Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բուդկեն» գործարանին վնա՞ս է

Նոյեմբեր 10,2007 00:00

\"\"Գործարանն էլ է զբաղվում առեւտրով

Գյումրու «Միկրոէլեկտրաշարժիչ» գործարանի (իրավահաջորդ՝ «Ասատրյանների Սախա-Լենա» ՓԲԸ) սեփականատեր Գարեն Ասատրյանին, չգիտես ինչու, վերջին տարիներին սկսել են անհանգստացնել գործարանի պատի երկայնքով տեղադրված «Լիլիթ» ՍՊԸ-ի առեւտրի սպասարկման կետերը, որտեղ աշխատանք գտած մարդիկ՝ հաշմանդամներ, միայնակ մայրեր, անօթեւանի կարգավիճակով ընտանիքներ, մի կերպ իրենց հանապազօրյա հացն են վաստակում:

Ինչպես է «Լիլիթ» ՍՊԸ-ն հայտնվել գործարանի պատի տակ: Տաղավարը, որը ներկայիս գտնվելու վայրում տեղադրվել է դեռ խորհրդային տարիներին, նախկինում պատկանել է «Պտուղբանջարեղենի եւ կարտոֆիլի առեւտրի միավորում» ԲԲԸ-ին, եւ 1997-ին առուվաճառքի պայմանագրով օտարվել է «Լիլիթ» ընկերությանը եւ դատարանի 2001-ի վճռով գործարքը ճանաչվել է վավեր: 2002-ին Գյումրու քաղաքապետի որոշմամբ թույլատրվել է «Լիլիթ» ՍՊԸ-ին՝ ապամոնտաժել սեփականության իրավունքով իրեն պատկանող եւ գործարանի հարեւանությամբ տեղադրված տաղավարը եւ տեղում կառուցել նոր շինություն՝ առեւտրա-սպասարկման նպատակով: Այնուհետեւ քաղաքապետարանը 25 տարով երկարաձգել է ՍՊԸ-ին տրամադրված հողամասի վարձակալության ժամկետը՝ առանց հողամասն օտարելու իրավունքի: 2005-ին Գյումրիի քաղաքապետարանի եւ «Լիլիթ» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր եւ ուղղակի վաճառքի միջոցով սեփականության իրավունքով ՍՊԸ-ին է օտարվել տաղավարի փաստացի զբաղեցրած հողամասը: Գործարքը հաստատվել է նոտարական կարգով եւ ստացել պետական գրանցում (սեփականության իրավունքի տեսքով):

Սակայն 2006-ին «Միկրոէլեկտրաշարժիչ» գործարանի ներկայացուցիչը հայցով դիմում է ՀՀ տնտեսական դատարան եւ պահանջում «Լիլիթ» ՍՊԸ-ի՝ ոչ հիմնական օբյեկտը քանդել, գործարանի՝ տնօրինման եւ օգտագործման իրավունքների խախտումները վերացնել, Գյումրու քաղաքապետի՝ հողամասի առուվաճառքի վերաբերյալ որոշումը մասնակի անվավեր ճանաչել եւ, որպես հետեւանք՝ անվավեր ճանաչել քաղաքապետի եւ ՍՊԸ-ի միջեւ կնքված առուվաճառքի պայմանագիրն ու սեփականության իրավունքի գրանցման վկայականը: Հայցվորը պատճառաբանել է, թե «Լիլիթը» փակել է 1958-ին հիմնադրված գործարանի՝ Մայակովսկու փողոցի դռներն ու պատուհանները՝ զրկելով լույսից: Դրան ի պատասխան, «Լիլիթի» ներկայացուցիչները պնդում են, որ գործարանից գրեթե ոչինչ չի մնացել, եթե չհաշվենք պատերը, բացի այդ՝ հենց գործարանի տնօրինության նախաձեռնությամբ են քարերով փակվել դռներն ու պատուհանները: Ըստ հայցվորի, կրպակները սահմանափակել են հյուսիսային կողմից գործարանի պատին անհրաժեշտության դեպքում մոտենալու հնարավորությունը (պատասխանողի պնդմամբ՝ պատի եւ տաղավարների միջեւ սահմանված հեռավորությունը պահպանված է), իսկ ՍՊԸ-ի կտուրից ձնհալի ջրերն ու անձրեւաջրերը թափվում են հայցվորի գործարանի պատի տակ: Հայցվոր կողմը նաեւ նշել է, որ կադաստրը սեփականության իրավունքի վկայականը տվել է՝ հիմնվելով սխալ հաշվարկների վրա, իսկ քաղաքապետարանը իրավունք չի ունեցել սեփականության իրավունքով ՍՊԸ-ին փոխանցել պետական սեփականության հողը, որը ընդհանուր օգտագործման է:

ՀՀ տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում գործարանի հայցը մերժվել է, այնուհետեւ գործարանի վճռաբեկ բողոքի հիման վրա վճիռը բեկանվել է եւ հետ ուղարկվել ՀՀ տնտեսական դատարան՝ նոր քննության, որտեղ էլ այս անգամ դատավոր Երվանդ Խունդկարյանը բավարարել է հայցը: Պատասխանող կողմը մտադիր է բողոքարկել այն, քանի որ մոտ 30 ընտանիք ապօրինաբար զրկվելու է իր հացը վաստակելու միակ միջոցից եւ համալրելու՝ առանց այն էլ գործազրկության բարձր մակարդակով աչքի ընկնող Գյումրիի գործազուրկների շարքերը: Պատասխանողի տեղեկացմամբ՝ «Միկրոէլեկտրաշարժիչ» գործարանը երկկողմանի մուտքեր ունի, որոնք գործել եւ գործում են ներկայումս, իսկ գործարանի տարածքը վերածվել է շուկայի, որտեղ սակայն առեւտուրն այնքան էլ հաջող չի գնում, ինչպես այդ գործարանի պատի հակառակ կողմում, որտեղ նաեւ «Լիլիթի» տաղավարներն են եւ կենտրոնական շուկա համարվող, այսպես ասած՝ «Լաչինի միջանցքը»: Պատասխանող կողմը լրջորեն մտահոգված է, որ գործարանի՝ մեծ ֆինանսական հնարավորությունների տեր Գարեն Ասատրյանը, որը բազմաթիվ բիզնեսներ ունի Գյումրիում եւ ՌԴ Յակուտսկ քաղաքում, որոշել է պարզապես հանել պատի հետնամասի տաղավարները եւ շուկայի կողմից անմիջական մուտք ապահովել ու ակտիվացնել գործարանի տարածքում գործող շուկա-տոնավաճառը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել