Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեկ ցենտ էժան էլ չեմ վաճառի»

Նոյեմբեր 10,2007 00:00

\"\"Իր՝ «Մարգարտյա մանյակով աղջիկը» գեղանկարի մասին ասում է ամերիկահայ երիտասարդ տաղանդավոր նկարիչ Արա Տօնան:

2007թ. ամռանը Գլենդելի «Նոր Հայաստան» օրաթերթը տեղեկացրել էր հայազգի երիտասարդ գեղանկարիչ Արա Տօնայի «Flamingo Dancer» աշխատանքի մասին, ընդամենը նշելով, որ Արան Գլենդելի ավագ դպրոցի շրջանավարտ է, նրա նկարները վաճառվում են տասնյակ հազարավոր դոլարներով: Ըստ պարբերականների՝ «Արան ունի բոլոր տվյալները՝ դառնալու վաղվա մեծ նկարիչներից մեկը»:

«Առավոտին» հաջողվեց կապվել նկարչի՝ Արա Տօնայի (Սուքիասյան) հետ:

– Հայաստանին ձեր անունն անհայտ է: Չգտնվեց անգամ մի նկարիչ, որը լսած լիներ ձեր մասին:

– Ես երեխա էի, երբ 90-ականների սկզբներին Հայաստանից ընտանիքով մեկնեցինք եւ հաստատվեցինք Ամերիկայում: Երբեք չեմ մտածել նկարիչ դառնալու մասին: Հրաշք էր, որ High school-ում հանդիպեցի ուսուցչիս՝ Ջո Պուչըրիին, որն արդեն 25 տարի գեղանկարչություն է դասավանդում: Նա ինձ նախ կարգապահություն սովորեցրեց: Հիշում եմ, որ առաջին օրը պարոն Ջոն ինձ ասաց. «Եթե կուզես, որ ես քեզ ժամանակ հատկացնեմ, դու էլ քո ժամանակը պիտի ինձ հատկացնես»: Նշեմ, որ մինչ այդ աննկարագրելի ծույլ էի…

– Գեղանկարչության ո՞ր ուղղությունն է ձեզ հարազատ:

– Միանշանակ՝ դասականը: Բայց դա չի նշանակում, որ չեմ հետաքրքրվում մյուս ուղղություններով:

– High school-ն ավարտելուց հետո մտադրություն չունե՞ք կատարելագործել ձեր արվեստը:

– Պատրաստվում եմ մեկնել Իտալիա՝ կատարելագործվելու Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում: Վաղօրոք ուղարկել էի աշխատանքներս եւ ստացել հրավեր: Արդեն ասացի, որ ստեղծագործում եմ դասական ոճում եւ կուզեի մոտիկից ծանոթանալ Միքելանջելոյի, Լեոնարդո դա Վինչիի եւ մյուս մեծերի գլուխգործոցներին: Իտալիայում անպայման կայցելեմ Ուֆիզզի պատկերասրահը, որը Ֆրանսիայի Լուվրի թանգարանին հավասարազոր մշակութային օջախ է:

– Գլենդելում ձեր նկարները վաճառվում են տասնյակ հազարավոր դոլարներով…

– Դա ճիշտ է: Օրինակ, մի աշխատանք ունեմ՝ «Մարգարտյա մանյակով աղջիկը», որին եթե $100.000-ից մեկ ցենտ անգամ պակաս վճարեն՝ չեմ վաճառի: Արվեստագետը պիտի իր գինն իմանա: Թեեւ նկարներս գնում են նաեւ ճանաչված մարդիկ, օրինակ՝ կինոաշխարհի հայտնի դեմքեր Դոմ դը Լուիզը, Քեն Տեղկեն, Ղյու Բյուզին, Բյուղ Ղեյնոլը եւ այլք, այդուհանդերձ, ինձ համար էլ դժվար է նկար վաճառելը: Ավելի դյուրին է այն ստեղծելը:

– Հայրենիքում հայ արվեստասերը ե՞րբ կծանոթանա ձեր աշխատանքներին:

– Այս պահին էլ պատրաստ եմ ներկայանալ Հայաստանում: Ճիշտն ասած, Իտալիայում որպես նկարիչ կատարելագործվելու համար չեմ կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի, բայց խոստանում եմ՝ առաջին առիթի դեպքում այցելել հայրենիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել