Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՐԿՐԻՑ» ՊԱՏԻՎ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Նոյեմբեր 10,2007 00:00

Լրագրողն իրեն պատշաճ պատասխանող չի համարում

Իրենց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ակնհայտ սուտ տեղեկություններ տպագրելու համար հերքումի պահանջով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան են դիմել Մանյա Կնյազյանն ու Գոհար Գեւորգյանը: «Երկիր» շաբաթաթերթում սեպտեմբերի 14-ին տպագրվել է լրագրող Նաիրա Պողոսյանի «Դպրոցը ընտանեկան սեփականություն չէ» հոդվածը: Հոդվածագիրն անդրադարձել է Երեւանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի մանկավարժների, աշխատակազմի դժգոհություններին: Երեկ նշանակված դատական անդրանիկ նիստը հետաձգվեց: Դատական նիստի օրվա նշանակման մասին դատավոր Խաչիկ Բաղդասարյանի օգնականը հայտնեց, որ այն կտեղեկացվի լրացուցիչ ծանուցագրով:Դատարան էին ներկայացել լրագրողի գործընկերները:

Նաիրան դատարանում պատրաստ է հանդես գալ առարկություններով, մասնավորապես, ըստ նրա, ինքը ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն իրավունք ուներ տարածել տեղեկություններ, տպագրել կարծիքներ, քանի որ «Յուրաքանչյուր ոք ունի կարծիք հայտնելու իրավունք։ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն։ Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք»։

Լրագրողն օգտվելով իր սահմանադրական իրավունքից՝ տպագրել է թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի մանկավարժների կարծիքները։Վերոհիշյալ դպրոցի մանկավարժները հրապարակավ, ահազանգի են հնչեցնել դպրոցում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի եւ վիճակի մասին: «Վիճարկվող հոդվածում վերաշարադրված կարծիքների հերքելու պահանջ կարող էին ներկայացնել դրանց հեղինակները, բայց ոչ երբեք՝ երրորդ կողմը։ Մինչդեռ, կարծիքների հեղինակները որեւէ բողոք եւ դժգոհություն չեն ներկայացրել թերթին՝ իրենց կարծիքը խեղաթյուրված ներկայացնելու մասին, քանզի իրականում նրանց խոսքը ներկայացվել է առանց խեղաթյուրման, նույնությամբ»,- ասաց լրագրող Ն.Պողոսյանը։

Լրագրողի տեղեկացմամբ, մինչ հրապարակումը, ինքը փորձել է հանդիպել Մանյա Կնյազյանի հետ, սակայն վերջինս հեռախոսով տեղեկացրել է, որ «մասնակցում է հաշվապահական դասընթացների եւ չի կարող հանդիպել»։ Այսինքն, լրագրողը տեղեկատվություն ձեռք բերելիս վարվել է բարեխղճորեն:

Հոդվածը տպագրվելուց հետո հայցադիմումի հեղինակները երբեւէ չեն դիմել խմբագրություն՝ իրենց կարծիքն արտահայտելու կամ պատասխան խոսքի իրավունքից օգտվելու համար։ Մինչդեռ, ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի, եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան՝ հերքումը տարածելու եւ իր պատասխանը հրապարակելու համար»: Տվյալ դեպքում Մ. Կնյազյանի եւ Գ. Գեւորգյանի պատասխան հրապարակումով հանդես գալու իրավունքը չի խախտվել: Հետեւաբար, տարօրինակ է, որ նրանք դիմել են դատարան:

Անդրադառնալով պատշաճ պատասխանող լինելու խնդրին, լրագրողը գտնում է. «Ես լրատվական գործունեություն իրականացնող անձ չեմ եւ իմ անունից լրատվության միջոց չեմ տարածում, այլ լրագրող եմ եւ աշխատում եմ լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի մոտ: Հետեւապես՝ հերքում կամ պատասխան հրապարակելու իրավասություն, որպես այդպիսիք, ես չունեմ, հայցվորներն իրենց պահանջը պետք է ուղղեն լրատվական գործունեություն իրականացնող անձին եւ ոչ թե լրագրողին: Այս առումով, կարծում եմ, որ հայցվորներն ընտրել են ոչ պատշաճ պատասխանող»:

 Հ. Գ. Հայցադիմումի հեղինակներն իրենց ձեւակերպումներում օգտագործել են մի շարք վիրավորական արտահայտություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել