Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՂՔԸ ՉԻ ՄՆՈՒՄ ԱՆՊԱՏԻԺ

Նոյեմբեր 10,2007 00:00

«Ռեժիմը չի ուղղում մարդկանց, ընդհակառակը՝ մարդիկ են սրբագրում, փոփոխում ռեժիմը»,- ասել է Գարեգին Նժդեհը:

Հայաստանի Հանրապետության առջեւ Եվրախորհրդի կողմից առաջադրված պահանջներին մաս են կազմում նաեւ կալանավայրերում տիրող պայմանների բարելավման վերաբերյալ բավական կտրուկ պահանջները։ Հայաստանի կառավարությունը ընդունելով, որ, իսկապես, առաջադրված չափանիշներով ուղղորդվելը ապահովելու է պատժի կիրառման ավելի քաղաքակիրթ, մարդկային ու արդյունավետ համակարգ, այս ուղղությամբ սկիզբ դրեց սույն համակարգի բարեփոխման գործընթացին։

Չանդրադառնալով Եվրախորհրդի կողմից պահանջված եւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, այնուամենայնիվ, կարելի է արձանագրել, որ Հայաստանի կառավարության կողմից ընդունված օրենքներն ու բարեփոխումները իրականացնող մարմինները եւ հատկապես արդարադատության նախարարությունը ոչ միայն կյանքի չեն կոչում վերոնշյալ բարեփոխումները, այլեւ թաքցնելով դատապարտյալներից իրենց իրավունքներն ու նրանց պահման կարգի օրենքները, պատժիչ միջոցառումներով եւ կամայական դրսեւորումներով փորձ են կատարում դատապարտյալների մեջ սերմանել չարություն ու ստրկամտություն:

Եթե բարեփոխումների սկզբնական շրջանում աստիճանաբար իրականացվում էին պատժի առավելագույն չափով դատապարտյալների ուսման, աշխատանքի եւ զբաղվածության, արվեստի եւ մշակույթի, սպորտի եւ այլ զբաղմունքների համար պայմաններ, ապա այսօր արդեն նախարարության կողմից իջեցված հատուկ կարգադրությամբ դադարեցված են ուսուցանումներն ու փակված են լսարանները: Փակված են նաեւ մարզադահլիճներն ու արգելված ստեղծագործ զբաղմունքները: Խուզարկությունների անվան տակ բանտախցերը ենթարկված են համատարած ավերածությունների: Խցերից դուրս են բերված էլեկտրական հովհարները, տաքացման սալիկները, ջրատաքացուցիչները, անկողնային պարագաները, սպասքն ու չոր սննդամթերքը: Քանդված եւ առգրավված են խցերի պատերին ամրացված հոսանքի աղբյուրներն ու հոսանքալարերը: Արգելված են արվեստի եւ մշակութային որեւէ արժեքի ստեղծումը: Անվտանգության համակարգը «բարելավված» է խցերի ներսից տհաճություն ու անհարմարություն ստեղծող մետաղյա ճաղապատ կրկնադռների եւ կրկնապատուհանների տեղադրումով: Իրավունքներ պահանջող դատապարտյալները ենթարկվում են անօրինական պատիժների եւ հատկապես մութ ու խոնավ պատժախցեր նետվելով: Կրճատվել է հարազատների հետ տեսակցություններ ունենալու քանակը՝ այն մղելով դեպի զավեշտալի բոլշեւիկյան դարաշրջան: Անբնական խոչընդոտներ են ստեղծվել արտաքին աշխարհի հետ կապի եւ շփման առումով, հատկապես՝ լրատվամիջոցների հետ:

Ամենավտանգավորն ու անկանխատեսելին այն իրողությունն է, որ կիրառված նեոբոլշեւիկյան ռեժիմը անխուսափելիորեն դրդում է եւ լուրջ հիմքեր է ստեղծում չարությամբ ու անհանդուրժողականությամբ լցվելու պետության, պետականության ու հասարակարգի դեմ, քրեական հանցագործից վերածելով պետական պոտենցիալ լուրջ հանցագործի: Եվ սա այն պարագային, երբ արդեն հասարակության մի զգալի մասը ուղղակիորեն անցնում է նուբարաշենյան ապասոցիալացված, երկրի ու իշխանության հանդեպ թշնամանք ծնող ռեժիմային ակցիաների մետաղանիվների միջով:

Հայաստանի կառավարությունը միջազգային ատյանների պահանջներին իր պատասխան զեկույցներում ժամանակ առ ժամանակ տեղեկացնում է բարեփոխումների գործընթացում ձեռք բերած հաջողությունների, մի շարք որոշումների եւ օրենքների ընդունման իրողության մասին:

Տեղին է նույն հայ բոլշեւիկյան ռեժիմին զոհ գնացած Նժդեհի ոգով հիշեցնել, որ օրենքները լինում են երկարատեւ միայն այն ժամանակ, երբ համապատասխանում են բարքերին: Եվ ամեն մի բարեփոխում պետք է սկսվի խղճմտանքից եւ ոչ թե չարությունից: Չարիք գործելու կարելիություն ունենալը հզորություն չէ: Չարիք գործելն է անզորության նշան: Մինչդեռ չարությունը մեղք է, իսկ մեղքը չի մնում անպատիժ:

 Հ. Գ. Սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ա. Մնջոյանի նյութը «Առավոտին» է տրամադրել դատապարտյալի հայրը՝ այլեւս հանգուցյալ Լեւոն Մնջոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել