Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Նոյեմբեր 10,2007 00:00

Փորձում է մատուցել իր գրքերում լրագրող Գոհար Քալաշյանը

– Անշուշտ, շատերն են կարդացել ձեր «Բանկի գործը» (2002 թ.) եւ «Մանկասպանները» (2005 թ.) գրքերը։ Տիկին Քալաշյան, ի՞նչը դրդեց ձեզ անդրադառնալ այդ աղմկահարույց թեմաներին։

– Երկար տարիներ դատական գործերի լրագրողական հետազոտությամբ զբաղվելով, ոլորտի մարդկանց հետ շփվելով՝ պարզեցի, որ ժամանակին մեծ աղմուկ հանած քրեական գործերը կամաց-կամաց մոռացվում են, խճողվում հորինվածքով ու ժողովրդական բանահյուսության տարրերով: Մինչդեռ՝ աղմկոտ քրեական գործերի թե՛ բացահայտումը, թե՛ դատական հանգուցալուծումը ոչ միայն հետաքրքիր են որպես ընթերցանության նյութ, այլեւ ունեն գործնական նշանակություն, կարող են օգուտ տալ այսօրվա իրավապահներին, փաստաբաններին, դատական հոգեբաններին:

Իմ ուսումնասիրած երկու գործերն էլ խորհրդային ժամանակաշրջանում կատարված հանցագործություններ են: Գաղտնիք չէ, որ այն ժամանակ արգելված էր դրանց լիարժեք լուսաբանումը: Շատ մանրամասներ մինչ այժմ էլ անհայտ էին, քրգործի հատորների մեջ փակված: Տեղեկատվական բացը հիմնականում լրացվում էր հորինված, չափազանցված լուրերով, որոնք, բերնեբերան անցնելով, դառնում էին տվյալ գործի անքակտելի մասը, թյուր կարծիք ստեղծում բուն գործի վերաբերյալ:

– Հակիրճ՝ «Բանկի գործը» վիպակի մասին։

– 1977 թվականին ԽՍՀՄ պետբանկի հայաստանյան մասնաճյուղից կատարվեց աննախադեպ գողություն, երբ, փաստորեն, բանկի բաց պատուհանից ներս թափանցելով՝ հնարամիտ գողը հափշտակել էր 1 միլիոն 525 հազար ռուբլի: Ամբողջ Խորհրդային Միությունն էր ապշահար եղել: Երբ վճռաբեկ դատարանի արխիվում դարակների վրա շարված տեսա այս գործի 48 հատորները, սկզբում կարծում էի, թե դրանց ուսումնասիրությունը առանձնապես հետաքրքիր չի լինի: Սակայն հատոր առ հատոր, էջ առ էջ խորամուխ լինելով՝ հասկացա, որ այս գործը արխիվային փոշուց փրկել է պետք: Եվ որոշեցի այն ներկայացնել գեղարվեստական-վավերագրության տեսքով, պահպանելով փաստական հիմքը եւ գեղարվեստական մշակման ենթարկելով միայն բազում հերոսներին: Փորձեցի յուրաքանչյուրի հոգեբանությանը հասու լինել, վեր հանել հանցագործության կատարման պատճառներն ու հետեւանքները, հանցանքի ու պատժի համաչափությունը՝ ժամանակակից մարդու աչքերով:

– «Մանկասպաններն» էլ հնչեղ գործերից է: Ի՞նչ պարզվեց լրագրողական հետաքննությունից հետո:

– 1985 թվականին Հոկտեմբերյան քաղաքից երկվորյակ եղբայրների առեւանգման ու դաժան սպանության անմոռանալի գործն է, որը հիշարժան է ոչ միայն ողբերգականությամբ: Հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու դեպքում հնարավոր էր, որ երեխաների կյանքը փրկվեր: Սակայն բացահայտման ընթացքում թույլ տրված սխալները հանգեցրին անուղղելի ծանր հետեւանքի: Իմ նպատակը տարիներ առաջ թույլ տրված սխալների հետաքննությունն էր:

– Խոչընդոտներ չե՞ն լինում արխիվային նյութերը ձեռք բերելիս:

– Երկու գրքերիս նյութն էլ հիմնականում քաղել եմ վճռաբեկ դատարանի արխիվում պահվող քրեական գործերից: Զրուցել եմ ժամանակակիցների, տվյալ գործերի հետ առնչություն ունեցած մարդկանց, այն հանցագործների հետ, ովքեր ողջ են եւ ում հնարավոր է եղել հանդիպել: Լուրջ խոչընդոտներ չեն եղել: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ ու աջակցել, սկսած՝ արխիվում աշխատելու օրերից, վերջացրած՝ գրքերը հրատարակելու դժվարին գործով, ինչը արել եմ իմ միջոցներով ու մինչեւ հիմա դեռ պարտք եմ փակում: Սակայն էականն ինձ համար այն է, որ գրքերն ընթերցվում են, գրախանութներում դրանց խմբաքանակը պարբերաբար սպառվում է, իսկ նրանք, ում նվիրել եմ, հաճախ խոստովանում են, որ գրքերը, ձեռքից ձեռք անցնելով, հասցրել են մաշվել:

– Արտառոց դեպք պատահե՞լ է հետաքննական գրքերի լույսընծայումից հետո։

– «Բանկի գործը» գրքում քննիչի կերպար եմ ստեղծել, ում միջոցով նաեւ հեղինակային մտքերն ու գաղափարներն եմ արտահայտել: Եվ ահա մի օր ինձ զանգահարեց մի տիկին ու խիստ վրդովված ասաց, որ ես գլխավոր հերոս եմ դարձրել իր քննիչ ամուսնուն, բայց նրա իսկական անունը չեմ գրել: «Դա հենց իմ ամուսինն է, այսինչ այսինչյանը, նա մահացել է, բայց ես գրքի էջերում պարզ տեսնում եմ նրան: Նա հենց այդպես էր խոսում, այդպես էր քայլում, մինչեւ անգամ ձեր մատնանշած գիրքն էր կարդում»: Քանի որ տիկնոջ ամուսինը մահացել էր, ու նա իմ գրքի էջերում վերագտել էր իր ամուսնուն, չուզեցի հուսախաբ անել, խոստովանել, որ իմ ստեղծածը հորինված կերպար է, իսկ իր քննիչ ամուսնուն ես չեմ ճանաչել, ու նա կոնկրետ այս բանկի գործի հետ լուրջ առնչություն չի ունեցել: Ավելի ուշ ինձ հայտնի դարձավ, որ վերոհիշյալ տիկինը ամուսնուց բաժանված է եղել, քննիչը մահացել է ծանր հիվանդությունից, միայնության մեջ:

– Իբրեւ դատաիրավական թեմաներով լրագրող՝ կա՞ն դժվարություններ:

– Որպես լրագրող՝ դատական հոդվածներ գրելիս, որպես գրող-հրապարակախոս՝ գրքերի վրա աշխատելիս իմ առաջնահերթ նպատակը մարդկանց ցավ կամ վնաս չպատճառելն է, էթիկայի կանոնները պահպանելը: Հատկապես արխիվային նյութերի հիման վրա գիրք գրելիս հեղինակը պետք է զգույշ ու նրբանկատ լինի, հաշվի առնի, թե յուրաքանչյուր հերոսի անունը, կյանքի որոշակի դրվագը հրապարակելով՝ չի՞ վնասի, արդյոք, չի՞ վիրավորի նրան, նրա զավակներին: Հեղինակը պատասխանատու է իր գրչի տակից դուրս եկած յուրաքանչյուր բառի համար: Այդ պատասխանատվության զգացումով եմ ես գրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել