշմամբ կազմակերպությանը հատկացված տարածքը սեփականաշնորհելու խնդրանքով: Առ այսօր կազմակերպության խնդրանքն անպատասխան է մնացել: Ավելին, 2004 թ. հունվարի 1-ին՝ վարձակալման վերջին պայմանագրի ժամկետի ավարտից հետո, թաղապետարանը նոր պայմանագիր չի կնքել: Ստացվում է, որ «Մոնթե Մելքոնյան» հ/կ-ն այսօր ապօրինի է զբաղեցնում այդ տարածքը:

Կորյունի փողոցի բոլոր շենքերի նկուղային հարկերը սեփականաշնորհվել են, եւ պարզ է, թե ինչ «հիմունքներով», սակայն «Մոնթե Մելքոնյան» հ/կ-ից ոչ ոք մտադիր չէ չինովնիկներին կաշառք առաջարկել: Թաղապետարանը նաեւ ստիպված է լինելու պատասխանել հիմնադրամի նամակին, քանի որ կազմակերպությունը պատրաստվում է դիմել դատարան՝ ոչ թե տարածքի սեփականաշնորհման գործընթացը սկսելու պահանջով, այլ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը խախտելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել