Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՍՐԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ»

Նոյեմբեր 10,2007 00:00

\"\"Սովորաբար այդպիսի բառերով են տուժածի ներկայացուցիչները հարձակվում ամբաստանյալի փաստաբանի վրա

ՀՀ Սահմանադրության «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները» գլխի 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածներով սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի իր ազատությունները եւ իրավունքները պաշտպանելու համար օրենքով չարգելված բոլոր միջոցներից օգտվելու, իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Ի տարբերություն պետության, որի շահերը պաշտպանելուն կոչված բազմաթիվ պետական կառույցներ կան, մարդը կամ քաղաքացին հիմնականում սեփական ուժերով պիտի իր իրավունքներին եւ ազատություններին տեր կանգնի: Սահմանադրությամբ նշված արդյունավետ կամ օրենքով չարգելված միջոցը կարող է լինել մասնագետ-իրավաբանի՝ փաստաբանի ծառայություններից օգտվելը: Հայաստանում, սակայն, դեռ չենք հասել այն մակարդակին, երբ քո բոլոր հարցերն ես կարգավորում փաստաբանի միջոցով: Հայաստանում, գուցե չնչին բացառություններով, քաղաքացիները փաստաբանի մասին հիշում են, երբ «դատարանում գործ ունեն»:

Երբեմն, սակայն, քաղաքացու իրավունքների պաշտպան փաստաբաններն իրենք են հայտնվում օգնության կարիք ունեցողի վիճակում: Օրինակներ՝ որքան ասես: Փաստաբան Զարուհի Փոստանջյանը (երբ դեռ չէր ընտրվել ԱԺ պատգամավոր) «Մատաղիսի» հայտնի գործով կարողացավ հաջողությամբ ապացուցել, որ երկու զինվորների սպանության մեջ մեղադրվող երեք այլ զինվորները անմեղ են: Ոչ շատ անց դատարանին վիրավորելու համար Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Փաստաբան Հովիկ Արսենյանին մի քանի հոգով ծեծեցին՝ դատական մի հաջողությունից հետո: Ինչ-որ մարդիկ ֆիզիկական ուժով «հարաբերվեցին» փաստաբան Ռուբեն Ռշտունու հետ:

Փաստաբանական պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը (որը եւս ժամանակին փողոցում հարձակման է ենթարկվել) «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ դատարանում «հակառակորդի» կամ նրա փաստաբանի հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու երեւույթը եղել է, կա ու կլինի. «դա գալիս է մարդկանց ինտելեկտից, դաստիարակությունից»: Ըստ պարոն Սահակյանի, հարձակվողները, անկախ իրենց արդար կամ անարդար լինելուց, փաստաբանի նկատմամբ ֆիզիկական ուժի են դիմում՝ «դու ինչու ես նրան պաշտպանում» տրամաբանությամբ: Փաստաբանական պալատի նախագահի կարծիքով, երեւույթի դեմ պայքարի մեկ ձեւ կա՝ դաստիարակել մեզ: Ռ. Սահակյանը նույն՝ դաստիարակվել-կրթվել «դեղատոմսն» է առաջարկում մեկ այլ արատի բուժման համար եւս: Մարդիկ նախընտրում են իրենց հարցերը լուծելու համար կաշառք տալ, ասենք, դատախազին կամ դատավորին, քան ավելի քիչ գումարով փաստաբան վարձել եւ օրինական ճանապարհով հարցերը կարգավորել:

Սակայն նույն Զարուհի Փոստանջյանի օրինակը ցույց է տալիս, որ երբեմն դատախազությունը կամ դատարանն են փորձում գործը շահած փաստաբանից «վրեժխնդիր լինել»: Ռուբեն Սահակյանը կարծում է, որ առանձին դեպքերում դատախազը կամ դատավորն են կռիվ հրահրում: Կան դեպքեր, երբ փաստաբանն է հրահրում: «Չասենք դատավորը, դատախազը կամ փաստաբանը: Մարդ են, ի վերջո: Մենք ունենք լավ փաստաբաններ, լավ դատավորներ, լավ դատախազներ»,- կարծում է պարոն Սահակյանը: «Անկարգ» դատավորներին կարգի հրավիրելու հարցը հանրապետության արդարադատության խորհրդի խնդիրն է, փաստաբանի վարքագծի կանոնակարգը կամ դատական նիստում կարգը խախտած փաստաբաններին պատժելու համար հարկ է դիմել ՀՀ փաստաբանական պալատ: Ռուբեն Սահակյանի տվյալներով, վերջին շրջանում իրենք նման երեք միջնորդություն են ստացել: Շենգավիթ համայնքի առաջին ատյանի եւ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարաններից ՀՀ փաստաբանական պալատին միջնորդել են կարգապահական վարույթ հարուցել փաստաբաններ Վարդան Սաֆարյանի, Սերգեյ Հովհաննիսյանի եւ Սուսաննա Մարգարյանի նկատմամբ: ՀՀ փաստաբանական պալատի խորհուրդը նախ որոշել է կարգապահական վարույթ չհարուցել, ինչը, սակայն, օրենքի խախտում է. կարգապահական վարույթ հարուցելը պարտադիր է ու միայն դրա արդյունքում պիտի պարզվի, որ այս կամ այն փաստաբանը խախտում արել է, թե ոչ: Օրեր անց, այնուհանդերձ, կարգապահական վարույթներ հարուցվել են: Փաստաբանական պալատի խորհուրդը փաստաբան Վարդան Սաֆարյանի վարքը ուսումնասիրելուց հետո եկել է այն եզրակացության, որ ոչ թե փաստաբանը, այլ գործը քննող դատավոր Տիգրան Սահակյանն է (քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան) դատական նիստում կարգ խախտել: Այս անգամ էլ Փաստաբանական պալատն է միջնորդություն ներկայացրել, բայց արդեն ՀՀ արդարադատության խորհրդին՝ դատավորին կարգի հրավիրելու համար: Փաստաբանական պալատի միջնորդության արդյունքում դատավոր Տիգրան Սահակյանը կարգապահական տույժի է ենթարկվել:

Հայաստանում արձանագրվել են դեպքեր, երբ գործը շահած փաստաբանին փորձում են նեղել տուժող կողմի եւ նրա ներկայացուցիչների հայտարարություններով, մամուլի ասուլիսներով: Սա եւս մեկ ապացույցն է այն իրողության, որ ինչպես քաղաքականությունում, տնտեսությունում, այնպես էլ արդարադատության ոլորտում Հայաստանում ոչ ոք կամ գրեթե ոչ ոք չունի պարտությունը ընդունելու քաջություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել