Լրահոս
Օրվա լրահոսը

Հերունին դժգոհեց “կառավարությունից

Նոյեմբեր 10,2007 00:00

Ակադեմիկոս Հերունին պնդում է, որ պետական այրերը անտարբեր են իր նախագծերի, մեր երկրի գիտական ու մշակութային ներուժի հանդեպ:

«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը Ռադիոֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Պարիս Հերունին էր: Նա անդրադարձավ իր՝ արեւի կիսակառույց էլեկտրակայանին, որը տեղակայված է Արագածի լանջին գտնվող Բյուրական գյուղի շրջակայքում: Պ. Հերունին հիշեցրեց, որ արեւի էլեկտրակայանի շինարարությունը ընդհատվել է դեռեւս 10 տարի առաջ, որովհետեւ ավարտին հասցնելու համար պահանջվում էր $200000: Գիտնականը բողոքեց մեր կառավարությունից, ասաց, որ վերջինս այդ հարցով չի զբաղվում եւ ուշադրության չի արժանացնում իր ձեռնարկը: Ակադեմիկոսը հավաստիացրեց, որ էլեկտրակայանը մեր երկրին կապահովի անվճար էներգիայով եւ կնպաստի տնտեսության զարգացմանը. «Արեւային կայանի նախագիծը մեծ նշանակություն ունի նաեւ քաղաքական եւ ստրատեգիական առումով: Ինչ վերաբերում է ընդհատված շինարարությանը, ասեմ, որ պատճառը արտասահմանցիներն էին, որոնց միջոցով իրականացվում էր ֆինանսավորումը»: Նրա խոսքերով՝ արտասահմանցիները որոշել էին յուրացնել ֆիզիկոսի գյուտը: Ինքն էլ այդ ամենը պարզել է ու նրանց վռնդել: «Ես նույնիսկ նամակ գրեցի Անգլիայի պատենտավորման գլխավոր դատավորին: Նա հաստատեց, որ միակ հեղինակը ես եմ, բայց դրանից հետո ավարտվեց ֆինանսավորումը»,- ասաց Պ. Հերունին: Ըստ նրա, հակառակ մեր կառավարության անտարբերության, իր ստեղծած արեւային էլեկտրակայանով հետաքրքրված են ամբողջ աշխարհում. «Շատ հարուստներ Ամերիկայից, Ռուսաստանից զանգահարում, ներկայացուցիչներ են ուղարկում, ինձ առաջարկում են հսկայական գումարներ: Անգամ առաջարկել են 500 մլն դոլար, որ նույն պրոյեկտն իրենց համար անեմ, սակայն, ինչպես միշտ, մերժեցի, որովհետեւ հայ գիտնական եմ եւ նպատակս փող կուտակելը չէ: Այս պահին էլ Կալիֆոռնիայում ապրող մի քանի հայեր մտադիր են ֆինանսավորել ծրագիրս: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»:

Պ. Հերունին ասաց, որ հաճախ դիմել է հայ բարձրաստիճան պաշտոնյաների, հրավիրել կիսակառույց կայանը տեսնելու, սակայն ոչ ոք այդպես էլ չի գնացել. «Մեր գործիչները զբաղված են ինչով ասես, բացի երկրի զարգացման մասին մտածելուց»:

Դառնալով Քարահունջի աստղադիտարանին՝ ֆիզիկոսը փաստեց, որ այն գտնվում է բարձիթողի վիճակում. «Իշխանությունները մեր մշակութային արժեքները չեն գնահատում… Քարահունջի աստղադիտարանի տարածքը կարող էր դառնալ զբոսաշրջության կենտրոն, ինչի համար ես 2,5 մլն դոլար արժողությամբ ծրագիր եմ մշակել: Նամակ եմ գրել վարչապետ Սերժ Սարգսյանին: Նա նամակը մակագրել է մշակույթի նախարարությանը, վերջինս էլ այն գցել է մի կողմ: Եթե կառավարությունն ուշադրություն դարձնի, Քարահունջի աստղադիտարանը կդառնա Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ այնտեղ մինչ օրս արտասահմանցիներ են այցելում: Աստղադիտարան հասնելու համար ավտոբուսով պիտի 4 ժամ ճանապարհ գնաս: Ամենավատն այն է, որ մարդիկ եթե բնական կարիքներ ունենան, ոչ զուգարան, ոչ էլ ցայտաղբյուր չեն գտնի մոտակայքում»: Պ. Հերունին պատմեց իր հայտնագործություններից եւս մեկի՝ տիեզերքի ուսումնասիրության համար նախատեսված հատուկ անտենայի մասին: Այդ նախագիծը ֆիզիկոսը սկսել է իրականացնել շատ վաղուց՝ Ռադիոֆիզիկայի ինստիտուտի հիմնադրման ժամանակ՝ Արագածի կենտրոնում, 1975-1985 թվականներին: «Ես եղել եմ տարբեր երկրներում, տեսել գրեթե բոլոր նման անտենաները, սակայն մերը ամեն ինչով գերազանցում է մյուսներին»,- ասում է նա: Պ. Հերունու խոսքերով, մեր Ռադիոֆիզիկայի ինստիտուտն էլ աշխարհի բացառիկ գիտական կենտրոններից է. «Մենք 6 ժամանակակից ուղղություններով գերազանցում ենք համաշխարհային մակարդակը: Այսպիսի ինստիտուտ նույնիսկ ԱՄՆ-ը չունի: Մեզ մոտ սովորելու են գալիս Անգլիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Իտալիայից, Ճապոնիայից, Չինաստանից եւ այլ երկրներից: Սովետի ժամանակ այնտեղ աշխատում էր 850 հոգի, իսկ հիմա՝ 150: Նրանց միջին աշխատավարձն ընդամենը 39 հազար դրամ է, իսկ դրանով ապրելն անհնար է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել