Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՐՄՈՒՀԻՆ» «ՕՍԿԱՐԻՑ» ՈՒՇԱՑԱՎ

Նոյեմբեր 10,2007 00:00

\"\"Ըստ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, մեղավորը մրցանակաբաշխության կազմկոմիտեն է, իսկ Վիգեն Չալդրանյանի համոզմամբ՝ մեր նախարարությունը:

Օրերս ԵՊՀ մշակույթի կենտրոնում, երբ կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը հանդիպեց ուսանողներին, «Առավոտի» հետ զրույցում հայտնեց իր մտահոգությունը, թե իր «Քրմուհին» չի ընդգրկվել «Օսկարի» ներկայացված ֆիլմերի ցանկում: «Հոկտեմբերի 23-ին ինտերնետում հրապարակվել էր այդ ցանկը, բայց հայկական ֆիլմն այնտեղ չկար: Փաստաթղթերը պիտի ուղարկվեին ամենաուշը հոկտեմբերի 1-ին, սակայն մշակույթի նախարարությունից 12 օր ուշացումով են ուղարկվել: Գուցե հենց մեկ ֆաքսի պատճառով էլ ֆիլմս չի հայտնվել ցանկում: Մշակույթի նախարարն էլ լրացուցիչ նամակ է ուղարկել ԱՄՆ, տեսնենք ինչ կլինի»,- նեղսրտեց Վ. Չալդրանյանը:

Երեկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, ինչ ճակատագիր ունեցավ ֆիլմը: Նա հեռախոսով ասաց. «Մենք ժամանակին ուղարկել ենք բոլոր փաստաթղթերը: Բոլոր փաստերն ունենք: Թե ինչու ֆիլմը չի ընդգրկվել ցանկում՝ պատասխանել չեմ կարող: Համենայնդեպս, «Օսկարի» կազմկոմիտեից ոչ մի պաշտոնական պատասխան մենք չենք ստացել ո՛չ մերժման, ո՛չ էլ ընդունման մասին»: Փաստը մնում է փաստ, որ «Քրմուհին» այդպես էլ չընդգրկվեց «Օսկար» մրցանակին ներկայացված ֆիլմերի ցանկում: Չնայած ֆիլմն այդպես էլ չհասավ «Օսկարին», սակայն Հայաստանում մեծ տարաձայնությունների առիթ տվեց: Որոշ մասնագետներ կարծում են, որ Վ. Չալդրանյանը «Քրմուհին» ֆիլմի սցենարը գրել է շվեդ գրող Պեր Լագեր Քվիստի «Սիբիլլա» վեպի նմանությամբ։ Այս կապակցությամբ հայ կինոռեժիսորն ասաց. «1993-ին Անահիտ Աղասարյանի հետ սցենար գրեցինք նշված վեպի մոտիվներով, քանի որ շվեդական վեպը հույն կնոջ եւ բիբլիական հավերժական հրեայի մասին էր: Մեր սցենարում հույն կինը դարձավ հայուհի: 10 տարվա ընթացքում սցենարը փոփոխության ենթարկվեց եւ մոտեցավ Ագաթանգեղոսի «Պատմություն հայոց» աշխատությանը, մանավանդ որ, այդ գործը էկրանավորելու նպատակ կար,- նշեց Վ. Չալդրանյանը եւ հավելեց,- այնպես որ, Պեր Լագեր Քվիստից ոչինչ չի մնացել ֆիլմում: Միայն մի դրվագ էինք թողել, որտեղ ֆիլմի հերոս բժիշկը նկատում է, թե իրենց պատմությունը նման է շվեդական վեպին: Սակայն ամենավերջում այդ դրվագն էլ կրճատվեց»:

Քրմուհու հերոսի մասին էլ տարակարծություններ կան: Ոմանք կինոռեժիսորին մեղադրում են, որ քրմուհուն հայ է ներկայացրել ու իբր Հին Հայաստանում քրմուհիներ չեն եղել” «Միամիտ մեղադրանք էր դա, քանի որ այդ փաստն ապացուցող բազմաթիվ աղբյուրներ կան: Օրինակ՝ Ղեւոնդ Ալիշանը, Հայկազյան բառարանը, Մուրացանը, Գրիգոր Նարեկացին վկայում են, որ Հին Հայաստանում քրմուհիներ եղել են, որոնք կոչվել են քրմանուշներ։ Աշխարհագետ Ստրաբոնի վկայությամբ էլ՝ հայ քրմուհիները սպասարկում էին Անահիտ աստվածուհու մեհյանը»,- փաստեց կինոռեժիսորը:

Քրմուհիների ճակատագրերն էլ է ուսումնասիրել Վ. Չալդրանյանը. «Աշխարհի բոլոր քրմուհիների ճակատագրերը միշտ նույնն են եղել: Քանի որ նրանք Աստծո հարսնացուներն էին, քրմերի ատյանի կողմից տաբու էր դրված նրանց վրա: Այդ կանայք իրավունք չունեին աշխարհիկ, անձնական կյանքով ապրելու: Եթե դավաճանեին Աստծուն, նրանց նզովք, արտաքսում եւ մահ էր սպասվում»: Հետաքրքրվեցինք, թե որտեղի՞ց է կինոռեժիսորը ենթադրել, որ Ագաթանգեղոսը, ինչպես ինքը պնդում է ֆիլմում, պիտի լիներ քրմուհու որդի: «Միշտ չէ, որ պատմությունը իսպառ պատասխանում է բոլոր հարցերին։ Ինչո՞ւ չավերվեց Գառնին, ո՞վ էր Ագաթանգեղոսը… ֆիլմն այս հարցերի շարքում ավելացրեց իր պատասխանի տարբերակը: Մյուս կողմից էլ՝ օգտագործել ենք ոչ միայն պատմական ճշգրիտ փաստերը, այլեւ որոշ հարցականների առումով տվել ազատ մեկնաբանություններ: «Քրմուհին» փաստագրական ֆիլմ չէ, այլ գեղարվեստական: Ուստի համահեղինակ- սցենարիստներս՝ ես եւ Անահիտ Աղասարյանը, մեր գեղարվեստական երեւակայությամբ մատուցել ենք պատմության մեր տարբերակը»,- նշեց կինոռեժիսորը: Ուսանողների շրջանում էլ է քննարկվում «Քրմուհին»: Օրինակ՝ ԵՊՀ ուսանողուհի Սոսի Խանիկյանը կարծում է. «Հետաքրքիր է, որ մեկ հերոսի եւ ողջ ժողովրդի ճակատագրերը խաչվում են ֆիլմում: Պատմությունից վերցնելով մեկ դրվագ, կինոռեժիսորը ներկայացրել է պատմական մի ամբողջ դարաշրջան»: Մեկ այլ ուսանողուհու՝ Անի Սարգսյանի դիտարկումներն ավելի քննադատական են. «Ֆիլմում շատ բաներ կան, որ անհավանական են: Պատուհանների վրա ապակիներ կան: Բա հեթանոսական շրջանում ապակի կա՞ր: Հետո տպավորություն ստացա, որ Վիգեն Չալդրանյանն իրեն համեմատում է Աստծո հետ»: Այս կարծիքը զայրացրեց կինոռեժիսորին, եւ նա նշեց. «Այդ անհեթեթությունը չեմ կարող մեկնաբանել: Ֆիլմն իմ մասին չէ, այն գեղարվեստական է, որտեղ ես խաղում եմ դերերից մեկը: Իսկ դա չի նշանակում, որ ես ինձ համեմատում եմ Աստծո հետ: «Հիսուս Քրիստոս» ֆիլմում եթե դերակատարը խաղում է Հիսուսի դերը, ուրեմն իրեն Հիսուսի հե՞տ է համեմատում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել